Ադրբեջանի համագործակցությունը «Եվրանեսթի» հետ կարող է վերանայվել. Ադրբեջանի խորհրդարանի նախագահ
Եվրոպական խորհրդարանում կազմակերպվել է հերթական քաղաքական ակցիան Ադրբեջանի դեմ: Սեպտեմբերի 10-ի նիստում խախտվել են վարվելակարգի կանոնները: Ադրբեջանին զրպարտել են։ Ինչպես հայտնում է APA-ն, այս մասին այսօր Ադրբեջանի խորհրդարանի աշնանային նստաշրջանի արտահերթ լիագումար նիստում հայտարարել է Միլի մեջլիսի նախագահ Օգթայ Ասադովը:
«Ես Եվրոպական խորհրդարանի այդ բանաձևը համարում եմ կանխակալ ու կեղծ: Ավելի վաղ այդ կառույցի նիստերին մասնակցում էր 50-60 մարդ, այս անգամ դիտավորյալ հավաքվել էր ավելի քան 600 պատգամավոր: Վերջին երկու տարում Եվրոպական խորհրդարանում Ադրբեջանի դեմ կայացվել են մեծաթիվ կանխակալ փաստաթղթեր։ Մենք երկար ենք լռել, սակայն լռելն այլևս անհնար է։ Այս անգամ Եվրոպան խախտել է վարքագծի բոլոր կանոնները»,- հայտարարել է Ասադովը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի դեմ կայացրած բանաձևի հիմնական պատճառը երկրի մեկուսացումն է Եվրոպայից, Ադրբեջանի իմիջին հարվածելն ու ԼՂ հարցում Ադրբեջանին որոշակի պայմաններ պարտադրելը:
Ասադովը հավելել է, որ այսօր Միլի մեջլիսը Ադրբեջանի նախարարների կաբինետին խորհուրդ կտա վերանայել համագործակցությունը «Եվրանեսթի» հետ:
Հիշեցնենք, որ արտահերթ նիստ հրավիրելու պատճառը սեպտեմբերի 10-ին Ադրբեջանի դեմ Եվրոպական խորհրդարանի կայացրած բանաձևն է
Նշենք, որ բանաձևը կոչ է անում հասցեագրված պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր խախտում են մարդու իրավունքները։ Հակաադրբեջանական բանաձևի օգտին քվեարկել է քվեարկությանը մասնակցած 365 եվրախորհրդարանականներից 202-ը։
Բանաձևի նախագծում մատնանշվում է Ադրբեջանում բռնաճնշումների աճը, մասնավորապես կալանավորված իրավապաշտպանների ու լրագրողների նկատմամբ:
Բացի այդ՝ Եվրամիությունը պետք է կոչ անի Ադրբեջանի կառավարությանը չեղյալ հայտարարել Բաքվում ԵԱՀԿ գրասենյակը փակելու որոշումը ու պարտադրի շարունակել այդ կազմակերպության հետ աշխատանքը:
Բանաձևի 21-րդ հոդվածում կոչ է արվում ԵՄ երկրներին, ինչպես նաև Եվրամիության արտաքին քաղաքականության վարչությանը հրաժարվել դիտորդներ ուղարկել Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամանակ:a