«Հայկական կողմն իր ուղերձը հղեց միջազգային հանրությանը»
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանում Սերժ Սարգսյանի ելույթի արդյունք կամ հետևանք կարող է լինել՝ միայն ու միայն հետագա հետևողական աշխատանքի շնորհիվ: Նման կարծիք 168.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը՝ խոսելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի և դրա հնարավոր հետևանքների մասին:
Ըստ նրա՝ ելույթը շատ ճիշտ կառուցվածք ուներ, ամենասկզբից անդրադարձ կատարվեց ընդհանուր մարդկության բոլոր հիմնական խնդիրներին, ապա Ս.Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված, բարձրաձայնեց ԼՂ խնդրի հետ կապված այսօրվա իրավիճակը. «Այստեղ ամենակարևորն այն էր, որ հայկական կողմն իր ուղերձը հղեց միջազգային հանրությանը՝ ասելով, որ, եթե այսօրվա դրությամբ որևէ քայլ չձեռնարկեն, ապա հայկական կողմը ստիպված է լինելու ինքնուրույն, օգտագործելով իրավական և ռազմաքաղաքական բոլոր միջոցները, ապահովել ՀՀ և ԼՂՀ բնակչության անվտանգությունն ու սահմանների անձեռնմխելիությունը՝ որպես հիմք ապագա զարգացումների համար:
Սա, կարծում եմ, բոլորի, հատկապես՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների համար պետք է ընկալելի լինի, որ իրենք այսօրվա դրությամբ ունեն դերակատարում անելու, իսկ ՀՀ-ն երբեք չի վախենալու պատերազմից և միշտ կարողանալու է առաջին գծում դաս տալ թշնամուն՝ ապահովելով ամեն կերպ իր բնակչության անվտանգությունն ու երաշխավորելով ԼՂՀ անվտանգությունը: Նաև հաջորդ խնդիրների մեջ բերվեց շատ ճիշտ կետ, որ ներկայացնում էր աշխարհին, որ հայկական կողմը գնահատում է խաղաղ բանակցությունների երևույթը՝ որպես արժեք, օրինակ բերելով Իրան-Արևմուտք բարդ առճակատման հանգուցալուծման առաջին փուլը, որ եղավ բանակցությունների միջոցով:
Նաև նշվեց ՀՀ շրջափակման խնդրի մասին, որ պետք է լինի ապաշրջափակում, շատ ճիշտ շեշտադրումներ արվեց ՀՀ ընկալումների համար՝ Միջին Արևելքում տեղի ունեցած երևույթների հետ կապված, որովհետև շատ ժամանակ աշխարհում փորձում են ՀՀ-ին մեղադրել իր տարբեր քվեարկությունների համար: Նաև Սիրիայի մասով, երբ նշվեց, որ այնտեղ մենք ունենք համայնք, և ՀՀ-ն միշտ ունենալու է իր սեփական շահերը՝ իր համայնքի անվտանգության մասին մտահոգվելով:
Դրա հետ միասին՝ նշելով, որ ՀՀ-ն այսօրվա դրությամբ, առանց որևէ բարձրաձայնումների, կատարել է այն ֆունկցիան, որ ընդունել է փախստականների, և այսօր Գերմանիայից ու Շվեդիայից հետո եվրոպական երրորդ երկիրն է, որ քանակով ամենաշատ փախստականների է ընդունել: Եվ կարելի է նշում ընկալել, որ ՀՀ-ն միշտ իրեն պատկերացնում է եվրոպական ընտանիքի անդամ և այնտեղ է համեմատվում իր այսօրվա կատարած գործերով»:
Թ.Պողոսյանի կարծիքով՝ այս իմաստով բոլոր հայկական մարտահրավերները, շահերը ներկայացվել են, խնդիրը մնում է, թե դրանից հետո ինչպես անենք, որ բոլոր այս պատկերացումները ճիշտ ընկալում ունենան աշխարհի բոլոր կողմերում: Նրա խոսքով՝ այստեղ պետք է աշխատի ՀՀ դիվանագիտությունը, նաև՝ խորհրդարանական, քաղաքացիական հասարակության ինստիտուտները, ինչպես նաև՝ մամուլը. «Կկարողանա՞նք տեղ հասցնել, կկարողանա՞նք այնպես անել, որ այս ընկալումները ճիշտ լինեն ներկայացված, ուրեմն նաև անպայման կունենանք և´ հետևանքներ, և´ արդյունքներ: Չե՞նք անի, ուրեմն մենք մեզ պետք է մեղադրենք մեր անգործության մեջ»: