Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը համարում ենք հիմնավորված. Deloitte & Touche
«Դելոյթ և Տուշ ԱՊՀ» ՓԲԸ-ն ներկայացրել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ կնքված կնքված «Պետության կարիքների համար էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցման» պայմանագրի 1-ին փուլի հաշվետվությունը։ Այն պետք է պատասխաներ հետևյալ հիմնական հարցին՝ որքանո՞վ էր հիմնավորված ՀԾԿՀ-ի կողմից էլէներգիայի սակագնի բարձրացումը և ունե՞ր արդյոք հանձնաժողովը այլընտրանք։
Ինչպես նշվում է հաշվետվության մեջ՝ «Դելոյթ և Տուշ ԱՊՀ»-ն, ըստ էության, արդարացրել է ՀԾԿՀ-ի այդ որոշումը։
«Մենք վերլուծեցինք Հայաստանում ստեղծված իրավիճակը, երբ երկրի միակ էներգամատակարարը հայտնվել էր դեֆոլտի եզրին, ինչը հիմնականում պայմանավորված էր համակարգի Оպերատորի կանխատեսումների և հզորությունների բեռնավորման անհամապատախանությամբ: Ընկերությունում ֆինանսական միջոցների պակասորդն իրենց վրա արդեն զգացել էին էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները, ինչը կարճաժամկետ հեռանկարում կառաջացներ սպառնալիք երկրի ողջ էներգահամակարգի կայունության համար: Այս պայմաններում, սակագնի բարձրացման վերաբերյալ կարգավորող մարմնի որոշումը՝ ուղղված ոլորտում իրադրության կայունացմանը և սպառողների հուսալի էներգամատակարարման պահպանմանը, մեր տեսանկյունից համարվում է հիմնավորված»,- նշվում է հաշվետվության մեջ:
Ըստ «Դելոյթ և Տուշ ԱՊՀ»-ի՝ եթե կարգավորողը փոխհատուցեր ՀԷՑ- ի կրած գնման լրացուցիչ ծախսերի միայն մեկ երրորդ մասը (այդ պահին գործող մեթոդաբանության համաձայն), դա թույլ կտար սակագինը պահել 33,9 դրամ/կՎտժ մակարդակում (8%-ով պակաս հաստատված մակարդակի համեմատ): Սակայն նման որոշումը Հայաստանի էներգահամակարգը կկանգնեցներ ֆինանսական ճգնաժամի եզրին: 2015թ. կեսին ՀԷՑ-ի ժամկետանց պարտավորությունը արտադրողների նկատմամբ կազմում էր 23 մլրդ դրամ (համակարգի անհրաժեշտ համախառն հասույթի 10%): Մեծածավալ վարկերի առկայության պայմանում (Պարտք/EBITDA = 8` նորմատիվային 4-ի դիմաց), 2015թ. վերջին Ընկերությունը ստիպված կլիներ դեֆոլտ հայտարարել: Սրան անխուսափելիորեն կհաջորդեր արտադրողների ֆինանսական ճգնաժամը, որոնք կկարողանային ՀԷՑ- ից ստանալ պարտքերը լավագույն դեպքում մի քանի տարի անց: