«Նախագահի հրամանագիրը չի իրացվել». Կիմ Բալայան
Ցանկացած երկիր Սահմանադրություն և օրենքներ ընդունելիս՝ պետք է առաջնորդվի իր երկրի սահմանադրական մշակույթով, սովորույթներով, և դա պիտի միտված լինի տվյալ պետության զարգացմանը և ժողովրդավարության ամրապնդմանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացում ասաց Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանը:
«Այս տեսակետից Հայաստանի Հանրապետությունն իր առաջին Սահմանադրությունն ընդունեց 1995թ.: Ես այն ժամանակ էլ՝ 1995թ., այժմ էլ կարծում եմ, որ այդ Սահմանադրությունն հակաօրինական էր: Ինչո՞ւ էր հակաօրինական, որովհետև մենք ընդունել ենք Անկախության մասին հռչակագիր: Հռչակագրի մեջ շատ հստակ նշված է. եթե վերցնենք Հայաստանի Հանրապետության հռչակագրի 3-րդ հոդվածը, այնտեղ հստակ ասվում է, որ Հայաստանի անունից հանդես գալու բացառիկ լիազորությունը պատկանում է Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդին: Եթե առաջ գնանք, նայենք 5-րդ հոդվածը, կտեսնենք, որ 5-րդ հոդվածում ամրագրվում է, որ Հայաստանի Հանրապետությունն իր անվանգությունը և սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու համար ստեղծում է Գերագույն Խորհրդին ենթակա զինված ուժեր: Այն ժամանակ Գերագույն Խորհուրդ էր կոչվում, այժմ՝ ԱԺ. խորհրդարանը մնում է խորհրդարան: Այսինքն՝ եթե զինված ուժերը ենթարկվում են խորհրդարանին, սա արդեն նույնպես ևս մեկ փաստ է, որը խոսում է պառլամենտական կառավարման մասին: Բացի դրանից՝ եթե մենք ուշադիր նայենք Հռչակագրի վերջին՝ 12-րդ հոդվածը, այնտեղ հստակ նշվում է, որ սույն Հռչակագիրը հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության մշակման, գործող Սահմանադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու համար և նաև շարունակություն կա՝ պետական մարմինների գործունեության ու նոր օրենքների մշակման համար:
Ինչպես տեսնում եք, ապօրինությունը առաջին անգամ կատարվեց 1991թ. օգոստոսի 1-ին, երբ Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհուրդն ընդունեց ՀՀ նախագահի մասին օրենքը, այսնիքն՝ նախագահական համակարգ ամրագրելու մասին: Այն ժամանակ ես եղել եմ Գերագույն Խորհրդի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահը, և իմ նախաձեռնությամբ էր ստեղծվել: Հանձնաժողովում քննարկվել, հանձնաժողովից հետո հավանության արժանանալուց հետո սահմանադրական փոփոխություններ կատարելու այդ հանձնաժողովի կազմը ներկայացրել եմ Գերագույն Խորհրդին, Գերագույն Խորհուրդն այդ հանձնաժողովի կազմը հաստատել է, և սկսել ենք բոլոր բարեփոխումները:
Այն ժամանակ էլ հայտարարեցի, որ նախագահի պոստը հիմնադրելու խնդիրը կլիներ օրինական, եթե Հռչակագրի մեջ համապատասխան փոփոխություններ կատարվեին, իսկ Հռչակագիրը սահմանադրական օրենքն է, որը հիմք է հանդիսանում հետագա օրենսդրական գործունեության համար: Ինչևիցե, դա տեղի չունեցավ, և 1995թ. առաջին անգամ ներկայացվեց նախագահական կառավարման համակարգ ունեցող Սահմանադրության նախագիծը, որը նույնպես, պետք է շեշտեմ, իմ բերած հիմքերով անօրինական էր, քանի որ նույնպես Հռչակագրի մեջ փոփոխություններ չկատարվեցին և այս գործընթացը շարունակվեց»,- ասաց նա: Կիմ Բալայանի խոսքով՝ 2005թ. սահմանադրական զարգացումներն իր ձեռագրով և ընդունման տեսակեից որևէ փոփոխություն չկրեց:
Կիմ Բալայանն ասաց, որ կարող է հարց առաջանալ, թե ինչպե՞ս է հատագայում աշխատել Սահմանադրական դատարանում և պաշպանել այն Սահմանադրության գերակայությունը, որն ընդունվել է ապօրինաբար. ըստ նրա՝ այնուամենայնիվ փաստն այն է, որ կա Սահմանադրություն, որով մենք պարավոր ենք ղեկավարվել:
Նա նշեց, որ իր համար զարմանալի է այն հանգամանքը, որ նախագահի հրամանագիրը չի իրացվել. նախագահը հրամանագիր է տվել սահմանադրական բարեփոխումներ կատարելու համար ստեղծել մասնագիական հանձնաժողով: Նրա խոսքով՝ մասնագիտական հանձնաժողովի բոլոր անդամները լուրջ սահմանադրագետներ են, բայց ներկայացվել է ոչ թե բարեփոխումների, այլ նոր սահմանադրության նախագիծ: Կիմ Բալայանն ասաց, որ իր համար այս տեսակետից զարմանալի է, թե ինչպես է նախագիծն ուղարկվել Ազգային ժողով:
Կիմ Բալայանն ասաց, որ խորհրդարանական կառավարման համակարգն առաջնային քայլ է դեպի Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի իրացումը: «Հռչակագիրը խորհրդարանական կառավարում է սահմանել: Այդ իսկ տեսակետից ամբողությամբ օրինական է և մեկ քայլ առաջ է»,- ասաց Կիմ Բալայանը՝ նշելով, որ այժմյան Սահմանադրությամբ ժողովրդին տրված չէր հարցը հանրաքվեի դնելու նախաձեռնության իրավունք: Նոր նախագծով 150 հազար ստորագրություն հավաքելու պարագայում բոլոր հիմնական հարցերը կարող են հանրաքվեի դրվել. «Եվ ժողովուրդը ռեալ հնարավորություն ունի իր կամքը թելադրելու իշխանություններին»: