ԼՂ կոնֆլիկտի և Ադրբեջանի ագրեսիայի նկատմամբ Մինսկի խումբը, ցավոք, վերացական դիրքորոշում ունի. ՌԴ քաղաքագետ. tert.am
Ժամանակակից քաղաքականության հատկանշական գծերից մեկն այն է, որ Լեռնային Ղարաբաղի և նաև տարբեր այլ հակամարտության նկատմամբ, միջազգային կառույցները, այդ թվում` Մինսկի խմբի համանախագահությունը, վերաբերմունք են դրսևորում փոքր-ինչ վերացական դիրքերից:
Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրման կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը` անդրադառնալով նախօրեին և վերջին քսանօրյակում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանների ուղղությամբ ադրբեջանական ռազմական գործողություններին:
«Սա ժամանակակից քաղաքականության հատկանշական գիծն է, որը ոչ միայն կիրառվում է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության նկատմամբ, այլ նաև այլ հակամարտությունների: Ցավոք սրտի, սա ոչ միայն ՀԱՊԿ-ին է վերաբերում, այլև Մինսկի համանախագահությանը»,- ասել է նա:
Սա Անդրեյ Արեշևի պատասխանն էր հարցին, թե Հայաստանը «Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպության» անդամ է, ուստի, ինչու ՀԱՊԿ-ը համարժեքորեն չի արձագանքում, հայտարարություններ ընդունում ադրբեջանական ագրեսիայի կապակցությամբ:
Այս առնչությամբ ռուսաստանցի փորձագետը նկատել է. «Կարծում եմ` հայտարարություն կլինի, /ՀԱՊԿ-ից/, բայց կարծում եմ բանը հայտարարությունները չեն, այլ ադրբեջանական հնարավոր թշնամական գործողություններն արգելափակելու հայկական զինուժի իրական հնարավորությունները»:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա Անդրեյ Արեշևը նշել է. «Մենք շատ լավ հասկանում ենք, որ այնտեղ գտնվում են պետություններ` տարբեր հետաքրքրություններով: Եվ ՀԱՊԿ-ը հարթակ է, այդ թվում նաև` ռուս-հայկական համագործակցության մշակման, ռազմատեխնիկական ու ռազմաքաղաքական ոլորտներում: Ուստի, կարծում եմ, այդ առումով կազմակերպությունն իր դերը կկատարի»:
«Ի՞նչ ասել է «կկատարի իր պարտավորությունները», արդյո՞ք սա նշանակում է, որ իր անդամ կազմակերպությանն իրական ռազմական աջակցություն կցուցաբերի» հարցին ռուսաստանցի քաղաքագետը, որոշակի դադարից հետո պատասխանեց. «Ես կարծում եմ, որ Ռուսաստանն ու Հայաստանը կապված են միմյանց հետ, այդ թվում նաև` ՀԱՊԿ շրջանակներում տարբեր պարտավորություններով ու Հայկական բանակի ու զինուժի պաշտպանողունակությունը բավարար մակարդակի հասցնելու գործում»:
Բայց, միևնույն ժամանակ Անդրեյ Արեշևն ընդգծել է, որ որքանով տեղյակ է` Հայաստանի ռազմական դոկտրինում գրված է, որ «Հայաստանի Հանրապետությունը արտաքին ագրեսիայի` հարձակման դեպքում նախևառաջ, անսում է սեփական ուժերի վրա»: Ինչը Անդրեյ Արեշևը արդարացի ու ճիշտ է համարում:
Անդրեյ Արեշևն ընդգծել է, որ առավել մտահոգիչ է այն, որ նման գործողությունների զոհ են դարձել ոչ միայն զինծառայողներ, այլև խաղաղ բնակիչներ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: