Բաժիններ՝

«Աչքի հուլունքը» սնահավատությո՞ւն է

– Իմ երեխան երեք ամսական է, մկրտված է: Գիտեմ, որ աչքի հուլունքը սնահավատություն է, սակայն սկեսուրս ինձ համոզում է այն ամրացնել երեխայի հագուստին: Հիմա ես հայտնվել եմ անհնազանդ հարսի կարգավիճակում: Եթե աչքի հուլունքն ամրացնեմ երեխայի հագուստին, պարզապես որպես զարդ և դրան բոլորովին կարևորություն չտամ, արդյո՞ք դա մեղք կհամարվի:

– Աչքի հուլունքը, սնահավատությունից բացի, մահմեդականներին բնորոշ առարկա է, այսպես ասած` չար աչքից պահպանելու համար: Թուրքիայում ամենուրեք`  հագուստի և անգամ շենքերի վրա փակցված են ամենատարբեր` անգամ շատ մեծ չափերի աչքի հուլունքներ: Բայց դա բնորոշ է մահմեդականներին միայն: Մեզ` քրիստոնյաներիս վայել չէ առարկաների վրա հույս դնելը: Աչքի ուլունքի վրա հույս դնելը առարկայապաշտություն է և հեռացնում է քրիստոնեությունից: Նրա աչքն է չար, ով չարամտորեն է տրամադրված մարդկանց նկատմամբ:

Աչքի ուլունքով չար աչքից պաշտպանվողը՝ ինքն արդեն չարամտորեն է տրամադրված ենթադրյալ այսպես կոչված աչք տվողի նկատմամբ: Այդ դեպքում ո՞վ է չար՝ ենթադրյալ աչքով տվո՞ղը, թե՞ իրական մարդը, ով չար աչքից է պաշտպանվում: Սա վատ հոգեվիճակ է, որի դրդմամբ մարդիկ երբեմն դաժան, չներող և ոխակալ են լինում: Միայն թվում է, թե նրանք պահպանության մեջ են, սակայն նման են չարագործի, ում դեռ ոչ ոք նեղություն չի տվել: Խոսեք Ձեր ամուսնու հետ: Նրան ավելի հեշտ կլինի խոսել իր մայրիկի հետ և համոզել, որ Ձեզ՝ երեխայի ծնողներիդ, հաճելի չէ այդ մուսուլմանական՝ թուրքական, թալիսմանը: Իսկ եթե անդրդվելի մնա, ասացեք, որ ավելի լավ է փոխարենը մկրտության խաչը կախել: Թեև երևույթը նույնը կմնա, սակայն Ձեր խիղճը հանգիստ կլինի:

Օրհնությամբ` Տ. Սմբատ քահանա Սարգսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս