Ինչու Իրանի հայ գործարարները չեն գալիս Հայաստան
Գրող, քարտեզագետ Ռուբեն Գալչյանն ու երկրաբան Արա Կարապետյանն այսօրվա ասուլիսին խոսեցին հայ-իրանական հարաբերությունների մասին:
Ըստ Ռուբեն Գալչյանի՝ Իրանի ժողովուրդն ու կառավարությունը պատրաստ են համագործակցել Հայաստանի հետ, բայց մենք դրան պատրաստ չենք. «Մենք խոսում ենք Իրան-Հայաստան առևտրի զարգացումից, բայց մենք տրանսպորտային ճանապարհի դյուրին մասը արագ կառուցեցինք, դժվար մասը թողեցինք անկառույց: Մեր պակասությունը մեզնից է: Իրանում հայ գործարարները մեծ թվով գործարաններ են կառուցել, որոնց աարտադրանքը մեծ համբավ ունի այնտեղ: Նրանք ցանկություն ունեն նաև Հայաստանում գործարաններ հիմնել, բայց օժանդակում չկա: Մեր կառավարությունն ասում է, թե ամեն ինչ անում են, որ սփյուռքահայերը գան Հայաստանում գործ անեն, բայց առաջին քայլն անում ես, երկրորդին արդեն հարկայինը մեջքիդ կանգնած երկու-երեք տարվա հարկ է ուզում:
Եթե Իրանի հետ առևտուր պետք է անենք, ապա պետք է ունենանք արդյունաբերություն, բայց մեր արդյունաբերությունը չի խթանվում: Մեր ԱԺ ներկայացուցիչների մեծ մասը բիզնեսմեններ են, որոնք ներկրումներ են անում, նրանց հետաքրքիր չէ արդյունաբերությունը, քանի որ եթե արդյունաբերությունը զարգանա, իրենց գործը կվնասվի: Հետևաբար՝ արդյունաբերողի համար ամեն տեսակի խոչընդոտներ են ստեղծվում»:
Ըստ Արա Կարապետյանի՝ հայ-իրանական հարաբերությունների զարգացման համար պետք է մի քանի քայլ անենք. «Նախ ճանաչողության պակաս ունենք, պետք է Իրանին լավ ճանաչենք, նա մեր միակ անմիջական հարևանն է: Ունենք մարդկային ռեսուրսների խնդիր: Իրանի աշխատանքային բազան մեզ համար շատ օգտակար է, որովհետև գնացողները ետ են վերադառնում: Մեր օրենսդրական դաշտն էլ պետք է համընկնի Իրանի օրենսդրական դաշտի հետ: Օրինակ՝ այնտեղի օրենքներով սահմանափակվում է մենաշնորհների գործությունը, իսկ այստեղ այդ բացը կա»:
Բանախոսները նույն կարծիքին էին՝ ամեն ինչ պետք է անել հայ-իրանական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման համար:
Ռուբեն Գալչյանը նաև նկատեց, որ Ռուսաստանը ամեն կերպ փորձելու է խանգարել այդ հարաբերությունների զարգացմանը, դրա համար Հայաստանը պետք է իր շահը առաջնային դասի և չլսի Ռուսաստանին: