
«Եթե նախագահի համար շատ կարևոր է, որ մի շրջան էլ ղեկավարի, ապա ավելի ճիշտ կլինի ստեղծել պայման՝ երրորդ անգամ վերընտրվի». Լևոն Շիրինյան

«Հայաստանի Առաջին Հանրապետությունը խորհրդարանական էր, բայց այն ժամանակ ամբողջ աշխարհն էր խորհրդարանական և անգլիացիները մեզ օգնում էին: Հիմա կուսակցությունների քաղաքական բովանդակության բացակայության պայմաններում, երբ հասարակության մեջ դասակարգային շերտավորումը մեծացրել է աղքատությունը, մենք պատերազմական վիճակում ենք, գնում է իշխանության կենտրոնաձիգ մասի թուլացում, որի մեջ ազգային անվտանգության հարց կա,- այսօրվա ասուլիսին ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը՝ հավելելով,- Նույնիսկ ենթադրում եմ, որ սա դրսից ներշնչված գաղափար է: Խորհրդարանական այս կազմի պարագայում, դրամավարկային փոխհարաբերությունների այս վիճակում, երբ ընտրությունները վերածվել են իսկական մարքեթինգի, եթե հույս ունեք, որ լավ խորհրդարանական կազմ եք ունենալու՝ չարաչար սխալվում եք: Այս պայմաններում, եթե իշխանությունը հանձնենք խորհրդարանին, որոշ ժամանակ հետո խնդրելու ենք կա՛մ պարսիկներին, կա՛մ ռուսներին, որ փրկեն մեզ»:
Ըստ նրա՝ սա շատ լուրջ հարց է, և զարմանալի է, որ քաղաքագետ մասնագետները չեն մասնակցում քննարկումներին. «Սահմանադրությունն առնվազն մշակում է սահմանադիր ժողովը, որտեղ պարտադիր չէ՝ իրավաբաններ լինեն: Մեր խնդիրն է, բոլոր պարագաներում, «ո՛չ» ասել առաջարկվող փոփոխությանը: Եթե նախագահի համար շատ կարևոր է, որ մի շրջան էլ ղեկավարի, ապա ավելի ճիշտ կլինի ստեղծել պայման՝ երրորդ անգամ վերընտրվի, քան ոչնչացվի նախագահական ձևը»:
Քաղաքագետի կարծիքով՝ նախագծի տեքստից Վենետիկի հանձնաժողովը գլուխ չի հանել. «Բարեփոխումը եղածի լավացման մասին է: Այսինքն՝ պետք է կիսանախագահականը կատարելագործվի, դրա տակ ես հասկանում եմ՝ կոռումպացված բոլոր դատավորներին դատել, ստեղծել անկախ դատարաններ, իշխանության երեք ճյուղերը հավասարակշռել, անջատել և այլ, դա կլիներ բարեփոխում, իսկ մնացածն արդեն բարեփոխում չէ, համակարգի փոփոխություն է, որ իմ գնահատականով՝ չի կարող բխել ՀՀ շահերից:
Ժողովրդավարությունը կապ չունի ոչ նախագահականի, ոչ էլ խորհրդարանականի հետ, կարող ենք խորհրդարանական այլանդակ պետության օրինակ հազար հատ բերել»:
Լ. Շիրինյանը աշնանը կանխատեսում է թեժացումներ. «Եթե երիտասարդներն ընկալեցին հարցի լրջությունը, ապա ոտքի կկանգնեն և «ո՛չ» կասեն, դրանից ոչ ոք չի տուժի»: