Ինչպես ստանալ աճ
Որքան մեզ թվում է, թե տնտեսության վիճակը վատացել է, ու Հայաստանի քաղաքացիների գնողունակությունն ընկել, այնքան մեզ ավելի շատ են համոզում, որ աճում ենք: Գրեթե բոլոր առումներով:
Տարվա սկզբից գրեթե բոլոր միջազգային կառույցները կանխատեսում էին, որ 2015-ին Հայաստանի տնտեսությունն անկում կունենա, կամ լավագույն դեպքում` զրոյական աճ: Ու չնայած այս ամենին` հայրենի կառավարությունը մի վայրկյան անգամ ետ չկանգնեց իր լավատեսական տրամադրություններից, չվերանայեց բյուջեի հիմքում դրված 4.1% տնտեսական աճի ցուցանիշը` վստահեցնելով, որ տնտեսական աճ ենք գրանցելու:
Օգոստոսի 31-ին, բացելով ՀՀ կառավարության հերթական նիստը, վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել էր. «Ազգային վիճակագրական ծառայությունն այսօր հրապարակել է առաջին կիսամյակի տնտեսական աճի ցուցանիշերը: Առաջին եռամսյակում, ըստ ճշգրտված տվյալների, ունեցել ենք ՀՆԱ-ի 2,5 տոկոս, իսկ երկրորդ եռամսյակում` 5,1 տոկոս տնտեսական աճ, արդյունքում` ունենք շուրջ 4 տոկոս կիսամյակային տնտեսական աճ»:
Ահա այսպես կառավարությունը շախ և մատ արեց բոլոր չուզողներին: Զարմանում ես` ախր ինչպե՞ս: Չէ՞ որ համաշխարհային տնտեսության վիճակը լավ չէ, իսկ Ռուսաստանի տնտեսական վիճակը պարզապես սարսափելի է: Որպես հետևանք` կրճատվել են ՌԴ-ից Հայաստան ուղարկվող դրամական փոխանցումները:
Օրինակ, Կենտրոնական բանկի կողմից 2 օր առաջ հրապարակված ամենաթարմ տվյալներով` այս տարվա հունվար-հուլիսին բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից Ռուսաստանից Հայաստան փոխանցվել է շուրջ 533 միլիոն դոլար: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում փոխանցվել էր 878 միլիոն դոլար: Այսինքն` Ռուսաստանից եկող տրանսֆերտների ներհոսքը նվազել է 345 միլիոն դոլարով կամ շուրջ 40%-ով:
Տրանսֆերտների ընդհանուր ծավալը (բոլոր երկրներից) 1 մլրդ 188.5 միլիոն դոլարից հասել է 862.3 միլիոնի (նվազումը` 326.3 միլիոն դոլար): Հայաստանի նման փոքր տնտեսության համար սա լուրջ թիվ է և չէր կարող չազդել համախառն սպառման, հետևաբար նաև` տնտեսական ակտիվության և աճի վրա: Սակայն, պարզվում է, սրա պատասխանն էլ կա:
«Արտերկրից եկող տրանսֆերտների էական նվազման պարագայում հատկապես կարևորվում է գյուղատնտեսական ոլորտում արձանագրված աճը, որը լրջորեն մեղմում է արտաքին գործոններով պայմանավորված մեր քաղաքացիների գնողունակության կորուստը, ինչպես նաև մեր արտահանման բազմազանությունը: Մենք այսօր ապրանք ենք արտահանում ավելի շատ երկրներ»,- ասել էր Հովիկ Աբրահամյանը:
Ստացվում է` ամեն ինչ շատ վատ կլիներ, սակայն մեզ փրկեց գյուղատնտեսությունը:
Անկեղծ ասած, դեռ տարվա առաջին ամիսներին երևում էր, որ վերջում աճն ապահովվելու է գյուղատնտեսության հաշվին: Ոլորտն առաջանցիկ աճ էր գրանցում մյուս ոլորտների նկատմամբ: Մեր նախորդ հրապարակումներից մեկում նշել էինք, որ գյուղատնտեսության ոլորտում թիվ նկարելը համեմատաբար ավելի հեշտ է: Չենք կարող ասել` ներկայացված թիվն իրակա՞ն է, թե՞ նկարված, ամեն դեպքում, այս տարվա հունվար-հուլիսին գյուղատնտեսական արտադրանքի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 14.8%-ով: Գյուղոլորտի արտադրանքի ծավալը կազմել է 328.4 մլրդ դրամ` կրկնակի ավելի, քան, ասենք, շինարարության ոլորտը:
Համեմատության համար նշենք, որ մյուս ոլորտներից արդյունաբերությունն ունեցել է 0.4% աճ, ծառայությունների ծավալը` 2.4% աճ, արդյունաբերությունը` 4.1% աճ: Իսկ ներքին առևտրաշրջանառության ծավալը կրճատվել է 4.7%-ով:
Առևտրի մասին խոսելիս անդրադառնանք նաև արտաքին առևտրաշրջանառությանը:
Այս տարվա սկզբից ի վեր պաշտոնական վիճակագրությունն արձանագրում էր արտաքին առևտրաշրջանառության անկում` թե՛ ներմուծման, թե՛ արտահանման գծով: Ու շատերի մոտ հարց էր առաջանում` ինչպե՞ս կարելի է տնտեսական աճ ակնկալել նման ցուցանիշերի դեպքում:
Այս ընթացքում պաշտոնական վիճակագրության մեջ նշվում էր, որ արտաքին առևտրի ցուցանիշերն ամբողջական չեն, ԵՏՄ-ին անդամակցության հետ կապված տեխնիկական պատճառներով պայմանավորված` դրանք թերի են ու պետք է ճշգրտվեն: Ակնկալվում էր, որ ճշգրտման արդյունքում անկման թիվը կնվազի: Սակայն, որ կգրանցվի աճ, նման բան ոչ ոք չէր էլ ակնկալում:
Այսպես, օգոստոսի 31-ին հրապարակված ճշգրտված ցուցանիշներով` այս տարվա առաջին կիսամյակում արտահանումը գրանցել է 1.1 տոկոս աճ (ծավալը` 711.5 մլն դոլար): Մինչև ճշգրտումը արտահանման ցուցանիշն անկումային էր:
Ավելին, յուրաքանչյուր ճշգրտումից հետո աճի տեմպն ավելանում է: Օրինակ` սրանից առաջ արտահանման «ճշգրտված» ցուցանիշ հրապարակվել էր նաև հուլիսի 31-ին: Եվ այդ ցուցանիշների համաձայն` արտահանման ծավալն առաջին կիսամյակում նվազել էր 1.3 տոկոսով:
Սա էլ դեռ ամենը չէ: Այս ցուցանիշների վրա հիմնվելով` ՀՀ Կենտրոնական բանկն իր հերթին` կանխատեսել է, որ տարեվերջին կունենանք արտահանման երկնիշ իրական աճ: Ըստ ԿԲ-ի մոտեցման` իրական աճի ցուցանիշն այժմ էլ ավելի բարձր է, քանի որ արտահանման գները նվազել են, իսկ արտահանման ծավալները` բնեղեն արտահայտությամբ, աճել:
Ի դեպ, ներմուծման ցուցանիշը ճշգրտվելուց հետո էլ շարունակում է անկումային մնալ: Առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ներմուծման ծավալները նվազել են շուրջ 20%-ով: Ինչ խոսք, սա խոսում է ՀՀ շուկայի գնողունակության անկման մասին: Սա նաև նշանակում է, որ ունենք բյուջեի կատարման խնդիր, որովհետև սահմանին 20%-ով պակաս ԱԱՀ է գանձվում: Ու հենց սրա համար է, որ տնտեսական աճի ֆոնին` բյուջեն կատարվում է վարչարարության խստացման հաշվին:
Բայց մերոնք սրա մեջ էլ լուսավոր կետ են գտնում. կրճատվում է արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը:
Ի վերջո, դետալների մեջ խորանալը կարևոր չէ: Կարևորը` ունենք ՀՆԱ-ի աճ: Ու շատ ավելի կարևոր է, որ հանրությունն այդ մասին իմանա: Գերատեսչություններն այդ ուղղությամբ կոնկրետ հանձնարարություն են ստացել` հանրությանը մանրամասն ներկայացնել կիսամյակի տնտեսական արդյունքները:
Իսկ թե այդ արդյունքներն ինչպես են ստացվել, դա արդեն մեր կառավարության նոու-հաուն է: Մերոնցից լավ աշխարհում ոչ ոք, թերևս, չգիտի աճի ցուցանիշեր ապահովելու բանաձևը: