«Այս տարին պատերազմ վերսկսելու՝ Ադրբեջանի վերջին հնարավորությունն է, Ռուսաստանը ևս դեմ չէ». Աղասի Ենոքյան
«Ադրբեջանը գուցե փորձում է օգտագործել իր վերջին հնարավորությունը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի» տնօրեն, քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանը` անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ստեղծված լարվածության պատճառներին: Նա նշեց, որ ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի լարում վաղուց էր սպասվում, որովհետև Ադրբեջանի համար այս տարին պատերազմ վերսկսելու վերջին հնարավորությունն է, քանի որ ադրբեջանական նավթի գներն անկում են ապրում, նավթային ռեսուրսները սպառվում են, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը հետագայում մեծ դժվարությամբ կկարողանա գումար գտնել պատերազմելու համար: «Ավելին՝ Ադրբեջանի իշխանությունները ժողովրդին կկարողանան պատերազմով պատճառաբանել տնտեսական խնդիրները»,- նկատեց Ենոքյանը:
Խոսելով օրերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Բաքու կատարած այցիի մասին և պատասխանելով հարցին, թե ՌԴ-ն դեմ չէ՞ արդյոք պատերազմին, Ենոքյանն ասաց, որ Բաքվում քննարկվել է հարցերի այն շրջանակը, որը կարող էր հետաքրքրություն ներկայացնել: «Այդ հարցերի շարքում են Ղարաբաղյան հակամարտությունը, Ադրբեջանին ռուսական ազդեցության ոլորտ, այսինքն` ԵՏՄ տարածք մտցնելու հարցը, այս հարցում Լավրովը Ղարաբաղով կարող էր առևտուր անել: Մի շարք այլ հարցեր ևս եղել են օրակարգում, ինչպես Իրանի շատ կարևոր դերակատարությունը, որը Ռուսաստանի և Ադրբեջանի համար էլ շատ կարևոր է, չեմ բացառում, որ քննարկվել է Գաբալայի ՌԼԿ-ի հարցը, նավթի հետ կապված համատեղ ռազմավարություն մշակելու անհրաժեշտությունը»,- ասաց Ենոքյանը:
Վերջինիս համոզմամբ՝ Ադրբեջանին ձեռնտու է պատերազմ, Ռուսաստանը ևս դեմ չէ, քանի որ պատերազմը շատ կարևոր առիթ կլինի ԼՂ հակամարտության գոտի խաղաղապահներ մտցնելու համար: Անդրադառնալով տեսակետներին, թե սահմանային լարվածությունը կարող է ներքին դրդապատճառներ ևս ունենալ, քանի որ Հայաստանում քննարկվում են սահմանադրական բարեփոխումները, իսկ Ադրբեջանում` առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենալու, Աղասի Ենոքյանն ասաց, որ Ադրբեջանի կողմից՝ որպես ներքին գործոն, գուցե օգտագործվի այս լարվածությունը, իսկ Հայաստանի դեպքում դժվար է դա պատկերացնել: «Բայց չեմ բացառում, որ ժամանակի ընթացքում օգտագործվեն նման իրավիճակները՝ ներքին օգտագործման նպատակներով»,- ընդգծեց Աղասի Ենոքյանը: