«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ռիսկ է Արևմուտքի և Ռուսաստանի համար»
Հարցազրույց ՌՊՀՀ տարածաշրջանի և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, սյունակագիր, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի հետ
– Տպավորություն է ստեղծվում դեռևս օրեր առաջ Լավրովի հետ հեռախոսային խոսակցությունից հետո Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն նրան ուղարկեց Ադրբեջան, իսկ մինչ դա բանակցություններ վարեց Թուրքիա ժամանած Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ, ինչից հետո Բաքվում Լավրովը քննարկեց ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը, ինչը ենթադրաբար պետք է մեղմեր իրավիճակը շփման գծում, այնինչ հակառակը տեղի ունեցավ, որից հետո Մոսկվայում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ում, ըստ ռուսական մամուլի հրապարակումների, կստիպեն որոշակի զիջումների գնալ, տարածքներ ետ վերադարձնել, և, այլն, և այլն։ Ի՞նչ են պայմանավորվել Ռուսաստանն ու Ադրբեջանը և ինչի՞ շուրջ։
– Այն, որ ՌԴ-ն Հայաստանին ստիպելու է տարածքներ վերադարձնել, արդեն 10 տարի է` լսում եմ։ Չէ՞ որ այդ կարծիքները կամ ենթադրությունները փաստերով ապացուցված չեն, այլ վարկածների ու գուշակությունների դաշտից են, փաստեր չկան այս առնչությամբ։ Այն, ինչ Լավրովն ասաց Բաքվում, հետևյալն է` ԼՂ հակամարտությունը պետք է ունենա քաղաքական կարգավորում։ Ես բացարձակապես վստահ եմ, որ ուկրաինական ճգնաժամի, սիրիական պատերազմի ֆոնին Մոսկվան չի դիմի զիջումների, քանի որ տարածքների վերադարձը զիջում է։ Մոսկվան ճնշումներ է բանեցնում Երևանի նկատմամբ ու ի՞նչ է ստանում դրա դիմաց։ Չգիտես` ինչու իմ հայ գործընկերներն այս ռացիոնալ հարցը չեն դնում։ Ինչի՞ համար պետք է Մոսկվան նման բան անի, դրա շահը որտե՞ղ է։ Ի՞նչ Մոսկվան կստանա այդ ճնշումների և տարածքների վերադարձի դիմաց։ Մենք ճնշեցինք Սարգսյանին, Սարգսյանը տարածքներ տվեց Ադրբեջանին, և ի՞նչ։ Ի դեպ, ես դժվար եմ պատկերացնում, թե ինչ կպատահի ՀՀ-ում այդ դեպքում։ Ի՞նչ է` նա ինքնասպա՞ն է, որպեսզի սահմանադրական բարեփոխումներին և Հայաստանում բողոքական տրամադրություններին ավելացնի նաև սա։ Սա կնշանակի, որ նա դուրս է գալիս քաղաքական խաղից։ Ինչ վերաբերում է Մոսկվային, ո՞րն է շահը։ Համոզեցին տալ տարածքներ Ադրբեջանին, ի՞նչ կստանա Ադրբեջանից Մոսկվան։
– Խոսակցություններ կային, որ Ռուսաստանն Ադրբեջանում նոր ռադիոլոկացիոն կայան կառուցելու համար որոշակի զիջումներ պետք է կորզի Ս.Սարգսյանից։ Գուցե այլ պայմանավորվածություններ են եղել։
– Գաբալայի ՌԼԿ-ն պատրաստ էր, մենք այնտեղից հեռացանք, որպեսզի կառուցենք նորն այդքան «բարձր գնո՞վ»։ Եվ ի՞նչ կտա այդ կայանը մեզ։ Կայան կա Արմավիրում, որը անկախ, որևէ մեկից կախում չունեցող կայան է։ Երբ կան նման խոսակցություններ, պետք է միանգամից քննարկել, թե ինչ է ստանալու Մոսկվան։ Եթե Ադրբեջանը կմիանա ՀԱՊԿ-ին, եթե Ադրբեջանը վաղը կփակի «Դարի պայմանագիրը», կվռնդի այնտեղից «British petrolium»-ին, Կասպյան ավազանը կնվիրի Սեչինին, գուցե իմաստ ունենա այս ամենի մասին խոսելը։ Ես կհասկանայի, եթե ադրբեջանցիներն ասեին, որ Ղարաբաղը վերցնում են և Կասպյանն ավազանը նվիրում Ռուսաստանին, գալիս են ռուսական ընկերությունները և գումար աշխատում, կհասկանայի ՌԴ-ի շահը, բայց դա կլիներ ցինիկ, տգեղ։ Եվ հետո, ցանկացած քաղաքականություն հիմնվում է գնի վրա, իսկ այստեղ ո՞րն է գինը։
Ինչ վերաբերում է Պուտին-Սարգսյան հանդիպմանը, իրականում Կրեմլի մամլո ծառայության տարածած հաղորդագրությունը Պուտին-Սարգսյան հանդիպման մասին հաղորդագրության դասական օրինակ էր, որից հնարավոր չէր կոնկրետ կերպով հասկանալ հանդիպմանը քննարկվելիք թեմաների բազմությունը։ Քննարկվելու են մի քանի կարևոր հարցեր։ Նախագահները կքննարկեն իրավիճակն Ադրբեջանի շուրջ, այսինքն` բացատրվելու է այդ իրավիճակը, իրականում այն պահանջում է որոշակի կոնկրետացում, հստակեցում։ Երկրորդ թեման ՀՀ-ի ներսում հնչող ելույթներին է առնչվում, քանի որ ՌԴ-ում կան որոշակի մտահոգություններ, թե Երևանում կան հակառուսական տրամադրություններ։
Քննարկումների երրորդ հատվածը վերաբերելու է եվրասիական ինտեգրացիային, քանի որ, հասկանալի է, Հայաստանը միացել է ԵՏՄ-ին, իսկ հիմա պետք է բացատրել, թե ի՞նչ օգուտներ կլինեն այդ անդամակցությունից հետո։ Այսինքն` դեկլարացիաներից պետք է անցում կատարել կոնկրետ օգուտներին։ Չորրորդը ՀՀ-ում տեղի ունեցող սահմանադրական բարեփոխումներն են, դրանք ևս կդառնան Պուտին-Սարգսյան քննարկումների առարկա, այն խոսակցությունների վերաբերյալ, որ Սերժ Սարգսյանը կփորձի հնարավոր պաշտոնի տեսքով մնալ իշխանության ղեկին, հաստատ կլինեն հարցեր։ Կլինեն հարցեր նաև այն մասին, թե` եթե ինչ-որ մեկը դուրս գա սահմանադրական բարեփոխումների դեմ, ինչպե՞ս է դրան Մոսկվան վերաբերվելու։ Վերադառնալով ղարաբաղյան թեմային` ասեմ, որ տարածքների վերադարձն ու կարգավորումը ստատուս-քվոյի խախտում է և ռիսկային է, Մոսկվան այն քաղաքը չէ, որ ռիսկի կգնա։ Չէ՞ որ հատկապես ներկայումս բարդ է երկրի դրությունը, ակնհայտ է, չէ՞։ Ուկրաինայում չկարգավորվող հակամարտությանը գումարել նաև ռազմական հակամարտությունը Ղարաբաղո՞ւմ, ապա մտածել` միջամտե՞լ, թե՞ ինչ անել։
– Այդ դեպքում այս փուլում ինչպե՞ս եք բացատրում սահմանային լարվածությունը, այն, Ձեր համոզմամբ, չունի՞ արտաքին պատվիրատու։
– Որքան հաճախ են այցերից հետո եղել նման լարվածություններ։ Բոլոր բարձրաստիճան այցերից, հանդիպումներից հետո կամ առաջ եղել են լարվածություններ։ Հիշեք 2010թ. հանդիպումը Պետերբուրգում, որից հետո տեղի ունեցան հսկայածավալ բախումներ շփման գծում, երևի թե ամենահսկայածավալը։ ՀՀ-ում կարծում են, որ Լավրովը կրակելու հրամա՞ն է տվել։ Մենք շատ ենք այսօր տարվում վարկածներով, ամենամեծ խնդիրն այն է, որ մենք դիտարկում ենք Մոսկվայի, Վաշինգտոնի դիրքորոշումները` որպես կողմերի դիրքորոշումներ, որոնք ծրագիր ունեն, չկան նման ծրագրեր, այնտեղ չկան իմաստուններ։ Կլինի՞ կրակոց-կլինի արձագանք, չի՞ լինի կրակոց` չի լինի արձագանք։
Վաշինգտոնում և Մոսկվայում ոչ ոք ծրագրեր չի կազմում մեկ-երկու տարվա համար։ Մենք դիտարկում ենք խաղացողների ծրագրերը` որպես իմաստունների, որ նստած 10-15 տարվա ծրագրեր են մտածում։ Չկան նման ծրագրեր։ Կա բյուրոկրատիա, որը ենթադրում է` կլինի՞ կրակոց` կսկսեն վազվզել և թղթեր «խաղացնել»։ Կարծում եմ, որ դեռ հիմքեր չկան կարծելու, որ ԼՂ հակամարտությունը կոչված է կարգավորվելու։ Իրավիճակի կարգավորման ցանկացած սցենար նոր ռիսկ է իրենից ներկայացնում Ռուսաստանի և Արևմուտքի համար, անիմանալի ռիսկ։ Ցանկացած բյուրոկրատ վախենում է նման ռիսկերից։ Որոշ քայլեր կնախաձեռնվեն, երբ հակամարտությունը վերահսկողությունից դուրս գա կամ անցնի բռնության նոր մակարդակի։ Բայց այսօրվա դրությամբ կա լարվածության ահագնացող աճ, սա հակամարտության նոր մակարդակ չէ։
– Մշտապես պնդում էիք, որ հակամարտությունը չի կարգավորվի, եթե կողմերը պատրաստ չլինեն զիջումների։ ՀՀ նախագահը ԵԽ նախագահի հետ հանդիպմանը հայտարարեց, որ ՀՀ-ն պատրաստ է ողջամիտ զիջումների, բայց նրա այս հայտարարությունը որևէ արձագանք չստացավ։ Սա պատրաստակամություն չէ՞։ Եթե հայկական կողմը պատրաստ է, ապա ի՞նչն է խնդիրը, որ այս ուղղությամբ չեն սկսվում քննարկումներ, և բանակցային գործընթացը մնում է փակուղում։
– Ի՞նչ ասել է` ողջամիտ զիջում։ Պետք է պարզաբանել, թե ի՞նչ կա «ողջամիտ զիջում» ձևակերպման ներքո։ Օրինակ` տարածքների վերադարձը զիջում է, բայց հայերը կասեն, որ դա ողջամիտ զիջում չէ։ Իսկ բանակցությունները փակուղում են 1994թ. սկսած, քանի որ մշտապես մեկը ցանկանում է մյուսին հաղթել։ Չեմ կարծում, որ վաղն այս իմաստով իրավիճակը բեկումնայնորեն կփոխվի։ Արտաքին խաղացողների համար Ղարաբաղը ատամնացավի նման մի բան է, որը հնարավորության դեպքում պետք է բուժել, բայց երբ գնում ես բժշկի բուժման, հաճախ ցավ ես զգում, չես ցանկանում գնալ բժշկի, նախընտրում ես ցավն ապրել, քանի որ բժիշկը ցավ կպատճառի։ ՌԴ-ն այսօր ծանրաբեռնված է չափազանց լուրջ խնդիրներով` պատժամիջոցներով, Ուկրաինական պատերազմով, որպեսզի նոր օջախներ բացի իր համար հավելյալ։
– Պարոն Մարկեդոնով, իրավիճակը սրվել է սահմանին, երբ ՀՀ-ում քննարկում են սահմանադրական բարեփոխումները, իսկ Ադրբեջանում` սպասվող ընտրությունները։ Կա կարծիք, որ սահմանային լարվածությունն ունի ներքին գործոն, կամ այս սրմամբ արտաքին ուժերն են փորձում այս երկրներում ներքաղաքական գործընթացների վրա ազդել։ Ի՞նչ եք կարծում այս պնդումների մասին։
– Չեմ կարծում, որ այդ ամենում կա կապ։ Սահմանային միջադեպերն իրենց ներքին տրամաբանությունն ունեն, նույնիսկ ճակատային, որը ոչնչից կախված չէ։ Բարեփոխումներն ու խորհրդարանական ընտրություններն այս ամենի հետ կապ չունեն։ Այո, ինչպես նշեցի` բարեփոխումների թեման կդառնա Պուտինի և Սարգսյանի քննարկման առարկան։
– Ինչպիսի՞ն է Մոսկվայի վերաբերմունքն այս հարցի նկատմամբ։ ՀՀ երկրորդ նախագահը ևս դեմ է բարեփոխումներին և առաջիկայում հարցազրույցով է ներկայանալու այս թեմայի շրջանակներում։ Որոշ փորձագետներ չեն բացառում, որ նա դառնա սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարի կենտրոնը և ստանա Մոսկվայի աջակցությունը։ Ի՞նչ եք կարծում այս մասին։
– Եթե նույնիսկ ունենա Մոսկվայի «դաբրոն», և ի՞նչ, նա կընտրվի՞։ Անկեղծ ասած` ես խիստ կասկածում եմ ընտրվելու նրա հնարավորությունների վրա։ 2008թ. իրադարձություններից հետո նրա ընտրվելու հնարավորությունները ցածր են։ Մոսկվային հետաքրքիր է, թե ինչ կուրս է որդեգրվելու Հայաստանի հին-նոր ղեկավարության կողմից, սա է առանցքային հարցը։ Մոսկվային բնորոշ է գործող իշխանություններին աջակցելը հնարավորության դեպքում, հենց այս պատճառով ևս Քոչարյանն ինչ-ինչ նոր հնարավորություններ չունի։
Սարգսյանը Հայաստանը ԵՏՄ բերեց, ի՞նչ խնդիրներ կան։ Այլ խնդիր կլինի այն, երբ Մոսկվան տարվի գործող իշխանություններին չափազանց շատ աջակցություն ցուցաբերելով, քանի որ սահմանադրական բարեփոխումները կարող են տարբեր կերպ ընկալվել հայաստանյան հասարակության տարբեր խմբերի կողմից, և այնպես չստացվի, որ հայաստանյան հասարակությունն իշխանությանը նույնացնի ՌԴ իշխանությունների հետ, իսկ ՌԴ իշխանություններն իրենց ոչ միանշանակ գործողություններով աջակցել են նման տրամադրությունների հաստատմանը։ Իսկ Քոչարյանի մասով վստահ չեմ, կարծում եմ, որ նա այլևս պատմական ֆիգուր է։
– ՄԱԿ ԳԱ-ի շրջանակներում գուցե ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահները հանդիպեն։ Ի՞նչ սպասել նույնիսկ բարձր մակարդակի հանդիպումներից այս մթնոլորտում։
– Բանակցային գործընթացի շարունակություն։ Բեկում չեմ ակնկալում, բանակցային գործընթացին հաջորդելու են նոր միջադեպերը, նոր խախտումները։ Ռիսկեր կան, բայց կարծում եմ, որ բանակցային դիրքերը վերացնելու տրամադրություններ չկան։