Բաժիններ՝

«Չէի ուզում, որ հանդիսատեսն իմ համերգին գա ազգանունիս ակնկալիքներով, որովհետև ես ու հայրս բոլորովին այլ ոճերում ենք ստեղծագործում». Արմեն Մեսչյան

Սեպտեմբերի 21-ին  LOFT  ինքնազարգացման ու ժամանցի կենտրոնում համերգային ծրագրով հանդիսատեսին ներկայացավ կարճ ժամանակով Հայաստան այցելած հեղինակ-կատարող Արմեն Մեսչյանը:  Թեև համերգի կազմակերպիչներից երաժիշտը խնդրել էր նախապես  չհրապարակել ազգանունը և լրատվամիջոցների առանձնահատուկ ուշադրություն չսևեռել իրադարձության վրա,  այնուամենայնիվ, 168.am-ը լուսաբանման բացառիկ իրավունքով  համերգից  հետո զրուցեց երաժշտի հետ: Պարզվեց՝  ժամեր անց արդեն Արմենը կվերադառնա  Նյու Յորք:

– Արմեն, լուսադեմին արդեն վերադառնում եք Միացյալ Նահանգներ, այո՞:
– Այո:

– Որքա՞ն ժամանակ անցկացրեցիք Հայաստանում:
– Երկու շաբաթ:

meschian01

Կարդացեք նաև

– Հաճա՞խ եք Հայաստանում լինում:
– Տարին մեկ անգամ: Այսօրվա համերգը բացառություն էր, որովհետև սովորաբար համերգային ծրագրով չեմ գալիս, այլ հանգստանալու նպատակով, այստեղ նույնիսկ տուն եմ գնել:

– Բայց Դուք կարծեմ այստեղ համերգ չեք ունեցել:
– Մեկը ունեցել եմ՝ 1999թ., բայց մենակ չէի:

– Ո՞ւմ հետ էիք:
– Վահան Արծրունու հետ՝ «A1+» հեռուստաընկերության հրավերով:

– Ի՞նչ զգացողություններով եք գալիս Հայաստան:
– Կարոտով:

meschian02

– Որպես զբոսաշրջի՞կ, թե՞ տեղացի:
– Չէ, ես երևանցի եմ, ու այս տարիների ընթացքում, որ ապրում եմ Նյու Յորքում, չեմ դադարել մնալ այդպիսին:

– Երբվանի՞ց եք մշտական բնակության մեկնել այնտեղ:
– 1989-ից:

– Ինչպե՞ս պատահեց Ձեր մեկնումը:
– Ընտանիքիս՝ ծնողներիս հետ, փոքր էի այդ ժամանակ:

– Երաժշտական կրթությունը Միացյալ Նահանգներո՞ւմ եք ստացել:
– Այո: Ակադեմիական մասով քիչ եմ ուսանել, ուսուցիչս դասավանդում էր Բրուքլինի համալսարանում, և երկար ժամանակ իր մոտ երաժշտության մասնավոր դասեր եմ առել: Միայն վերջերս իմացա, որ ինքը կիսով չափ հայ է, ու դա ինձ ուրախացրեց:

– Իսկ ինչո՞ւ միայն վերջերս: Գաղտնի՞ էր պահում ազգային պատկանելությունը:
– Չէի ասի՝ գաղտնի: Պարզապես երևի հանգամանքների բերումով այդպես ստացվեց, որ ուշ իմացա: Կիթառահարուհի էր, կին: Մինչև հիմա մեծ հարգանք ունեմ իր հանդեպ:

– Ինչո՞վ եք զբաղվում Նահանգներում, բացի նրանից, որ նվագում եք:
– Զբաղվում եմ անշարժ գույքով, նաև ձայնային ինժեներ եմ:

meschian03

– Փաստորեն, երկրորդ մասնագիտությո՞ւն ունեք:
– Այո:

– Համերգային ծրագրերն ի՞նչ ֆորմատով եք իրականացնում այնտեղ:
– Դեռ միայն ակումբային ֆորմատով:

– Նյու Յորքի ակումբային կյանքն ի՞նչ առանձնահատկություններ ունի երաժշտի համար:
– Նյու Յորքը չդադարող փոփոխությունների քաղաք է, և ակումբներն այնտեղ բացվում են բավական հաճախ ու նույն արագությամբ էլ փակվում են, եթե չեն դիմանում մրցակցությանը, որն այնտեղ զգալի նշանակություն ունի: Հիմա այնտեղ շատ քիչ թվով ակումբներ կան: Մրցակցության արդյունքում մաղվել, մնացել են միայն ամենալավերը, և դրանցից ցանկացածում նվագելը երաժշտի համար մեծ պատիվ կարելի է համարել: Այս ֆորմատում նվագելու ցանկությունը միշտ գալիս է երաժշտից, ակումբը պարզապես սրահ է՝ միայն այդ նպատակին ծառայող:

– Ովքե՞ր են Ձեր ունկնդիրներն այնտեղ:
– Ճիշտն ասած՝ չգիտեմ: Ընկերական մեծ շրջապատ կա, ճանաչողներ, ում հայտնի են իմ երգերը, կամ ձայնասկավառակն են լսել միգուցե, գալիս են նաև կենդանի կատարումներ լսելու:

meschian04

– Տեղի հայ երաժիշտներից ո՞ւմ հետ եք համագործակցում, մենք ԱՄՆ-ում ապրող ու ստեղծագործող մեծ թվով լավ ու որակյալ երաժիշտներ ունենք:
– Համագործակցություն տեղի հայերի հետ, անշուշտ, կա, բայց ոչ համատեղ համերգների ֆորմատով, այլ ձայնային ինժեների իմ մասնակցությամբ: Աշխատել եմ Տաթևիկ Հովհաննիսյանի, Արտո Թունչբոյաջյանի, ԱՄՆ այցելած Վահան Արծրունու և էլի մի քանիսի հետ:

– Քանի՞ ձայնասկավառակ ունեք:
– Դեռ որ մեկը: Հիմա, երբ փոխվել է աշխարհը, ու պահանջները՝ նույնպես, ձայնասկավառակի գաղափարը մի տեսակ երկրորդ պլան է մղվել, դրա համար ես հիմա ավելի շատ մտածում եմ ոչ թե՝ ձայնասկավառակի, այլ երգերը նոր ձևաչափով ունկնդիրներին հասցնելու խնդրի մասին: Դեռ փնտրտուքների մեջ եմ, բայց հստակ գիտեմ, որ դա կլինի ինտերնետի միջոցով անպայման:

– Դո՞ւք եք հեղինակը Ձեր երգերի:
– Մեծամասամբ՝ այո: Համենայնդեպս, այսօրվա համերգում, բացառությամբ մի երգի, որի բառերի հեղինակը բանաստեղծ Ռազմիկ Դավոյանն էր, մնացածն ամբողջությամբ իմ հեղինակած երգերն էին:

meschian06

– Այսօր Ձեր երգացանկի ճնշող մեծամասնությունն անգլալեզու երգեր էին: Ինչո՞ւ:
– Կարծում եմ՝ միջավայրի ազդեցության արդյունքն է: Իմ կյանքն այնտեղ՝ ԱՄՆ-ում դասավորվեց, և երգերս էլ իմ զգացածն ու ապրածն է:

– Ի՞նչն է Ձեզ ոգեշնչում՝ գրելու այդ երգերը:
– Հոգու պոռթկումը՝ առաջին հերթին: Այն, ինչ ստիպում է ստեղծագործել, հիմնականում նորմայից դուրս բաներն են՝ լինի ցավ, ուրախություն, տառապանք թե երևակայություն:

– Դուք վա՞ռ երևակայություն ունեք:
– Ինչո՞ւ ոչ: Մենք երազներ ենք, չէ՞, տեսնում, մի´ մոռացեք:

– Ասում են՝ ստեղծարար մարդիկ գունավոր երազներ են տեսնում…
– Ե´վ այսպես, և´ այնպես: Մի հայտնի նկարիչ կար, չէ՞, Էլ Գրեկոն: Մի ժամանակահատված միայն սևով էր նկարում: Երևի իր կյանքում այդ տրամադրությունների էտապն էր, որ այդպիսի արտահայտություն էր գտնում նաև սեփական ստեղծագործություններում: Կարծեմ՝ ստեղծագործողների մոտ այդպես է, ինձ մոտ ևս:

meschian07

– Հայաստանում ո՞ւմ կամ ինչի՞ն եք ավելի կարոտում:
– Ծնողներիս, եղբորս, որ այստեղ են ապրում: Իմ տունն ու իմ Երևանն եմ կարոտում:

– Ինձ մեր զրույցից առաջ ասացին, որ Դուք դեմ էիք …
– Դեմ չէի, պարզապես չէի ուզում, որ հանդիսատեսը համերգին գա ազգանունիս ակնկալիքներով, որովհետև ես ու հայրս բոլորովին այլ ոճերում ենք ստեղծագործում: Պատճառը միայն այդ էր, ուղղակի չէի ցանկանա հանդիսատեսի սխալ սպասելիքների պատճառ դառնալ ու դրանք չարդարացնել:

– Ձեր ստեղծագործական կյանքն ազդեցություններ ունի՞ Արթուր Մեսչյանից:
– Միանշանակ՝ ունի, որովհետև մենք միասին աշխատել ենք, համագործակցել ենք, միասին համերգների ենք մասնակցել, ինքը՝ որպես երգիչ-կատարող, ես՝ որպես ձայնային ինժեներ:

– Պատահե՞լ է, որ Ձեր հայրը մասնագիտական խորհրդով դիմի Ձեզ:
– Պատահել է, իհա՛րկե պատահել է (ժպտում է.- Ն.Մ.):

– Հաշվի առնելով նրա պահանջկոտ ու բծախնդիր տեսակը՝ բավարարո՞ւմ են Ձեր խորհուրդները նրան, գո՞հ է մնում արդյունքից:
– Ոչ այդքան հաճախ: Մենք, իհարկե, հայր-որդի կեցվածք ունենք, և դա իմ կողմից, առաջին հերթին, հարգանքն է ու ակնածանքը նրա նկատմամբ, բայց դե, լինում են նաև դեպքեր, երբ գոհ է մնում՝ մանավանդ, եթե հարցերը տեխնիկական բնույթի են լինում, որովհետև ես ձայնային ինժեներ եմ՝ ինչպես արդեն ասացի:

– «Հայրեր և որդիներ» հավերժ խնդիրն առկա՞ է ձեր հարաբերություններում:
– Ոչ: Գլոբալ հարցերում մենք, բարեբախտաբար, գրեթե միշտ համակարծիք ենք:

– Բնավորության ի՞նչ գծեր եք ժառանգել նրանից:
– Երևի՝ բծախնդրությունը:

– Եվ հարցերին պատասխանելու Ձեր կարճ ու լակոնիկ ոճից կարող եմ ենթադրել՝ երևի նաև քչախոսությունը…
– (Ժպտում է.- Ն.Մ.) Գիտե՞ք, այսօր պարզեցի, որ ես իրենից ավելի շատ եմ խոսում: Բեմի վրա հասկացա: Ինքը նույնիսկ համերգների ժամանակ չի սիրում շատ խոսել, իսկ ես այսօր երգերի արանքներում ահագին շատ խոսեցի: Այդ կարծիքին չե՞ք:

– Չէի ասի… Իսկ երբ Հայաստան եք գալիս, ի՞նչն է, որ առաջինն է աչքի զարնում:
– Աղբյուր Սերոբի վրա գտնվող իմ տան տեսարանը:

– Ի՞նչ եք ամեն անգամ տանում այստեղից գնալուց:
– Ինձ հարազատ արժեքներ, մի բան, որ ձեռքով շոշափելի ու բառերով արտահայտելի չէ՝ զգացողություններ, որոնք ինձ հիշեցնում են, թե որտեղից եմ ես:

– Կապվա՞ծ եք Ձեր արմատներին:
– Անշուշտ:

– Հայկական կենցաղո՞վ եք ապրում Նյու Յորքում:
– Միայն: Կինս հայ է, բնականաբար, զավակներս՝ նույնպես:

– Եվ Դուք այնտեղ խոսում եք հիմնականում հայերենով…
– Եվ զավակներս էլ հայկական դպրոց են հաճախում:

– Շնորհակալ եմ Ձեզ գեղեցիկ երեկոյի ու զրույցի համար, և բարի ճանապարհ:
– Ձեզ նույնպես շնորհակալ եմ գեղեցիկ զրույցի համար: Լավ մնացեք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս