Բաժիններ՝

Մեր դեմ ելնողի, Հայաստանի սահմանները ներխուժողի գլուխը կջարդենք. դրանով է հայկական բանակն ուժեղ»

Հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածության վերաբերյալ «Ասպարեզը» զրուցել է սփյուռքահայ ազատամարտիկ Շահե Աճեմյանի հետ:

-Պարոն Աճեմյան, հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությունն ինչո՞վ կպայմանավորեք:

-1.5 տարի առաջ ԵԱՀԿ ՄԻՆՍԿ-ի համանախագահներն հայտարարեցին, որ բանակցություններն արդեն փակուղի են մտել, եւ ոչ հայերը, ոչ էլ ադրբեջանցիները որեւէ զիջման չեն գնում շ, իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ իրար հետ հանդիպումն ավելորդ է: Այդ ժամանակվանից լարվածությունն ավելի մեծացավ: Այս ամենը կրկին պատերազմի է հանգեցնելու: Չկա մի չիբան, որը չի պայթելու:

-Կա՞ լայնամասշտաբ պատերազմի վերսկսման վտանգ:

-Որքան էլ մենք չցանկանանք, ոչ մեկն էլ չգիտի, թե ինչ կլինի: Մենք Ստեփանակերտում օդանավակայան կառուցեցինք եւ դրա համար միլիոններ ծախսեցինք: Ադրբեջանը մեզ սպառնաց, որ քաղաքացիական օդանավերը կոչնչացնի: Իսկ մենք տեղի տվեցինք նրանց ասածներին: Արդյո՞ք մենք վախեցանք: Մենք չենք վախեցել. մենք ունենք այդ կարողությունը՝ Բաքվի օդանավակայանից բարձրացած օդանավին խփել: Ուղղակի, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը մեզ զսպաշապիկ հագցրեցին, որ խնդրում ենք, հայեր ջան, չբացեք այդ օդանավակայանը, դուք նոր պատերազմի պատճառ չլինեք: Մենք էլ ենթարկվեցինք: Մեր ուղղաթիռը խփեցին, կարող էինք 10-20 ադրբեջանական ուղղաթիռ խփել: Բայց էլի մեզ վերը նշված երկրները զսպաշապիկ հագցրեցին, հիմա էլ ադրբեջանցիները պաշտոնապես պատերազմի մեջ չգտնվող Հայաստանի հայկական 20 գյուղ ռմբակոծում են: Իսկ մեր ՊՆ-ն կանչում է Հայաստանում ամրագրված դեսպանատների զինվորական կցորդներին, բացատրում տեղի ունեցածը: Մինչդեռ, աշխարհը տեսնում է՝ ով ով է, ով իրենից ինչ է ներկայացնում: Մենք ճիշտ ենք, խաղաղասեր, չենք ցանկանում պատերազմ լինի, բայց որ պարտադրեն, շատ ուժեղ ենք խփելու: Եթե մենք հարվածենք, իրենք էլ չեն ապրի, այլ՝ կոչնչանան:

-Ուժերի հավասարակշռությունն այժմ նու՞յնն է, ինչ 1990-ականներին, քանի որ այժմ Ադրբեջանը մեզանից ավելի շատ ռազմական բյուջե ունի, հետեւաբար, ավելի շատ ռազմական տեխնիկա գնելու հնարավորություն:

-Հետո՞ ինչ: Մենք այնքան պատրաստ ենք, որ 4-5 օրվա մեջ ադրբեջանական բանակի տեխնիկայի 50 տոկոսը կարող ենք վառել, մոխրացնել: Մենք ունենք զենք-զինամթերք, ոգի եւ լայնամասշտաբ պատերազմի դեպքում, 3 օրվա ընթացքում իրեց բանակի 50 տոկոսից ավելին կվերանա:

-Հայաստանում էլ, Ադրբեջանում էլ սոցիալ-տնտեսական իրավիճակը լավ չէ, եւ նույն օրիգարխիան է իշխում:

-Նույն աշխարհագրական դիրքում ենք ապրում: Նույն իշխանություններն են՝ իրենց մոտ էլ, մեր մոտ էլ: Ժողովուրդն իշխանությունների կողքին կանգնած չեն: Երկուսն էլ Ղարաբաղյան հիմնախնդիրն օգտագործում են ժողովրդին հանգստացնելու համար, թե խելոք մնացեք, պատերազմ է:

-Երբ զինվորները տեսնում են, թե ինչ իշխանավորներ են իրենց կառավարում, էլ կռվելու ոգի կմնա՞:

-Զինվորը, հայը, հայրենասեր մարդն հայրենիքը չի սիրի իր իշխանությունների համար, այլ մեր պապերի եւ գալիք սերունդների համար: Ինձ պե՞տք են իշխանավորները, երբ թշնամին կարող է ներխուժել եւ իմ կնոջն, աղջկան կամ հարեւանին մորթել: Այդտեղ ի՞նչ կապ ունի իշխանություններին սիրելը կամ չսիրելը: Իշխանությունների համա՞ր ենք հայրենիքը պահում: Ո՞վ է իշխանությունը, որ ես իր համար պետք է կռվեմ կամ մեռնեմ: Ես իմ ընտանիքը, պապերիս գերեզմանը, հողս, սեփական կյանքս եւ ունեցվածքն եմ պաշտպանում: Հարցն ավելորդ է:

-Ինչպե՞ս կարող է ավելորդ լինել, երբ Հայաստանից շատերն արտագաղթում են եւ կռվելու ցանկություն էլ չունեն:

-Փախնում են, թող փախնեն: Հետո՞ ինչ: Ազգը մաղվում է: Այն հայը, ում մեջ հայկականություն կա, իր հայրենիքը չի լքի: Ով որ հայրենիքը լքում է, իր մեջ ի ծնե հայրենասիրական դաստիարակություն չկա: 50 տարեկան են, իրենց մեջ նո՞ր պետք է ներարկենք հայրենասիրություն:

-Ինչպե՞ս կգնահատեք հայ-ադրբեջանական սահմանի պաշտպանվածության մակարդակը:

-Շատ լավ: Նորից եմ ասում՝ 3 օրում ադրբեջանական բանակի կեսը կոչնչացնենք:

-Եթե սահմանն արդիականացված է, ինչու՞ են հայ-ադրբեջանական սահմանին առկա փշալարերից կախված թիթեղյա պահածոների տուփեր:

-Շատ լավ է: Հին մեթոդ է, աշխատում է: Նույնիսկ նամակ տանող, բերող աղավնիներ ունենք: Մենք կարողանում ենք այդ ձեւով, թեկուզ թիթեղներով մեր հայրենիքը պաշտպանել: Սահմանի տաբեր դիրքերում առկա վերջին տեխնոլոգիայով եւս: Այսքան տարի մեր հայրենիքը պաշտպանել ենք, եւ թշնամին չի կարողացել մեր հողերից մի թիզ վերցնել:

-Սահմանին փշալարերից կախված թիթեղյա պահածոների տուփերի առկայությունը ՀՀ իշխանություններին քննադատելու տեղիք է տալիս:

-Ովքե՞ր են խոսողները, ինչի՞ համար ես պետք է իրենց հաշվետու լինեմ: Իրենց գլուխներն են թիթեղ, որ նստել, չգիտեմ, թե ինչ են քննարկում: Ավելորդ հարց, ես նույնիսկ ավելորդ կհամարեմ պատասխանել:

-Բայց պատերազմում կռված ազատամարտիկներ էլ կան, որ դրանց վերաբերյալ խոսում են:

-Կռված մարդն այդպես չի խոսի: Ստից խոսողներ են: Այդքան լավն են, թող իրենք գնան, թիթեղների տեղը կանգնեն:

-Հայկական բանակն հզոր է:

-Հայկական բանակն այնքան հզոր է, որ եթե մեր թիվը կրկնակի լիներ, Արեւմտյան Հայաստանն էլ կազատագրեինք:

-Կան ազատամարտիկներ, նաեւ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, ովքեր ասում են, թե Բաքուն էլ կգրավեն: Ժողովրդի մեջ ոմանք կարող են մտածել, որ այդպես արտահայտվելը մեծամտություն է, քանի որ պետք է գրավել, հետո խոսել:

-Մանվելի խոսքը բառացի ինչու՞ եք հասկանում, որ մենք Բաքուն կգրավենք: Երբ դա ասում է, ես էլ կարող եմ ասել՝ Անկարան էլ կգրավենք: Երբ այդպես են արտահայտվում, դա նշանակում է՝ Բաքուն ծնկի կբերենք: Խոսքի տակ այլ ենթատեքստ է առկա. բառացի պետք չէ հասկանալ: Ես մեռնեմ, որպես ազատամարտիկ Բաքու չեմ մտնի, ի՞նչ գործ ունեմ Բաքի մեջ: Դա իմ հողը կամ տարածքը չէ: Ես իմ հայրենիքի սահմաններից դուրս մի կաթիլ արյուն չեմ թափի, ինչի՞ համար: Հայրենասեր ազատամարտիկը թշնամուն պատժելու համար իր հայրենիքի սահմաններից դուրս չի գա, այլ Բաքվին հեռվից կխփի, որ ծնկի գա, բայց դա չի նշանակում, որ պետք է Բաքու մտնի:

-Ասում են՝ 1990-ականներին նման հնարավորություն կար:

-1994-ին ադրբեջանցին ռադիոկապով մեզ ասում էր՝ եկեք, վերցրեք իմ դիրքերը, օդը կկրակեմ, կփախնեմ, ազատվեմ այստեղից, քանի որ ինձ զոռով, Բաքվի մետրոյից այստեղ են բերել: Խրամատի մեջ ցուրտ է, անձրեւ եւ խոնավ, ես չեմ ուզում այստեղ մնալ ու ձեր դեմ կռվել, Ղարաբաղը ձերն է, թող ձերը լինի: Այսօր ադրբեջանցիները 20 տարեկան զոմբիներ են աճեցրել, որոնց մենք 3 օրվա մեջ կկոտորենք:

-Ամեն դեպքում, սահմանին մեր զինվորներն են զոհվում:

-Պատերազմ է, զոհվում են: Իսրայելն էլ 50-60 տարի է, ինչ պատերազմի մեջ է գտնվում: Գրեթե ամեն ամիս, ամեն օր իսրայելցի զինվոր է զոհվում: Մենք էլ Իսրայելի նման, թշնամիներով շրջապատված երկիրր ենք եւ հա էլ զոհ ենք տալու: Դրա համար թող ամեն հայ մի տղա ավել ունենա: Հաջորդ 100-200 տարում մեր այս հիմնախնդիրը չի լուծվելու: Ազգի համար զոհվող երեխայի համար չպետք է ասես ափսոս, պետք է ասես՝ փառք: Երբ մեր ժողովուրդը դա կսովորի, նոր հայրենասեր կդառնա:

-Ամեն դեպքում, երեխա են կորցնում եւ յուրաքանչյուր ծնողի համար դա ցավոտ է:

-Հետո՞ ինչ: Թեկուզ իմ, վաղն էլ քո երեխան զոհվի, ես չեմ ափսոսի, կասեմ՝ փառք: Աստված մեզ այսպիսի ճակատագիր է տվել, ուրեմն պետք է զոհվի: Մեր հայրենիքի 4 կողմը ավանակ, բարբարոս թշնամիներ են: Նույնն էլ Իսրայելը. 2000 տարի հայրենիք չունեին, այսօր, ամեն օր էլ իսրայելցի զինվոր է զոհվում: Իբր ի՞նչ մտայնություն է, թե երեխա է զոհվում, մենք դա շատ բնական պետք է ընդունենք: Հայաստանում ապրող հայ մարդը պետք է համակերպվի նրա հետ, որ տղա ունի, վաղն իր որդին կարող է զոհվել հայրենիքի համար: Թուրքը որ թուրք է, երբ իր զավակն հայրենիքի համար զոհվում է, նա չի ափսոսում՝ այլ ասում է՝ թող հայրենիքն ապրի: Մենք ե՞րբ պետք է դա սովորենք, թուրքի չափ էլ չկանք:

-Հայրենասիրությունը կամ հերոսությունը զոհվելու մեջ չէ, այլ, զենքով կռվելու, տեխնիկան գործի դնելու, որ չզոհվես:

-Երբ ամեն անգամ մի զոհ ենք ունենում, ցորենի հասքկի պես 100 հատ հերոս ենք տալիս:

-Որ մեր իշխանություններն ասում են, թե տարածաշրջանում ամենահզոր բանակն ունենք, ի՞նչ չափանիշներով է որոշվում, որ դա այդպես է: Ռուս-վրացական պատերազմի ժամանակ պարզ դարձավ, որ Վրաստանն էլ աշխարհի ամենատարբեր երկրներից զենք է գնել: Այժմ էլ ՆԱՏՕ-ն, Իսրայելը եւ Ուկրաինան շարունակում են զինել Վրաստանին:

-Մեր բանակն ամենահզոր ասելով, հո չենք ասում, թե ԱՄՆ-ին կհաղթենք: Մենք բավարար ուժ ունենք մեր հայրենիքը պաշտպանելու համար: Մեր դեմ ելնողի, Հայաստանի սահմանները ներխուժողի գլուխը կջարդենք: Դրանով է հայկական բանակն ուժեղ:

Հարցազրույցը՝ Անահիտ Սիմոնյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս