Առանց հայ գիտնական Ալիխանովի ԽՍՀՄ-ը դժվար թե դառնար միջուկային գերտերություն. ռուսական ԶԼՄ-ներ

Խորհրդային կուսակցական ղեկավարները այդպես էլ չկարողացան Ալիխանյանին ներել այն, որ վերջինս, բավական լոյալ տրամադրված լինելով Կոմունիստական կուսակցության նկատմամբ, այնուամենայնիվ, իր խղճի հետ գործարք չկնքեց և բռնադատումներից փրկեց բազմաթիվ հրեաների:

Աբրահամ Իսահակի Ալիխանով (Ալիխանյան) (04.03.1904-08.12.1970թթ.). Խորհրդային ֆիզիկոս, ԽՍՀՄ-ում միջուկային ֆիզիկայի հիմնադիրներից և խորհրդային ատոմային ռումբի առաջին ստեղծողներից մեկը: Թեորետիկ և և փորձարարական ֆիզիկայի ինստիտուտի հիմնադիրն է: ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ (1939թ.), ԳԱ ակադեմիկոս (1943թ.), Հայկական ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943թ.), Ստալինյան մրցանակի եռակի դափնեկիր:

Որդին՝ Տիգրան Աբրահամի Ալիխանով, խորհրդային դաշնակահար, երաժշտական-հասարակական գործիչ, մանկավարժ, Մոսկվայի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր (1992թ.), նույն ԲՈՒՀ-ի ռեկտոր՝ 2005-2009 թթ., Ռուսաստանի ժողովրդական արտիստ (2002թ.): Ակադեմիկոս Աբրահամ Ալիխանովը, առանց որի ջանքերի ԽՍՀՄ-ը դժվար թե դառնար միջուկային գերտերություն, զրկվեց իր կյանքի նախագծի՝ պրոտոնների արագացուցչի ստեղծման աշխատանքներին մասնակցելուց այն ժամանակ, երբ վերջինիս շինարարությունն արդեն մոտենում էր ավարտին: Այդպես էին որոշել ԽՍՀՄ Միջին ավտոմեքենաշինության նախարարության պաշտոնյաները: Արդյունքում՝ Ալիխանյանի մոտ զարգանում է ինսուլտ, հեռացում իր իսկ ստեղծած նախարարության՝ ИТЭФ-ի տնօրենի պաշտոնից և վաղաժամ մահ: Հատկանշական է, որ հայ գիտնականից Ռուսաստանում վրեժ են լուծում ցայժմ:

Alixanyan (7) Alixanyan (8) Alixanyan (9)

Կարդացեք նաև

Այսպես. 70-ական թթ. նրա իսկ կողմից հիմնադրված Թեորետիկ և և փորձարարական ֆիզիկայի ինստիտուտը կրում էր Ալիխանովի անունը, և չնայած աշխատակիցների ընդվզումներին՝ Ռուսաստանի ներկայիս իշխանությունները հրաժարվեցին պաշտոնապես նրա անունը վերադարձնել ինստիտուտին: Այժմ այն կոչվում է «Կուրչատովյան ինստիտուտ» գիտահետազոտական կենտրոն:

Շատերին է ծանոթ այն իրավիճակը, երբ մարդուն հանձնարարում են անել մի բան, որն ինքը վաղուց էր ուզում անել: Մարդը սկսում է աշխատել, հաջողության է հասնում, և նա, ոգևորված, արդեն տեսնում է ինչ հրաշալի ավարտ է ունենալու գործը, երբ հանկարծ «վերևներից» տրված հրահանգով նրան հեռացնում են այդ գործից, իսկ գրեթե ավարտին հասցված նախագիծը տալիս են ուրիշը շարունակի: Ցավից ու հիասթափությունից բացի այլ զգացողություն այդ դեպքում մարդը չի կարող ունենալ: Սա շատ դժվար է տանել, հատկապես այն դեպքում, երբ մարդն իր ողջ կյանքն է նվիրում մի գործի, իսկ ավարտական փուլում նրան զրկում են այն մինչև վերջ հասցնելու հնարավորությունից:

Alixanyan (6)

Հենց այդպիսի մի իրավիճակում հայտնվեց խորհրդային փորձարարական միջուկային ֆիզիկայի հիմնադիր հայրերից մեկը, Ռուսաստանում ծանր ջրի հիման վրա առաջին ռեակտորի և ծանր իոնների արագուցչի առաջին ստեղծողը՝ ակադեմիկոս Աբրահամ Իսահակի Ալիխանյանը. մարդ, ով իր ողջ կյանքը նվիրեց միկրոաշխարհի հանելուկային բնակիչների, տարրական մասնիկների հետազոտությանը, մարդ, ում ջանքերով ԽՍՀՄ-ը դարձավ միջուկային գերտերություն:

Նրան իր կյանքի գործից զրկեցին երկիրը կառավարող այնպիսի մարդիկ, ում վաստակը ԽՍՀՄ-ի առաջ հարյուրավոր անգամներ պակաս էր Ալիխանյանի ունեցած վաստակից:

Այժմ այդ ամենի մասին՝ հերթականությամբ:

Alixanyan (5)

Դժվար է անվանել ֆիզիկայի մի ճյուղ, որը չհետաքրքրեր Ա. Ալիխանյանին: Այս հանճարեղ գիտնականը հետազոտել է և բյուրեղների հատկությունները, և ռենտգենյան ճառագայթները, հետաքրքրվել է կենսաֆիզիկայի հարցերով և հիվանդությունների դեմ պայքարում ֆիզիկայի մեթոդների օգտագործման հնարավորություններով: Նրա տարերքը, սակայն, միջուկային ֆիզիկան էր:

Եվ ահա երբ պատերազմական տարիներին ԽՍՀՄ-ում որոշում ընդունվեց Կուրչատովի ղեկավարությամբ սկսել միջուկային զենքի ստեղծման աշխատանքները, Ալիխանովը նախագիծն իրականացնողների թիմում ընդգրկվեց հենց ամենասկզբից: Հենց վերջինիս ղեկավարությամբ 1945 թվականին ստեղծվեց ԽՍՀՄ ԳԱ #3 լաբորատորիան, որն էլ հետագայում վերաճեց Թեորետիկ և և փորձարարական ֆիզիկայի ինստիտուտի (ИТЭФ): Ալիխանովի աշխատակիցները պետք է զբաղվեին ծանր ջրի հիման վրա առաջին ռեակտորի ստեղծման աշխատանքներով և միջուկային ֆիզիկայի բնագավառում հետազոտություններով: Նրանց դա հաջողվեց:

Alixanyan (1)

Արդեն 1947 թվականին պատրաստ էր առաջին ռեակտորի նախագիծը, 1948-ին այն կառուցվեց, իսկ ևս մեկ տարի անց տրվեց շահագործման: Արժե՞ նշել, որ առանց այդ ռեակտորի ԽՍՀՄ-ի միջուկային ծրագիրն այդպես էլ չէր իրագործվի: Սակայն որպես իսկական գիտնական՝ Ա.Ալիխանովը հասկանում էր, որիր ինստիտուտին հարկավոր են տեսաբան-հետազոտողներ, քանի որ հենց նրանց հաշվարկներն են ճանապարհ բացում փորձարկումների համար: Այդ պատճառով էլ ժամանակի ընթացքում #3 լաբորատորիայում ձևավորվեցին 3 մեծ խմբեր՝ թեորետիկ, էքսպերիմենտալ և ինժեներային: Ալիխանովը աշխատանքի հրավիրեց ամենաբանիմաց և արհեստավարժ և տաղանդավոր գիտնականներին, այնպիսիք, ինչպիսին էին Յ. Պոմերանչուկը և Լ.Դ. Լանդաուն: Բացի այդ, Ալիխանովն իր ինստիտուտում ձևավորեց նաև ընդարձակ ինժեներակոնստրուկտորային խումբ, որպիսին մինչ այդ չէր եղել խորհրդային որևէ գիտահետազոտական ինստիտուտում:

Հավաքելով հիանալի թիմ՝ նա ձեռնամուխ եղավ իր վաղեմի երազանքի իրականացմանը՝ պրոտոնների արագացուցչի ստեղծմանը:

Նախապես ենթադրվում էր, որ արագացուցիչները 2-ը կլինեն՝ մեծ և փոքր:

Ընթացիկ աշխատանքները ցույց տվեցին, որ դրանք իրենց ստեղծմամբ նոր խոսք են ասելու գիտության մեջ և իրենց նախադեպը չեն ունենալու:

Այդպես էլ եղավ:

Alixanyan (3)

Եվ ահա, երբ արագացուցչի աշխատանքները մոտենում էին ավարտին, իսկ վերոնշյալ ինստիտուտի հետագա զարգացման բոլոր հեռանկարները կապված էին բացառապես աշխարհում խոշորագույն միջուկային արագացուցչի գործարկման հետ, կուսակցական Միջին մեքենաշինության նախարարության չինովնիկները ИТЭФ-ին և նրա տնօրենին՝ Ա. Ալիխանովին թիկունքից դավաճանաբար հարված հասցրին: Դեռևս մինչև վերջ չկառուցված արագացուցիչը վերցրեցին ИТЭФ-ից և տվեցին այլ հիմնարկության: Ալիխանովը փորձեց ընդդիմանալ, սակայն նրա այդ փորձերը հաջողությամբ չպսակվեցին:

Տխրահռչակ կուսակցական գործիչներն արդարանում էին նրանով, որ Ալիխանովը կուսակցական չէ, իսկ ռազմավարական նշանակության օբյեկտների ղեկավարը պարտադիր պետք է կուսակցական լինի: Սակայն բոլորի համար էլ պարզ էր, որ այդ պատճառաբանությունը ընդամենը արդարանալու խղճուկ փորձ էր: Չէ՞ որ տարիներ առաջ նույն այդ անկուսակցականին վստահվեց միջուկային զենք ստեղծելու բարդագույն գործը:

Ըստ ամենայնի՝ դա ընդամենը վրեժ էր: Կուսակցական չինովնիկները Ալիխանովին չներեցին նրա՝ իր իսկ խղճի հետ գործարքի չգնալը:

40-50-ական թթ. սկզբին կոսմոպոլիտների դեմ պայքարի և #3 լաբորատորիայի՝ այսպես կոչված «բժիշկ-վնասարարների» գործի ընթացքում աշխատանքից չազատվեց ազգությամբ հրեա ոչ մի աշխատակից, չնայած այլ ինստիտուտներ ազատվում էին անգամ նրանցից, ում նախապապը կամ նախատատը կարող էին հրեա եղած լինել: Ալիխանովը ոչ միայն անխուսափելի ձերբակալությունից փրկեց իր աշխատակացիներին, այլև միջնորդում էր ռեպրեսիաների ենթարկված ուրիշ գիտնականների համար: 1952թ. վերջին նրա դեմ նույնիսկ քրեական գործ արուցվեց, սակայն այդ ժամանակ նրան փրկեց Ստալինի մահը:

Հետագայում, երբ ԽՍՀՄ-ում ստեղծվեց հանրահայտ ջրածնային ռումբը, Ալիխանովը միջուկային նախագծի մյուս ղեկավարների՝ Կուրչատովի, Ալեքսանդրովի և Վինոգրադովի հետ միասին կուսակցական ղեկավարությանը նամակ ուղարկեց, որտեղ ասվում էր, որ գերզենքի ստեղծումից հետո համաշխարհային պատերազմն անհնարին է դառնում, քանզի դա կհանգեցնի մարդկության ոչնչացմանը, և այդ պատճառով էլ անհրաժեշտ է մշակել նոր միջուկային քաղաքականություն:

Այդ խելամիտ և կշռադատված ուղերձը ԽՄԿԿ վերին օղակներում կատաղի բանավեճի թեմա դարձավ, քանի որ նրա պաշտպանների թվում էին Ն. Խրուշչովի հակառակորդները:

Նիկիտա Սերգեևիչը վերջիններիս հեռացրեց իշխանությունից, սակայն ակադեմիկոս Ալիխանյանի նամակի մասին այդպես էլ չմոռացավ: Կուսակցությունում հիշում էին նաև այն, որ տարիներ առաջ Ալիխանովը ինքը հրաժարվեց մասնակցել ավելի հզոր միջուկային ռումբի ստեղծման՝ Արզամասում ակադեմիկ Զելդովիչի ղեկավարությամբ ընթացող աշխատանքներին մասնակցելուց:

Եվ վերջապես, կուսակցության ղեկավարներից ոչ ոք չէր մոռացել, որ ИТЭФ-ում Ն. Ս. Խրուշչովի՝ ԽՄԿԿ 20-րդ համագումարում ունեցած զեկուցման քննարկմանը տեղի ունեցավ մի բան, ինչը իշխանությունները գնահատեցին որպես հակախորհրդային ելույթ:

Կուսակցական բջջի նիստի ընթացքում գիտնականները, առանց մտածելու, զեկույցը հավանության արժանացնելու փոխարեն սկսեցին վերլուծել երկրում ստեղծված իրավիճակը և տալ երկիրն առողջացնելու բանալիները: Առաջարկների թվում էին ինչպես ժողովրդին զինելու անհրաժեշտության, տնտեսական բարեփոխումների իրականացման հարցերը, այնպես էլ, ասենք, Խրուշչովի անձի պաշտամունք թույլ չտալու կարևորությունը: Հատկանշական է, որ նույնիսկ այն բանից հետո, երբ քննարկմանը միջամտեց Միջին մեքենաշինության նախարարության քաղաքական ղեկավարության ներկայացուցիչ Մեզենցևը և պահանջեց դադարեցնել քննարկումն ու պատժել «հակախորհրդայիններին», կուսակցական բյուրոն չկարողացավ համապատասխան որոշում ընդունել, քանի որ անհրաժեշտ քանակությամբ կողմ ձայներ չհավաքվեցին:

Բոլորը սպասում էին, որ ժողովի ընթացքում բոլոր ելույթ ունեցողներին կձերբակալեն, սակայն Ալիխանովը դա թույլ չտվեց: Նա զանգահարեց Խրուշչովին և բացատրեց իրավիճակը: Արդյունքում՝ ընդունվեց կոմպրոմիսային որոշում, այն է՝ ըմբոստներին աշխատանքից ազատեցին (ի դեպ, նրանց բոլորին Ալիխանովն օգնեց աշխատանք գտնել), իսկ գործը փակեցին: Սակայն այդ ժամանակից ի վեր ИТЭФ-ը կուսակցական ղեկավարների մոտ հակախորհրդային հավաքետեղիի համարում ունեցավ, իսկ նրա ղեկավարը ճանաչվեց որպես քաղաքականապես անբարեհույս անձ: Երևի թե հենց այդ պատճառով էլ Ալիխանովին թույլ չտվեցին իրականացնել իր երազանքը: Նրան այդկերպ պատժեցին անհնազանդության համար: Եվ դա հանգեցրեց նրան, որ Ալիխանովը ծանր հիվանդացավ. ինսուլտ: Չնայած նա բուժվեց հիվանդությունից, սակայն ինստիտուտը ղեկավարել այլևս չէր կարող, և 1968 թվականին հեռացավ այդ պաշտոնից: Իսկ 2 տարի անց տաղանդավոր գիտնականը վախճանվեց: Նա ընդամենը 66 տարեկան էր:

Սակայն ինչո՞ւ Ալիխանովն այդքան ցավագին արձագանքեց արագացուցչի՝ այլ հաստատությանը վերահանձնելուն. մի՞թե նա և իր աշխատակիցները չէին կարող համատեղ աշխատել նախագծի վրա:

Ցավոք, այդ ժամանակներում դա գործնականորեն հնարավոր չէր. «միջուկային» թեմատիկան գաղտնի էր համարվում, և նույնիսկ մի ինստիտուտի աշխատակցի՝ այլ ինստիտուտի տարածք ընկնելու համար հարկավոր էին բազմաթիվ թույլտվություններ և համաձայնություններ, որոնք ստանալու համար հարկավոր էին ամիսներ:

Եվ այսպես, երազանքն իրականացնելու հնարավորության կորուստը հանգեցրեց տաղանդավոր գիտնականի վաղաժամ մահվանը, այն գիտնականի, ում երկիրը պարտական էր իր՝ միջուկային գերտերության ստատուսով:

Այդ ժամանակներից անցել են շատ տարիներ, և, ցավոք, մենք չենք կարող պարծենալ այն փաստով, թե պահպանել են մեծագույն գիտնականի, ակադեմիկոս Ալիխանյանի ժառանգությունը: ИТЭФ-ում գտնվող փոքր արագացուցիչը, օրինակ, 2012թ. տուժեց հրդեհից, և դեռ ցայժմ վերանորոգման աշխատանքներ չեն տարվում, իսկ Պրոտվինոյում գտնվող մեծ արագացուցիչը բավական սարքին վիճակում է, սակայն նախորդ դարի 90-ական թթ. նրա աշխատանքը մի քանի անգամ անհարկի դադարեցվել է, և այժմ նա էլ չի գտնվում լավագույն վիճակում:

Ամենացավալին, սակայն, «Կուրչատովյան ինստիտուտ» անվանված գիտահետազոտական կենտրոնի (որին ի դեպ հանձնված է նաև ИТЭФ-ի կառավարումը) վարած «պատերազմն» է ակադեմիկոս Ալիխանյանի անվան հետ: Ըստ իրենց ընդունած վերջին որոշման՝ ինստիտուտն այլևս չի կրում Ալիխանյանի անունը:

Թե ինչո՞ւ է գիտահետազոտական կենտրոնի ղեկավարությունը հետմահու պատերազմ հայտարարել ակադեմիկոս Ալիխանյանին, մնում է միայն կռահել. չէ՞ որ Ալիխանովն ու Կուրչատովը ոչ միայն միջուկային նախագծերով զբաղվող կոլեգաներ էին, այլև մտերիմ ընկերներ:

Պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ

 

Տեսանյութեր

Լրահոս