«Հայաստանի գրավչությունը, որպես տարանցիկ երկիր, Իրանի համար աճում է». իրանագետ

168.am-ի զրուցակիցն է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

– Պարոն Ոսկանյան, ինչպես վերջերս ակնարկել էր ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ռեիսին, առաջիկայում նախատեսվում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցն Իրան, որին կհաջորդի ԻԻՀ փոխնախագահի այցը Հայաստան: Բարձրաստիճան այցերը տեղի են ունենալու Իրանի շուրջ ստեղծված նոր իրավիճակի ֆոնին, երբ ակտիվորեն քննարկվում է նաև հայ-իրանական հարաբերություններում առկա ներուժն ամբողջությամբ իրացնելու հարցը: Ինչո՞վ է, ըստ Ձեզ, կարևոր ՀՀ վարչապետի այցն Իրան:

– Վարչապետի այցն Իրան չափազանց կարևոր և արդիական է, քանի որ շատ հաճախ զանազան ԶԼՄ-ներ վերլուծական նյութեր էին հրապարակում առ այն, որ ՀՀ-ն, իբրև թե, քայլեր չի ձեռնարկում օգտվելու համար Իրանի շուրջ ստեղծված նպաստավոր իրավիճակից, բայց դրանք իրականությանը չեն համապատասխանում, քանի որ, ակնհայտ է, որ քայլեր ձեռնարկվել են, և դրանք ունեցել են նաև արդյունքներ: Խոսքը բարձրավոլտ էլեկտրագծի շինարարության շուրջ կնքված համաձայնագրի մասին է:

Հայ-իրանական տնտեսական ծրագրերը փոքր-ինչ դանդաղել էին Իրանի դեմ պատժամիջոցների պատճառով, այս ծրագրերը նորից կդրվեն շրջանառության մեջ, ինչպես նաև հեռանկարներ կնշվեն նոր ծրագրերի հետ կապված: Այդ ծրագրերը կարող են ընդգրկել բազմաթիվ ոլորտներ, սկսած՝ հաղորդակցության ուղիներից, վերջացրած՝ Հայաստանի տարանցիկ դերից: Իրանական էներգակիրները Եվրոպա տարանցելու Հայաստանի հնարավորությունները հատկապես մեծացել են, եթե հաշվի առնելու լինենք Թուրքիայում սրված ներքաղաքական իրավիճակը` փաստացի պատերազմը քրդերի դեմ, որն այդ երկրի գրավչությունն Իրանի համար, որպես տարանցիկ ուղի` Հայաստանին մրցակից տարանցիկ ուղի, զգալիորեն նվազեցնում է, եթե չասենք, որ փաստացիորեն ներկայումս դուրս է թողնում օրակարգից:

Այս տեսանկյունից մեր հաջորդ մրցակիցն Ադրբեջանն է, բայց այդ երկրի հետ ևս Իրանն ունի չլուծված խնդիրների հսկայական շարք, սակայն նախնական փուլի բանակցություններ տարբեր ուղղություններով ընթանում են: Այս ամբողջ համատեքստում մեր վարչապետի այցն Իրան շատ մեծ կարևորություն է ստանում և կարող է ունենալ չափազանց դրական արդյունքներ թե՛ գործնական առումով, և թե՛, ինչո՞ւ ոչ, հայ-իրանական քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները վերահաստատելու տեսանկյունից, և փոխադրելու այդ ամենը տնտեսական համագործակցության դաշտ:

– Այն ծրագրերը, որոնք քննարկվում են հայ-իրանական հարաբերությունների զարգացման տեսանկյունից, բավականին երկարաժամկետ ծրագրեր են: Կա՞ն արդյոք ծրագրեր, որոնց ազդեցությունը զգալի կլինի կարճաժամկետ ապագայում:

– Մեզ համար հետաքրքրություն է ներկայացնում Իրանի ներքին շուկան, և, կարծում եմ, որ ժամանակն է, որպեսզի քննարկվի այդ շուկան Հայաստանի առջև արտոնյալ պայմաններով բացելու հարցը, որովհետև իրանցիները սեփական արտադրողին խթանելու նպատակով այդ շուկան արտասահմանյան երկրների համար փակել են: Այս տեսանկյունից հաջողություններ գրացնելու հնարավորություն եմ տեսնում:

Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ ՀՀ-ն մի կողմից՝ անդամակցում է ԵՏՄ-ին, մյուս կողմից՝ Իրանի հետ ունի հիանալի հարաբերություններ և որոշակի միջնորդական առաքելություն կարող է ստանձնել՝ պայմանավորված ԵՏՄ մյուս երկրներ Իրան մուտքի և դեպի ԵՏՄ երկրներ Իրանի մուտքի պայմանների հետ, քանի որ ՀՀ-ն միակ երկիրն է ԵՏՄ-ում, որն ունի ցամաքային սահման Իրանի հետ: Կարճաժամկետ ծրագրերի առումով խոսք կարող է գնալ առևտրաշրջանառության մասին, ինչպես նաև զանազան ոլորտներում համագործակցության մասին: Դրանք նույնպես ունեն կարևոր նշանակություն Հայաստանի համար՝ ընթացիկ տնտեսական վիճակը բարելավելու տեսանկյունից:

– Տեսակետներ կան, որ պատժամիջոցներն ամենևին էլ խոչընդոտ չէին հայ-իրանական հարաբերությունների համար: Այսինքն` այսօր ևս գուցե այս հարաբերությունները չզարգանան:

– Պատժամիջոցները միանշանակորեն խոչընդոտում էին երկկողմ հարաբերությունների զարգացմանը, որովհետև Իրանի հետ կային տնտեսական բնույթի սահմանափակումներ՝ գործարքներ, փոխանցումներ իրականացնելու հարցում, և այլն, և այլն:

– Վերջերս շատ է քննարկվում` որքանո՞վ է Հայաստանն Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում անկախ, քանի որ այդ հարաբերությունները Հայաստանին կդարձնեն ավելի ինքնուրույն և ավելի պակաս կախյալ Ռուսաստանից: Ի՞նչ եք կարծում այս պնդումների մասին:

– Բնականաբար, մեր տարածաշրջանն այնպիսի զգայուն տարածաշրջան է, որտեղ կան բազմաթիվ երկրների շահեր, նախևառաջ՝ խոսքը Ռուսաստանի Դաշնության շահերի մասին է, հատկապես էներգակիրների ոլորտում ՌԴ-ն փաստացիորեն ունի մենաշնորհային կարգավիճակ, բայց դա, ես չեմ կարծում, որ կխանգարի: Անշուշտ, կարծում եմ, որ ռուսական քաղաքական վերնախավում կան տարբեր խմբավորումներ և թևեր, որոնց մի հատվածն ունի այլ տեսլական Հարավային Կովկասում Ռուսաստանի նշանակության մասին: Բայց կարծում եմ, որ կան թևեր, որոնց հետ համապատասխան բանակցային, բացատրական աշխատանքից հետո կարելի է հասնել համաձայնության: Ավելի ճիշտ է ոչ թե հակադրվելը, այլ համագործակցային հայեցակարգը, ըստ որի՝ ՀՀ-ն կարող է ստանձնել կարևոր դերակատարություն բազմիցս ժամանակին արծարծվող Մոսկվա-Երևան-Թեհրան առանցքի թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական բաղադրիչների ձևավորման գործում:

Տեսանյութեր

Լրահոս