«Գուցե Սահմանադրություն նախագծողները Հայաստանը հետագայում չեն դիտարկում որպես ժողովրդավարական պետություն»

Մեր զրուցակիցն է «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը:

– Տիկին Տիգրանյան, Սահմանադրության նոր նախագծով մարդու իրավունքների ոլորտում առաջընթա՞ց, թե՞ հետընթաց կգրանցվի:

– Գնահատականները տարբեր են, որովհետև և´ դրույթներ կան, որ առաջընթաց, և´ դրույթներ կան, որ հետընթաց են արձանագրում: Եթե վերցնենք, որ դրանք ավելի համակարգված են, իրավունքի սահմանափակումները նշված են, այս առումով գործող Սահմանադրության համեմատ սա առաջընթաց է, բայց որոշ դեպքերում ձևակերպումների անորոշությունը մտահոգություն է առաջացնում, օրինակ՝ սեփականությունից զրկելու հետ կապված հարցում, կամ սոցիալ-տնտեսական իրավունքների ձևակերպման հարցում շատ խնդրահարույց է և ակնհայտ հետքայլ է:

– Պնդում կա, որ նոր նախագծում սահմանափակումներն անհամեմատ ավելի շատ են:

Կարդացեք նաև

– Համաձայն եմ, ձևակերպումների մեջ հստակ երևում է, թե որտեղ կան սահմանափակումները, բայց նաև այդ սահմանափակումների լինելը պայմանավորված է ՀՀ ստորագրած կոնվենցիաներով: Այլ բան է, որ դրանք ամրագրվում են անմիջապես Սահմանադրության մեջ: Օրինակ՝ նույն ամուսնության իրավունքի սահմանափակումները հանուն հասարակության և այլն, դա կարելի է օրենքով ամրագրել, չբարձրացնել Սահմանադրության մակարդակի, որովհետև առաջին հերթին աչքի զարնում է ոչ թե իրավունքի իրացումը, այլ սահմանափակումը, ինչը ձևակերպման առումով կրկին անհանգստություն կարող է առաջացնել: Բայց ամեն իրավունք, եթե դա բացարձակ իրավունք չէ, ենթակա է սահմանափակման: Այստեղ պետք է ուղղակի ձևակերպման մեջ հստակ գրվեր, որ այդ սահմանափակումներն անհրաժեշտ են ժողովրդավար հասարակությունում՝ ելնելով պետության, հասարակության անվտանգությունից: Եթե ուշադիր նայենք, այդ ձևակերպումները ՝ «պետության անվտանգություն», կամ «ժողովրդավար հասարակություն», չկան:

– Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ չկան, դա վրիպո՞ւմ է, անուշադրությո՞ւն, թե՞ դիտավորություն:

– Եվրոպական կոնվենցիան էլ ամրագրում է, որ ցանկացած սահմանափակում պետք է հիմքում ունենա նպատակ՝ ելնելով ժողովրդավար հասարակությունում ինչ-որ անհրաժեշտությունից: Նախագծում որևէ տեղ չի նշվում, որ դա անհրաժեշտ է ժողովրդավար հասարակությունում: Չգիտեմ, երևի Սահմանադրությունը նախագծողները հետագայում չեն դիտում ՀՀ-ն՝ որպես ժողովրդավար պետություն: Թե դա դիտավորյալ գրված չէ, թե վրիպում է, թե սխալ է սպրդել, չեմ կարող ասել, բայց եթե չենք տեսնում այդ «ժողովրդավար պետությունում անհրաժեշտ» բառերը, արդեն հարց է ծագում՝ ինչո՞ւ ենք այդ դեպքում 1 և 2 հոդվածում ամրագրում, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական պետություն է: Այսինքն՝ հանձնաժողովն իր նախագծի առաջին հոդվածում ամրագրում է մի բան, մյուս հոդվածներում մոռանում է ժողովրդավարության սկզբունքի մասին: Գուցե անփույթ արված աշխատանք է, գուցե դիտավորություն է, չեմ կարող ասել:

– Բայց հանձնաժողովի անդմաներին չենք կարող մեղադրել անուշադրության կամ ցածր որակավորում ունենալու մեջ:

– Կարող է ասեն՝ սա դեռ նախնական տարբերակն է, դեռ խմբագրման կարիք ունի: Ամեն հարցի պատասխան կունենան, գուցե իրենց պետք է հարցնել՝ դա վրիպա՞կ է, թե՞ միտում, եթե չի գրվում «ժողովրդավար պետությունում անհրաժեշտ» են այդ սահմանափակումները:

– Ամուսնության հետ կապված Վենետիկի հանձնաժողովը պնդում էր, որ պետք է միասեռ ամուսնության իրավական հիմքերն ամրագել ու չնշել, որ ամուսնանալու ու ընտանիք կազմելու իրավունք ունեն կինը և տղամարդը միմյանց հետ: Մեր սահմանադրագետներն, այնուամենայնիվ, դա չընդունեցին: Ինչպե՞ս եք սա գնահատում:

– Չընդունեցին՝ասելով, որ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունները պարտադիր կատարման ուժ չունեն, դրանք խորհրդատվական բնույթի հանձնարարություններ են: Այստեղ ուղղակի երկակի ստանդարտներ կան: Ես ոչ թե ասում եմ՝ ճիշտ կամ սխալ են Վենետիկի հանձնաժողովը կամ մեր հանձաժողովականները, այլ՝ այն հարցերում, որոնք պաշտպանում են իշխանության դիքրերը, Վենետիկի հանձնաժողովի տեսակետը ներկայացվում է, որ դա պարտադիր է և մենք պետք է ապահովենք, իսկ ինչը, որ ցանկալի չէ, միանգամից հղում են անում, որ հանձնաժողովի գնահատականը զուտ խորհրդատվական է: Այսինքն՝ եթե երկակի ստանդարտներ չկիրառեին և ըդունեին, որ Վենետիկի հանձնաժողովին իրենք են դիմել՝ կարծիք հայտնելու, պետք է այդ առաջարկն էլ ընդունեին: Եթե գնում ենք դեպի եվրոպական արժեքներ, սա էլ մարդու ազատություններից մեկն է:

– Հայաստանում մինչ այժմ սեփականության հետ կապված խնդիրներ շատ են եղել և այժմ մասնագետները նշում են, որ այս նախագծում էլ խնդրահարույց դրույթներ կան: Ի՞նչ գնահատական ունեք Դուք:

– Իհարկե, կան խնդրահարույց դրույթներ: Սեփականությունը բացառիկ գերակա շահի անվան տակ վերցնելու ինստիտուտը , երբ անձին կարելի է զրկել սեփականությունից՝ հանուն հանրային շահի, այդ նույն դրույթն ամրագրված է Սահմանադրության նախագծում և խնդրահարույցն այն է, որ այստեղ մի ձևակերպում է մտել, որ կարող է վերցվել գույքը «նախնական դատական հսկողությամբ»: Որևէ մեկը չի տվել պարզաբանում՝ ինչ է նշանակում «նախնական դատական վերահսկողություն», ինչի նկատմամբ պետք է այդ վերահսկողությունը լինի, երբ է լինելու: Իսկ ավելի հստակն այն է, որ սեփականությունից կարելի է զրկել միայն դատական կարգով, հանրային գերակա շահի դեպքում էլ՝ համարժեք փոխհատուցում տալու միջոցով: Այստեղ մտցվել է նոր ինստիտուտ՝ «նախնական դատական վերահսկողություն», և դրա ո´չ մեխանիզմներն են հստակ, ո´չ ընդհանրապես գաղափարն է հստակ: Արդեն կարող է մտավախություն առաջանալ, որ գուցե սա ավելի պարզեցված, հեշտացված ճանապարհով գույքից զրկելու մեխանիզմ է նախատեսում:

– Եվ ի՞նչ եք կարծում, այս տեսքով նախագծի ընդունումցի հետո ի՞նչ է սպասվում սեփականության իրավունքի ոլորտում:

– Քանի որ իրավական անորոշություն կա՝ ինչ բան է նախնական դատական վերահսկողությունը, եթե իրավական ակտերով դա չկարգավորվի, հստակ մեխանիզմներ չլինեն, իրավակիրառ պրակտիկան շատ պետք է նախատեսողական լինի, ամեն մեկը տարընթերցման տեղիք տալով՝ տարբեր կերպ կիրառի: Հանձնաժողովն ասում էր, որ կհրապարակվեն հիմնավորումներ ու պարզաբանումներ, բայց հիմնավորումները հրապարակվեցին և այս մասով կարծես թե լույս չսփռվեց հոդվածի կիրառության վրա: Սկզբնական շրջանում իրավակիրառ պրակտիկան հաստատ խառնաշփոթ կառաջացնի:

– Այսինքն՝ վիճակը կվատանա՞:

– Կարծում եմ՝ այո, որովհետև «նախնական դատական վերահսկողություն» ասվածը ոչինչ չի ասում, և ընդհանրապես որոշակիություն չի տալիս, թե ինչպես պետք է դա իրականացվի:

 

Տեսանյութեր

Լրահոս