Եթե շարունակեն՝ վատ կլինի. այնքան ենք խոցելու, մինչև… «ՀԺ»
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունում երեկ հատուկ ասուլիս էր հրավիրվել, որի ժամանակ լրագրողներին ցուցադրեցին Ադրբեջանի զինված ուժերի նկատմամբ իրականացրած պատժիչ գործողությունների տեսանյութ՝ հայկական անօդաչու սարքերի օգնությամբ հակառակորդի կենդանի ուժին եւ ենթակառույցներին հասցված վնասների մասին:
Տեսանյութում երեւում էր, թե ինչպես են խոցվում հակառակորդի ենթակառույցները, մեքենաները, նաեւ զինվորները, որոնք փորձում էին փախչել տվյալ տարածքից: Ավելի դաժան կադրերը, պարզվեց, լրագրողների համար ցուցադրվող տեսանյութից հանվել էին, թեեւ ցուցադրվող կադրերն էլ պակաս դաժան չէին: Գործողությունն իրականացվել էր սեպտեմբերի 27-ին, առաջին անգամ հայկական կողմը հակառակորդին խոցել էր այդպիսի խորությամբ՝ սահմանից 2-2.5 կիլոմետր՝ Հորադիզի ուղղությամբ: Հատուկ ձեւաչափով հրավիրված ասուլիսը, սակայն, որի ընթացքում պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը պատասխանեց լրագրողների մի շարք հարցերի, հրապարակման ենթակա չէ: Նշենք ընդամենը, որ հայկական կողմը շարունակելու է իր պատժիչ գործողությունները այնքան, մինչեւ Ադրբեջանը հասկանա, որ չափն անցել է, ճիշտը բանակցելն է: Բայց պատերազմ մենք չենք հրահրի, որոշակի վստահություն կա, որ Ադրբեջանն էլ չի կարող լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսել, քանի որ պատրաստ չէ դրան:
Մեր տեղեկություններով, հայկական զինուժը պատժիչ գործողությունների շրջանակներում դեռ տեղ է թողնում, որպեսզի հակառակորդը հասկանա, որ խոցելի է: Եթե ադրբեջանական կողմը կիրառում է 122 միլիմետրանոց հաուբից, մենք դեռ 82 միլիմետրանոցով ենք պատասխանում: Հրթիռակոծման անցնելու դեպքում հարվածը, թերեւս հասկանալի է՝ ինչպիսին կլինի: Բանն այն է, որ ադրբեջանական զորամասերը տեղակայված են հիմնականում բնակավայրերում, ու եթե մենք անցնենք իսկապես համարժեք պատասխանի, նրանք զոհեր են ունենալու նաեւ խաղաղ բնակչության շրջանում:
Մեր տեղեկություններով, ՀՀ պաշտպանության նախարարությունը այստեղ գործող դեսպաններին արդեն զգուշացրել է, որ Ադրբեջանի վարած սադրիչ ու անհեռատես գործողություններին մեր կողմից պատասխան գործողությունների արդյունքում զոհեր են լինելու նաեւ նրանց խաղաղ բնակիչների շրջանում: Տեղեկություններ կան, որ երեկ լրագրողներին ցուցադրված կադրերին ծանոթ են նաեւ դեսպանները: Հայկական զինված ուժերում հստակ որոշում կա, որ մասնավորապես Տավուշի մարզում հակառակորդի կողմից խաղաղ բնակչության վրա կրակ բացելու դեպքում «օդ է հանվելու» հակառակորդի համապատասխան հենակետը: Վերջին դեպքից հետո նման բան արվել է:
Ի դեպ, Տավուշում հակառակորդի գործողությունները պայմանավորվում են նրանով, որ Արցախի կողմից չեն կարողանում մեզ պատասխանել եւ ամբողջ ուժը տեղափոխում են հյուսիս, արդյունքում Արցախից նորից ջարդվում են: Հայկական զինուժը որոշել է առանց երրորդ երկրների միջամտության հակառակորդին ստիպել՝ ենթարկվել խաղի կանոններին: Վերջին օրերին իրականացրած պատժիչ գործողությունների շրջանակներում էլ հակառակորդին 6 անգամ ավելի վնաս է հասցրել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: