Բաժիններ՝

Հայաստանում ինքնասպանությունների 23 % աճ կա

Ինքնասպանության կանխարգելման համաշխարհային օրվան ընդառաջ՝ այսօր ասուլիս էին հրավիրել հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, սուիցիդոլոգ Կամո Վարդանյանը և Երևանի բժշկական պետական համալսարանի դասախոս, Երևանի հոգեբանական ծառայության հոգեբան Խաչիկ Գասպարյանը:

Համաշխարհային առողջապահական կազմակերպությանը կից գործող սուիցիդների կանխարգելման միջազգային ասոցիացիայի առաջարկով 2003թ. ի վեր, ամեն տարի, սեպտեմբերի 10-ը համարվում է Ինքնասպանության կանխարգելման համաշխարհային օր: Աուտոդեստրուկտիվ և սուիցիդալ վարքի մասին հաշվետվությամբ՝ ասուլիսի բանախոսները ներկայացրեցին ինքնասպանության և ինքնասպանության փորձի վիճակագրական տվյալներ, խոսեցին ինքնասպանության դիմելու պատճառների և շարժառիթների, ինչպես նաև՝ կանխարգելմանը միտված քայլերի մասին:

Ըստ բանախոս, սուիցիդոլոգ Կամո Վարդանյանի՝ համաշխարհային փորձն ու կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սուիցիդի երևույթը չի կարող իսպառ վերանալ, սակայն միանգամայն հնարավոր է պակասեցնել դրանց քանակը:
«Մեր կատարած ուսումնասիրություները թույլ են տալիս շատ համառոտ ներկայացնել կանխարգելմանը միտված միջոցառումներն ու քայլերը, որոնց արդյունքում հնարավոր կլինի հասնել սուիցիդների քանակի նվազեցման: Առաջին հերթին՝ պետական մակարդակով անհրաժեշտ է ազգային քաղաքականության մշակում ՝ մշակութային ավանդույթներ, արժեքային համակարգեր և սոցիալական կառուցվածքներ, ինչպես նաև՝ իրականացնել պրոֆեսիոնալ մշտադիտարկումներ:

Գիտակրթական տեսակետից անհրաժեշտ է իրականացնել երևույթի ուսումնասիրում, մասնագետների պատրաստում և վերապատրաստում, մասնագիտական որակավորումների բարձրացում: Լուսավորչական տեսանկյունից անհրաժեշտ է ապահովել հասարակության իրազեկվածությունը, գործառույթի ապահովումը, դեստրուկտիվ գործունեության, վնասակար հետևանքների մասին տեղեկացվածությունը, մատչելի ուղեցույցների հրատարակումը: Առողջապահական տեսակետից անհրաժեշտ է նարկոմանների, հոգեկան հիվանդների, ալկոհոլամոլների, սուիցիդալ հակումներով անձանց հայտնաբերում, հաշվառում, բուժում և վերականգնում, աուտոդեստրուկտիվ իմունիտետի ձևավորում, շուրջօրյա հետաձգելի օգնություն: Եվ վերջին կետը՝ անձնային մակարդակով՝ մարդկանց մեջ ձևավորել սթրեսակայունություն և հանդուրժողականություն, դժվարություններ հաղթահարելու կարողություն»,- ասաց նա:

Կարդացեք նաև

Սուիցիդների դիտարկումը՝ պատճառաբանության մեխանիզմների հիման վրա, բերում է այն պարզաբանմանը, որ ինքնասպանությունը՝ որպես դեստրուկտիվ երևույթ, հայտնի է դեռևս վաղնջական ժամանակներից: Ըստ բանախոսի՝ պետք է պարզել՝ ի՞նչ հոգեվիճակում է մարդը դրսևորում սուիցիդալ վարք: Գոյություն ունեն վարքի հստակ տարանջատումներ՝ հարաբերական հանգիստ հավասարակշռված հոգիճակ, սահմանային հոգեվիճակ և ախտաբանական հոգեվիճակ.

«Արդյո՞ք սոցիալական պատճառաբանվածությունը կարող է դրդել սուիցիդի. որոշակի չափով՝ այո, որովհետև կան սուիցիդալ վարքի տեսակներ, որտեղ սոցիալական գործոնը հավասարեցված է զրոյի, այսինքն՝ սոցիալական խնդիրներ չունեցող մարդիկ են դրանք, և այս դեպքում պետք է գտնենք այլ պատճառաբանություններ, որոնք բազմաթիվ են»,- նշեց մասնագետը: Ըստ բանախոսի՝ վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում վերջին տարիներին նկատվել է ինքնասպանությունների աճ. «Առհասարակ սուիցիդն իրենից բազմապատճառ երևույթ է ներկայացնում, սակայն վերջին ինքնասպանությունների տենդենցն աշխարհում, ինչպես նաև մեր երկրում, պայմանավորված են, սուիցիդը՝ որպես պրոբլեմային, չլուծվող իրադրությունից դուրս գալու միակ ելք: Մեր երկրում այս տարվա հունվար-հունիս ամիսների վիճակագրությունն արձանագրել է ինքնասպանության և ինքնասպանության փորձերի 397 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրում է 23 % դեպքերի աճ, թեև պետք է նշել, որ աճի որոշակի միտում նկատվում է ամբողջ աշխարհում»:

Ասուլիսի մասնակից, բանախոս, Երևանի հոգեբանական ծառայության հոգեբան Խաչիկ Գասպարյանը հայտնեց, որ Հայաստանի հոգեբույժների ասոցիացիան նախաձեռնել է նոր ծրագիր, որը կոչվում է «Հակասուիցիդ» կամ «Անտիսուիցիդ», որը ռազմավարական ուսումնասիրությունների և նոր ծրագրերի կենտրոն է, որի գործունեության հիմնական շեշտը դրվելու է ինքնասպանությունների կանխարգելմանը միտված քայլերի վրա:

Բանախոսը թեմայի և հատկապես՝ կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակներում կարևոր համարեց անդրադառնալ նաև մամուլում ինքնասպանությունների դեպքերի լուսաբանման էթիկական նորմերին:

«Հաճախ մեր լուրերը սկսվում են հենց ինքնասպանությունների մասին ազդարարող նյութերով, ընդ որում՝ զարմանալիորեն այդ լուրերը հայտնվում են պաշտոնական լրահոսի կամ թերթերի հենց առաջին շապիկներին: Ես ուզում եմ հարցնել՝ ո՞րն է սրա նպատակը, կամ ինչի՞ն է միտված այս տենդենցը: Կուզենայի հատուկ շեշտել, որ զանգվածային լրատվամիջոցների որդեգրած այս քաղաքականությունը, կամա թե ակամա, կարող է խթան հանդիսանալ սպանությունների աճի համար: Ի դեպ, կցանկանայի շեշտել նաև, որ էթիկական նորմերը թույլ չեն տալիս մանրամասնորեն բացահայտելու ու նկարագրելու ինքնասպանության դեպքերը:

Դրանք էթիկայի կանոններից դուրս են: Կուզենայի ձեզ փոխանցել իմ պրակտիկայում գրանցված մի դեպք, երբ ընտանիքում տեղի ունեցած ինքնասպանության մասին տեղյակ է եղել այդ ընտանիքի մի անդամ միայն, երեխաները գիտեին, որ մահը վրա է հասել բոլորովին այլ պատճառով: Հարցը կարևոր է նրանով, որ եթե լրատվամիջոցներն իրենց հերթին՝ պահպանեն էթիկայի նորմերը, ապա դրանով անմիջականորեն կնպաստեն ինքնասպանությունների կանխարգելմանն ուղղված մեր ջանքերին»,- եզրափակեց հոգեբան Խաչիկ Գասպարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս