ԱԺ-ում սկսվել են սահամանադրական բարեփոխումների նագագծի լսումները
Այսօր Ազգային ժողովում մեկնարկել են պետաիրավական մշտական հանձնաժողովի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ լսումները: Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Վարդան Պողոսյանը և Հրայր Թովմասյանը ներկայացրեցին փոփոխությունների հիմնական դրույթները:
Վ.Պողոսյանի խոսքով, 2005 թ. փոփոխություններով հնարավարություն չեղավ իշխանակենտրոն Սահմանադրությունից ամբողջությամբ անցնել մարդակենտրոն Սահմանադրության, և դեռևս չենք կարող ասել, որ ՀՀ գործող Սահմանադրությամբ մարդու իրավունքները հուսալիորեն պաշտպանված են, արմատավորվել է կառավարման արդյունավետ համակարգ, դատարաններն անկախ ու անաչառ են, ժողովրդավարության ամուր հիմքեր կան և այլն:
«Նախագիծը մշակելիս հանձնաժոողովն ուսումնասիրել է համաշխարհային փորձը և փորձ է արել հնարավորինս շտկել այն բացերը, որոնք կան ներկայիս Սահմանադրության մեջ»,- ասաց նա:
Պատգամավոր Հրանտ Բագրատյանը դժգոհեց, որ նախագիծն ամեն օր փոփոխվում է: Նա անընդունելի համարեց, որ նախագծում մարդու իրավունքների 18 սահմանափակումներ կան: «Ինչպե՞ս եք անվանում մարդակենտրոն, երբ կա այդքան սահմանափակում, օրինակ՝ տան խլելու իրավունքը»:
Հ.Բագրատյանի խոսքով՝ նախագահը նախագծով մնացել է որպես պետության գլուխ, բայց նրան պետք է ընտրեն ինչ-որ ընտրիչներ: Պատգամավորը նաև նշեց, որ կայուն մեծամասնության հետ կապված անորոշ են սահմանումները: Վ.Պողոսյանը հայտարարեց, թե գործող Սահմանադրությունը նույնպես սահմանափակումների շրջանակը սահմանել է 43 և 44 հոդվածներով.
«Ընդհանրապես շատ քիչ հիմնական իրավունքներ կան, որ սահմանափակման ենթակա չեն: Ողջամիտ քննադատության դաշտ չկա»: Վ.Պողոսյանը նշեց, որ քննադատում է իրեն ու իր գործընկերներին, որ ընկրկելով դեմագոգիական քննադատության առջև, նախագծում չընդգրկեցին կյանքից զրկելու իրավունքի դրույթը, որ իշխանությունը ծայրահեղ անհրաժեշտության դեպքում պետք է հնարավորություն ունենա սպանելու տեռորիստին, որ կյանքեր է խլել, սպանելու այն զինվորին, որ սպանել է քո զինվորին.
«Բազմաթիվ դեպքեր կան, որ պետական իշխանությունը պետք է նման իրավունք ունենա»: Նա հարցադրում արեց, թե արդյոք հակասահմանադրական են այն օրենքները, որ այսօր գործում են և ծայրահեղ անհրաժեշտության դեպքում թույլ են տալիս կիրառել հրազեն՝ մահ պատճառելով: Վ.Պողոսյանը նշեց, որ նախագահը քաղաքական որևէ իրավասություն չունի, նրա լիազորությունը Սահմանադրությանը հետևելն է: