«Միամտություն կլինի ակնկալել, թե բացեիբաց քրիստոնեական խորհրդանշաններ կրող մարդկանց հանդեպ ավելի մեղմ վերաբերմունք կդրսևորվի». Արմեն Պետրոսյան

Հարցազրույց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ

– Մեր վերջին զրույցում նշել էիք, որ եթե Թուրքիայում սրվի ներքաղաքական իրավիճակը, ապա Իսլամական պետություն (ԻՊ) խմբավորումը կակտիվանա այնտեղ, ու կանխատեսում էիք, որ այդ առումով Թուրքիան ավելի թիրախային վիճակում է, քան Ադրբեջանը: Այդպես էլ եղավ՝ Թուրքիայում սրվեց իրավիճակը: Հիմա ի՞նչ եք կարծում` ի՞նչ հնարավոր զարգացումներ կլինեն Թուրքիայում, ԻՊն այնտեղ ի՞նչ գործունեություն կծավալի:

– Որքան էլ Թուրքիայում լարված է իրավիճակը, այնուամենայնիվ, այն վերահսկելի է իշխանությունների կողմից, և կանխատեսելի ապագայում չեն ուրվագծվում այնպիսի զարգացումներ, որոնք կարող են դուրս գալ թուրքական գործող վարչակարգի վերահսկողությունից: Այդ իսկ պատճառով՝ ԻՊ ակտիվացում Թուրքիայի տարածքում դեռ վաղ է կանխատեսել: Մինչդեռ, անշուշտ, պետք է փաստենք, որ այսօր այս հակամարտությունն ընթանում է հիմնականում ԻՊ-ի երկու պոտենցիալ հակառակորդների՝ քրդերի ու թուրքական իշխանությունների միջև: Եվ եթե անգամ ծայրահեղական կառույցը որևէ նպատակներ ունի, ապա դեռևս չի շտապի դրանք ի կատար ածել, քանի որ զարգացումները դեռ ընթացքի մեջ են, և այս հակամարտությունը ձեռնտու է իսլամականներին:

Մյուս կողմից՝ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Թուրքիան արդեն իսկ պաշտոնապես միացել է ԻՊ-ի դեմ գործող միջազգային կոալիցիային և անգամ հարվածներ է հասցնում կառույցի դիրքերին: Կարճատև հեռանկարում ավելի թեժ զարգացումներ՝ ԻՊ-Թուրքիա հնարավոր հակամարտության տեսանկյունից, չեմ կանխատեսում: Շատ բան կախված է նոյեմբերի 1-ին Թուրքիայում նախանշված ընտրությունների արդյունքներից և հատկապես հետընտրական զարգացումներից: Ներկայում թուրքական իշխանությունները որոշակի մարտավարական ծրագիր են իրականացնում՝ միտումնավոր կերպով թույլ տալով քրդական ուժերին՝ ապակայունացնել իրավիճակը երկրում, և այս իրողությունն օգտագործում են երկրի ներսում՝ ուժեղ կենտրոնական իշխանությունը ստեղծված իրավիճակում որպես միակ այլընտրանք ներկայացնելով և փորձելով դեպի իրենց կողմնորոշել թուրք ազգայնական կամ կայուն դիրքորոշում չունեցող ընտրազանգվածին, որը մինչ այս ուներ այլ նախապատվություն: Այդ իսկ պատճառով՝ ակնկալվող գործընթացներն ավելի կանխատեսելի կդառնան կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո:

– Նշեցիք, որ Թուրքիան միացել է ԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիային, բայց կարծիքներ կան, որ դա ձևական է, որովհետև Թուրքիան այլ տարբերակ չուներ՝ Արևմուտքից ճնշում էին: Այսինքն՝ ԻՊ-ն և Թուրքիան չե՞ն կարող համագործակցել քրդերի դեմ պայքարում, որովհետև ԻՊ-ն էլ խնդիր ունի քրդական ուժերի հետ:

– Բնականաբար, ԻՊ-Թուրքիա ստվերային փոխգործակցությունն առաջին հերթին՝ ուղղված էր հենց քրդերի դեմ: Այսինքն՝ Թուրքիան օգտագործում էր ոչ միայն ԻՊ-ին, այլև Սիրիայի տարածքում գործող այլ հակակառավարական, անգամ իսլամական ծայրահեղ արմատական կառույցների գործունեությունը՝ Սիրիայի հյուսիսում քրդական պետական միավորի ստեղծումը բացառելու նպատակով: Սա՝ մինչև վերջին զարգացումները: Մինչդեռ, երբ Թուրքիան սկսեց բանակցել միջազգային ռազմական կոալիցիայի գործողություններին գործնական մասնակցություն ցուցաբերելու շուրջ, բնականաբար, առաջ քաշեց սեփական նախապայմանները, որոնցից մեկն այն էր, որ կոալիցիան պարտավոր է պայքարել ոչ միայն ԻՊ-ի, Ալ-Քաիդայի և տարածաշրջանում գործող այլ ահաբեկչական տարրերի դեմ, այլև նրանց շարքում պետք է ներառի նաև Քրդստանի բանվորական կուսակցությանը: Այդ իսկ պատճառով՝ թուրքական հարվածների ծանրակշիռ մասն ուղղված էր հենց ՔԲԿ-ի դեմ, այլ ոչ՝ ԻՊ-ի: Բայց միանշանակ պետք է նշել, որ այս խաղը Թուրքիան երկար տանել չի կարող: Այսինքն՝ որոշակի առումներով նաև պարտավորվում է հարվածել ԻՊ-ին, իսկ դա ուղղակի հակամարտություն է առաջացնում կողմերի միջև, ինչն էլ թույլ է տալիս կանխատեսել, որ ԻՊ-ն արդեն սեփական ծրագրերը կնախագծի՝ Թուրքիայի հետ կապված:

– Այսինքն՝ մինչև նոյեմբերի 1-ն ակնկալվող ընտրությունները, դեռ պարզ չէ, թե ի՞նչ զարգացումներ կլինեն և ինչպե՞ս դրանք կազդեն Հայաստանի վրա:

– Նոյեմբերի 1-ը պայմանական ժամկետ է, քանի որ ընտրություններ, հետո հետընտրական գործընթացներ կլինեն: ԻՊ գործունեության հետ կապված՝ այո, դեռևս ՀՀ-ին սպառնացող ուղղակի սպառնալիք չկա: Մինչդեռ այս կառույցի անընդհատ ընդլայնումը՝ հատկապես Սիրիայի տարածքում, բնականաբար, առաջին հերթին՝ թիրախավորում է այնտեղ դեռևս գոյատևող սիրիահայ համայնքին: Մյուս կողմից՝ նոր մտահոգության պատճառ կարող է դառնալ ԻՊ-ի ակտիվացումը Հյուսիսային Կովկասում: Օրինակ, օրերս մի քանի լրատվամիջոցներ տեղեկություններ տարածեցին, թե Դաղստանում ԻՊ-ի Կովկասի վիլայեթի իսլամականները հարձակում են իրականացրել ռուսական ռազմական օբյեկտի վրա, ինչի մասին ռուսական իշխանությունները, անգամ ԶԼՄ-ները սկզբունքորեն լռում են:

– Ահաբեկչական խմբավորումը դո՞ւրս է մնում ռուսական իշխանությունների վերահսկողությունից:

– Նախորդ երկու ամիսների ընթացքում ռուսական անվտանգության ծառայությունների մի քանի հատուկ գործողությունների արդյունքում Դաղստանում իսլամականների վնասազերծման հանգամանքը ցույց է տալիս, որ նրանք, այնուամենայնիվ, աչալրջորեն հետևում են պրոցեսին: Բայց ահաբեկչությունը պայքարի այն մեթոդն է, որը կանխելը բավականին բարդ է: Այդ իսկ պատճառով դժվար է ասել՝ եթե իսլամականները, այնուամենայնիվ, ակտիվանան, ռուսական իշխանություններն ի՞նչ արդյունավետությամբ կհակազդեն:

– Սիրիայում մնացած հայերին սպառնացող վտանգի մասին ակնարկեցիք. վերջերս հրապարակումներ տարածվեցին այն մասին (թեև՝ ոչ պաշտոնական), որ ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդաղին փաստաթուղթ է ստորագրել, որը երաշխավորում է այն բոլոր քրիստոնյաների կյանքը, ովքեր ապրում են Սիրիայի Հոմս քաղաքի մերձակա բնակավայրերում: Դրա հետ միասին, համաձայն փաստաթղթի, քրիստոնյաներին արգելվում է ցուցադրել քրիստոնեական նշաններ (խաչեր, Աստվածաշունչ, կրոնական գրականություն), աղոթել, որպեսզի մուսուլմանները չլսեն, ինչպես նաև՝ կատարել կրոնական ծիսակարգեր: Սակայն այդ երաշխիքները չեն տարածվում մարդկանց ու լրտեսների վրա, ովքեր հավատարիմ չեն ԻՊ-ին: Եթե անգամ ընդունենք, որ նման փաստաթուղթ չի եղել, որո՞նք են ԻՊ պայմանները՝ ուղղված Սիրիայի քրիստոնյաներին:

– Առհասարակ, քրիստոնյաներին ի սկզբանե ընտրության սահմանափակ տարբերակներ են առաջարկվել. ընդունել իսլամ, կամ վճարել գլխահարկ, ենթարկվել ԻՊ-ի թելադրած պայմաններին և շարունակել ապրել իրենց բնակավայրում, կամ պարզապես լքել կառույցի վերահսկողության ներքո գտնվող տարածքները: Բացառիկ դեպքերում՝ մնալով ու ընդունելով գլխահարկ վճարելու տարբերակը, քրիստոնյաներն անգամ նվազագույն ռեսուրս էլ չունեն, որպեսզի ԻՊ-ի դեմ անհնազանդություն դրսևորեն: Եվ, բնականաբար, ապրելով իսլամականների վերահսկողության ներքո գտնվող տարածքներում, անգամ չեն էլ համարձակվի քրիստոնեական ատրիբուտներով փողոց դուրս գալ, և այլն: Իսլամականները ծայրահեղ անհանդուրժողականություն են ցուցաբերում ընդունված կարգին անհամապատասխան հագնված մուսուլմանների նկատմամբ՝ նրանց հանդեպ կիրառելով պատժի տարբեր տեսակներ, հետևաբար՝ միամտություն կլինի ակնկալել, թե բացեիբաց քրիստոնեական խորհրդանշաններ կրող մարդկանց հանդեպ ավելի մեղմ վերաբերմունք կդրսևորվի:

Մյուս կողմից՝ պետք է հատուկ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ ենթադրյալ փաստաթուղթն ուղղված է Հոմս քաղաքի ու շրջանի բնակչությանը, որտեղ բավական պատկառելի թիվ են կազմում քրիստոնյաները: Իսկ քանի որ ներկայում այս շրջանը հանդիսանում է ԻՊ-ի թիրախներից մեկը, ապա, իսլամականների մարտավարական առանձնահատկությունների համաձայն, ավանդաբար, որևէ բնակավայրի դեմ հարձակում իրականացնելուց առաջ անհրաժեշտ է համակիրների որոշակի զանգված ձևավորել: Հետևաբար՝ եթե նման հայտարարություն, այնուամենայնիվ, արվել է, գուցե հենց այդ նպատակով է արվել:

 

Տեսանյութեր

Լրահոս