Ճշմարիտյանը խորհուրդ տվեց կասկածի տակ չդնել «Դելոյթ և Տուշ ԱՊՀ» ընկերության եզրակացությունը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հստակ տեղյակ չէ ամսական մինչև 250 կիլովատտ էլեկտրաէներգիա օգտագործող բնակչության և փոքր բիզնեսի համար հատկացվող փոխհատուցման մանրամասներից: Կառավարության նիստից հետո լրագրողների հարցին, թե արդյոք ամսական 260 կիլովատտ սպառման դեպքում փոխհատուցում տրվելու է 250-ի համար, իսկ 10 կվտ-ի դիմաց ամբողջությամբ սպառո՞ղն է վճարելու, թե՞ նման դեպքում ընդհանրապես սուբսիդիա չի հատկացվելու, Ճշմարիտյանը պատասխանեց, թե այդչափ խորը մանրամասներին չի տիրապետում, բայց այդպես է հասկացվում:
Ի դեպ, նա նշեց, որ իր ընտանիքն ամսական սպառում է 250 կվտ-ից ավելի էլեկտրաէներգիա և փոխհատուցում չի ստանալու:
«Ես ընդհանրապես փոխհատուցումների, սուբսիդիաների էդքան կողմ չեմ»,- ասաց նա:
Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ կողմ քվեարկեց որոշմանը, Կ.Ճշմարիտյանը պատասխանեց, որ խնդիրը սոցիալական է, հատկապես ՓՄՁ-ներն են մտնում դրա մեջ: Նա անտեսեց դիտարկումը, որ սակագնի արդարացի լինելն ավելի կարևոր է, քան սուբսիդավորումը, փոխարենը՝ խորհուրդ տվեց կասկածի տակ չդնել «Դելոյթ և Տուշ ԱՊՀ» ընկերության եզրակացությունը, քանի որ ընկերությունն աշխարհում 4 լավագույններից մեկն է, որ շատ մասնագիտական է մոտենում հարցին:
«Մարքսի կրեդոներից մեկը՝ կասկածել ամեն ինչին, այստեղ տեղին չէ»,- նկատեց նախարարը:
Հիշեցնենք, որ ՀԷՑ-ի գնորդ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել իր անձնական միջոցների հաշվին մինչև 2016թ. օգոստոսի 1-ը Կառավարության հետ հավասար հիմունքներով փոխհատուցել սակագների տարբերությունն ամսական մինչև 250 կիլովատտ էլեկտրաէներգիա օգտագործող բնակչության և փոքր բիզնեսի համար: ՀՀ 766 հազար 889 բաժանորդներից, միջին հաշվով, 250 կիլովատտ ամսական օգտագործում է 604 հազարը կամ բնակչության շուրջ 79 տոկոսը:
Մանրամասները՝ տեսանյութում