Ինչո՞ւ են պայթում ավտոմեքենաներում տեղադրված գազաբալոնները

«Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն այսօրվա ասուլիսին ասաց, որ դեռևս այս տարվա սկզբից իրար հաջորդող՝ գազալցակայաններում գազի բալոնների պայթյունների դեպքերը  պայմանավորված են նախ նրանով, որ դրանք մեքենաներում տեղադրվում են անօրինական ձևերով»:

«Դրա վերաբերյալ կա կառավարության ծավալուն որոշումը, որտեղ մանրակրկիտ ամեն ինչ գրված է՝ ինչպես պետք է անել, բայց, այնուամենայնիվ. այդ բալոնները պայթում են: Սկսենք նրանից, որ բալոններն իրենց ժամկետներն ունեն, և տեխնիկական տվյալներով նախատեսվում է, թե քանի անգամ կարելի է այդ բալոնը լիցքավորել: Ամեն լիցքավորումը և հետագա դատարկումը մի պրոցես է, որի ժամանակ ճնշում են տալիս, հետո ճնշումն իջնում է: Որպես կանոն պայթում են մետաղյա բալոնները: Մետաղապլաստե բալոնը չի պայթում. եթե վթարից հետո կրակը դիպչում է մետաղապլաստե բալոնին, այն ոչ թե պայթում է, այլ ճաքեր են առաջանում ու գազն սկսում է միջից դուրս գալ: Մետաղապլաստե բալոնները կարելի է 50 հազար անգամ լիցքավորել, դա մոտ 50 տարի կարելի է օգտագործել»,- ասաց նա:

Նա նշեց, որ գազաբալոնների մաշվածությունը չի ստուգվում, դրա համար էլ ունենք այն, ինչ ունենք. «Վերահսկողություն չկա: Մետաղյա բալոնների հաստությունը պետք է ստուգել, որովհետև, երբ պայթածն ստուգում են, պարզվում է, որ 5 մմ հաստություն ունեն, ինչն անթուլատրելի է: Տրանսպորտի նախարարությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել, որ բալոններն ստուգվեն: Լավ, պետությունը չի մտածում ձեր մասին, վարորդներ, ինքնուրույն գնացեք ստուգեք ձեր բալոնները, եթե դրանք մետաղյա են: Տեխզննում իրականացնողը պետք է փաստաթուղթը նայի՝ ստուգվա՞ծ է բալոնը, թե՞ ոչ»:

ՀՀ ՏԿԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանն ասաց, որ այս տարի իրոք գազալցակայաններում տեղի ունեցած գազաբալոնների պայթյունների որոշակի աճ կա, բայց կոնկրետ ավտոմեքենաների գազի բալոնների հետ կապված իրենց նախարարույունը ոչ մի գործառույթ չի իրականացնում.

Կարդացեք նաև

«Մենք գործառույթ իրականցնում ենք գազալցակայաններում՝ հրդեհային և տեխնիկական անվտանգության բնագավառներում: Իսկ ինչ վերաբերում է գազի բալոնների պայթյուններին, այո, դրանց պատճառն առաջին հերթին գազի բալոնների մաշվածությունն է, չնախատեսված գազաբալոնների օգտագործումը, այսինքն՝ այնպիսի բալոններ են օգտագործում, որոնք նախատեսված չեն տվյալ գազով լիցքավորելու համար, մասնավորապես թթվածնի, ազոտի , ամոնիակի համար նախատեսված բալոններ են: Դրանք ժամանակին փորձաքննություն չեն անցնում:

Ավելին՝ արձանագրված դեպքերի մեծ մասի հետաքննության ժամանակ պարզվել է, որ դրանք նույնիսկ համապատասխան մասնագիտական հիմնարկներում չեն տեղադրված, այսինքն՝ շատ հաճախ վարորդներն իրենք են տեղադրում և այդ մեքենան դառնում է դանդաղ գործողության ռումբ, որը վաղ թե ուշ պետք է պայթի: Գազալցակայաններում բալոնների պայթելու հետ կապված հիմնական խնդիրը կապված է գազի ճնշման հետ, որին նաև գումարվում է բալոնների մաշվածությունը»:

Իսկ «Ռեսո» ապահովագրական ընկերության փոխտնօրեն Հակոբ Հակոբյանը նշեց, որ մայիս ամսին տեղի ունեցած 5 գազաբալոնի պայթյունների դեպքերով ստեղծել են աշխատանքային խումբ և ուսումնասիրություններ կատարել և՛ վարորդների, և՛ գազալցակայանների շրջանում. «Նպատակն էր պարզել՝ մինչ կանխարգելիչ պրոցեդուրաները ինչպե՞ս լուծում տալ այս հարցին: 2000 հարցված վարորդներից 95 տոկոսը պնդում էր, որ վախի զգացողություն ունի գազի բալոնների հետո կապված: Իսկ երբ հարցնում էինք, թե պատրա՞ստ են վճարել ապահովագրության համար, նրանք պատասխանում էին՝ եթե դա մատչելի լինի: Կարողացանք ստանալ մի պրոդուկտ, որի համար քաղաքացին վճարելով տարեկան 3-5 հազար դրամ (կապված ավտոմեքնեայի շուկայական արժեքի հետ), կարող է ապահովված լինել. պայթյունի դեպքում ապահովագրական ընկերությունը վճարում է ամբողջ մեքենայի շուկայական արժեքը: Ցանկացած ապահովագրություն ռիսկեր պարունակում է: Եթե պրոդուկտը շատ գնվի, ապա ապահովագրական ընկերության ռիսկերը կնվազեն»:

 

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս