Բաժիններ՝

«Հայաստանի «Ամբոխների» իմ հերոսները մարդիկ են, որոնք չունեին ոչինչ». Տիգրան Ձիթողցյան

Արդեն երեք ամիս է, ինչ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում ցուցադրվում էր նյույորքաբնակ հայտնի նկարիչ Տիգրան Ձիթողցյանի «Հայելիներ» շարքից աշխատանքներ, որոնք նկարիչը հենց Նյու Յորքից էր բերել ցուցադրության:

Ձիթողցյանը ծնվել է Երևանում, ավարտել Երևանի Գեղարվեստի ակադեմիան, ապա կրթությունը շարունակել է Շվեյցարիայի École Cantonale d’Art du Valais-ում: Ավելի ուշ նկարիչը տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ էլ մինչ օրս ապրում է: «Հայելիները» վերջին 18 տարիների ընթացքում նկարչի առաջին ցուցադրությունն է Հայաստանում: Ցուցահանդեսի նախաձեռնող կողմը «ԳաֆԷսճեան» արվեստի կենտրոնն է, որի հրավերով նկարիչը Հայաստանում է: Օրերս ավարտվեց «Հայելիների» ցուցադրությունը «ԳաֆԷսճեանում»:

Այդ առիթով սեպտեմբերի 19-ին «ԳաֆԷսճեան» արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր ևս մեկ հանդիպում Տ. Ձիթողցյանի հետ՝ «Հայելիներ» ցուցահանդեսի փակմանն ընդառաջ: Հանդիպման շրջանակներում Տիգրանը պատմեց իր անցած ուղու և իր ստեղծած կտավների միջև առկա անմիջական կապի մասին:

dzitoxcyan (6)

Կարդացեք նաև

«Նախօրոք ներողություն եմ խնդրում, քանի որ այդքան էլ պատրաստված չեմ եկել այս հանդիպմանը: Պարզապես երկու օրվա ընթացքում որոշվեց կազմակերպել հանդիպումն այս ձևաչափով»,- իր զրույցը հանդիսատեսի հետ այսպես սկսեց Տ. Ձիթողցյանը: Նա, բեմում նստած, մեկնաբանում էր էկրանին պատկերված իր աշխատանքները և կիսվում հանդիսատեսի հետ այն բոլոր հիշողություններով ու ապրումներով, որոնք ունեցել է տվյալ նկարները ստեղծելիս: Զարմանալիորեն կանխազգուշացնող հոգեվիճակի մասին էին պատմում Տիգրանի այն կտավները, որոնք նա նկարել էր Ղարաբաղյան պատերազմից և երկրաշարժից առաջ:

dzitoxcyan (2) dzitoxcyan (4) dzitoxcyan (5)

«Չգիտես, թե ինչո՞ւ, նկարների այս շարքն ի հայտ եկավ պատերազմից առաջ՝ մթության մեջ մոլորված այս դեմքերը՝ հենց այս գույներով ու տրամադրությամբ: Իսկ երկրաշարժից առաջ ստեղծված նկարներն ասես ճաքած պատկերներ լինեն»,- մեկնաբանում էր Տիգրանը:

– Ես արագ կամփոփեմ, թե որտեղից եմ ես սկսել և ուր եմ հասել՝ որպես նկարիչ: Շատերն ինձ ճանաչում են «Հայելիներ» շարքով, սակայն ուզում եմ պատմել, թե ինչ եմ ստեղծել մինչ այս շարքը: Նկարել սկսել եմ շատ վաղ տարիքից: Այն ժամանակ ես աշխատում էի գույներով: Սկսում էի ինչ-որ կետից և շարունակում՝ առանց իմանալու, թե ինչ վերջնական արդյունքի եմ հասնելու: Խաղի պես մի բան էր ինձ համար նկարչությունը: Իմ սկզբնական շրջանի և այսօրվա նկարները միմյանցից տարբերվում են աշխատաոճով: Տարբերությունը կայանում է նրանում, որ սկզբնական շրջանում նկարը սկսելիս չէի իմանում, թե ինչպես եմ այն շարունակելու, ուր է այն բերելու… Իսկ հիմա բոլորովին հակառակն է. ես գիտեմ, թե ինչ է լինելու կտավի վրա՝ մինչև վերջին մանրուքները: Տարբեր ոճերի մեջ եմ աշխատել: Նկարչությունն ինձ հետաքրքրել է իր բոլոր ճյուղերով, ոճերով: Իմ ստեղծագործական տարբեր փուլերում ներշնչվում էի տարբեր նկարիչների կտավներից:

Տպավորիչ էր լսել Տիգրանի մեկնաբանությունն իր հայկական և շվեյցարական «Ամբոխներ» կոչվող կտավների վերաբերյալ:

cucahandes (24)

– Ես որոշեցի նկարել «Ամբոխներ» անունով մի շարք՝ հայկական և շվեյցարական: Ուզում էի ցույց տալ այդ երկու ամբոխների տարբերությունները: 90-ականներին Հայաստանի ամբոխը շատ տարբեր էր շվեյցարական ամբոխից: Գոյատևելու խնդիրը շատ հստակ կախված էր օդում: Գիտեմ, որ հիմա էլ Հայաստանում ամենալավ ժամանակները չեն, բայց մեր երկիրը շատ է փոխվել 90-ականներից: Շվեյցարիայի «Ամբոխները» նկարելիս ինձ հետաքրքիր էին միջին խավի մարդիկ, որոնք ծնվում են ապահովված, ունեն կյանքի հստակ գրաֆիկ, գիտեն, թե ե՞րբ են ամուսնանալու, թե մոտակա տարիներին ի՞նչ աշխատավարձ են ստանալու, և, ըստ այդմ, ի՞նչ գնի տուն և ավտոմեքենա են գնելու: Ինձ հետաքրքիր էր, թե ինչի՞ մասին են երազում մարդիկ, երբ նախօրոք կամ գոնե մոտավորապես գիտեն, թե ի՞նչ է իրենց կյանքում սպասվում: Իմ կտավի ապագա հերոսների մեծամասնությանը գտել եմ Ժնևի ավտոսալոնում: Ես հասկացա, որ մարդիկ ամենից շատ այնտեղ են երազում: Որսում էի երազներով լի մարդկանց հայացքները, որոնք նայում էին այդ շքեղ ավտոմեքենաներին և հասկանում, որ երբեք այդպիսի մեքենա չեն ունենա: Իսկապես դժվար պահ էր՝ շվեյցարացուն բռնացնել այդ վիճակում: Այդ մարդիկ էլ դարձան շվեյցարական իմ կտավի հերոսները:

cucahandes (16) cucahandes (21) cucahandes (18)

Նա մեկնաբանեց նույն թեմայի հայկական տարբերակը:

– Հայաստանի «Ամբոխների» իմ հերոսները մարդիկ են, որոնք չունեին ոչինչ: Նրանց ամենօրյա կենցաղային հարցերն անգամ լուծված չէին, բայց նրանք լի էին երազանքներով: Նրանք այնպիսի բաներից էին խոսում, որ օրինակ, եվրոպացին երբեք չի երազի այդ մասին՝ ապագայում ունենալ ճոխ մեքենա, կառուցել հսկայական տուն: Եվ դա՝ այն դեպքում, երբ տվյալ մարդը դեռ կանգնած է հացի խնդրի լուծման առջև: Նրանցից յուրաքանչյուրին ճանաչելը շատ հետաքրքիր հետազոտություն էր ինձ համար: Ծանոթացել եմ գրեթե բոլորի հետ: Նկարել եմ նրանց, այսպես կոչված՝ «Ֆայլա բազարում»: Նրանք այն մարդիկ էին, որոնք մեկ օրվա աշխատանքի որոնումներով գալիս էին այդտեղ և սպասում իրենց աշխատանքին: Իրենք բոլորն ուզում էին ինձ անպայման հյուրասիրել:

cucahandes (14) cucahandes (17) cucahandes (19)

Մենք գնում էինք ինչ-որ սրճարան, զրուցում: Նրանք պատմում էին իրենց պատմությունները, թե ինչպե՞ս են հայտնվել այդ վիճակում: Այդ մարդկանցից յուրաքանչյուրի ճակատագիրը շատ ցավալի էր: Եվ այդ հացի խնդիր լուծող մարդկանցից և ոչ ոք թույլ չտվեց, որ սեղանի հաշիվը ես փակեմ: Շվեյցարիայի հակառակ կողմն էր: Ես շատ կուզեի, որ այդ մարդիկ գային ցուցահանդեսին: Այս կտավում մարդիկ չունեն ոտքի տակ գետին, առաստաղը շատ ցածր է, և իմ հերոսների աճի տեղը շատ սահմանափակ է: Այն նկարված է 45 կտավի վրա: Եվ պատահական չէ, որ նրանք առանձին կտավների վրա են նկարված. կտավն ամբողջությամբ դիտելիս՝ այնպիսի տպավորություն է՝ ասես կտավի կերպարները վանդակի մեջ են: Ես ինձ զգում էի դիտողի տեսանկյունից՝ վանդակից այս կողմ:

Անցում կատարելով վերջին՝ «Հայելիներ» շարքին, Տիգրանը պատմեց, թե ինչո՞ւ է այդ կերպ անդրադարձել այս թեմային:

– Հետևելով ֆեյսբուքային, ինստագրամային իրականությանը, տեսնում էի, թե ինչպես է սկիզբ առնում սելֆիի ֆենոմենը: Ինձ հետաքրքիր էր ուղղակի հետևել մարդկանց, որոնց ես չեմ ճանաչում: Կային շատ աղջիկներ, որոնք ամեն առավոտ և ամեն երեկո սոցիալական ցանցերում տեղադրում էին իրենց սելֆիները: Ու ես զգում էի, որ այս աղջիկն արդեն գիտի իր լավագույն ռակուրսը, քանի որ բոլոր ֆոտոները նույն ռակուրսի մեջ են: Նա տիրապետում է ֆիլտրներով, ֆոտոշոփով աշխատելուն… Ինձ հետաքրքրեց սելֆիի ֆենոմենը, այսինքն՝ այն, թե ինչպիսին է մարդ ուզում, որ դիմացինն իրեն տեսնի: Ինձ համար դա դիմակային մանիպուլյացիա էր, քանի որ, երբ այդ մարդկանց հանդիպում էի կյանքում, ես նրանց գրեթե չէի ճանաչում: Եվ ինձ մոտ միտք եկավ՝ նկարել այն դիմակները, որոնց հետևում մարդիկ ապրում են: Որոշեցի պատկերել տարբեր ազգերի կանանց՝ «Հայելիներ» շարքում: Երկար մտածում էի, թե ո՞ւմ եմ նկարելու, երբ հերթը հասնի հայ կնոջ «Հայելուն»: Ես հասկացա, որ հայի «հայելին» պիտի լինի մի ծեր, գեղեցիկ տատիկ: Այն տատիկը, ով մեզ բոլորիս հարազատ է, որին նայելով՝ մենք կհիշենք մեր տատիկներին:

cucahandes (8) cucahandes (5) cucahandes (2) cucahandes (3)

Մեր հարցին, թե ինչո՞ւ է հայ կինը ծածկել իր դեմքը, Տիգրան Ձիթողցյանը պատասխանեց.

– Հայաստանն ունի երկար և ծանր պատմություն: Եվ այդ ամբողջ պատմությունը հենց այդ կնոջ ձեռքերի մեջ է: Հայաստանն այսօր չի գրավում այն տեղը, որը կուզենար գրավել: Այն համեմատաբար աղքատ և ոչ ամենալավ դիրքում գտնվող երկիր է, բայց այն մերն է, հարազատ է: Այդ ջերմությունը կա հենց տատիկի ձեռքերում, ով այսօր փոքր-ինչ ամաչում է իր դեմքը ցուցադրելուց: Ես փորձում եմ ապրել ներկայով և հույս ունեմ, որ մյուս հայելին կլինի ավելի երիտասարդ կին, ում դեմքը բաց կլինի»:

Մեր հարցին, կունենա՞ր ինքն արդյոք այն ճանաչելիությունը, որն ունի այսօր, եթե ապրեր և ստեղծագործեր Հայաստանում, Տիգրանը պատասխանեց. «Բնական է, որ Հայաստանում ավելի դժվար կլիներ ճանաչում ձեռք բերելը: Կարծում եմ՝ ես ինքս նույն մարդը չէի լինի: Ես արտացոլում եմ իմ իրականությունը, իմ ապրումները: Հայաստանի իմ ապրումները կլինեին բոլորովին այլ»:

Հանդիպման ավարտին բոլորին իր անակնկալ այցով զարմացրեց դաշնակահար Տիգրան Համասյանը, ով ներկաներին նվիրեց իր կատարումներից մեկը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս