«Աշխարհի ոչ մի դպրոցում միկրոէլեկտրոնիկա չեն անցնում. մենք առաջինն ենք գրում այս ծրագիրը». Արմեն Աշոտյան
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօրվա քննարկմանն ասաց, որ ԱԺ-ի միջոցով Կրթության և գիտության նախարարությունը ներդրել է մի կարևորագույն գործընթաց՝ դպրոցի տնօրենին հնարավոր է զրկել հավաստագրից, և նա զրկվում է ոչ միայն այդ պահին աշխատելու իրավունքից, այլ գալիք 5 տարիների ընթացքում այլևս տնօրեն չի կարող աշխատել:
Մյուս կարևոր փոփոխությունը, ըստ նախարարի՝ այն է, որ 2017թ. Հայաստանում գործելու է կրթության հետևյալ մոդելը՝ մինչև 9-րդ դասարանը՝ պարտադիր հանրակրթական կրթություն, 9-ից հետո աշակերտը կարող է ընտրել՝ կամ մնալ դպրոցում և անցնել ինչ-որ ծրագիր, կամ գնալ նախնական մասնագիտական կրթության ճանապարհով, կամ՝ միջինով, բայց 3-ից մեկը պարտադիր է: Նախարարը նկատեց՝ հանրակրթական դպրոցն անվճար է մնալու, նախնականը՝ ևս, իսկ միջինի համար անվճար է լինելու այն ուղղությունը, որը պետության համար գերակա է լինելու:
Ա. Աշոտյանը նշեց, որ բուհերի ինքնավարության մակարդակը Հայաստանում, ըստ «Տեմպուսի»՝ բավականին բարձր է բոլոր 4 հիմնական չափորոշիչներով. «Գնում ենք ինքնավարության մեծացմանը, բայց որքանո՞վ ենք պատրաստ դրան: Մեզ մոտ մտածում են, որ ակադեմիական ինքնավարությունն իշխանությունն է՝ փող և լծակ: Ինձ համար ակադեմիական ինքնավարությունը կրթության բովանդակությունն է: Իհարկե, բուհը պետք է ֆինանսապես անկախ, հանրային ինստիտուտ լինի, ոչ թե պետական: Բուհերը հիմնադրամ դարձնելու գործընթացը պայմանավորված է նաև ինքնավարության գնալու գործընթացով»:
Նախարարը հավելեց, որ սեպտեմբերի 1-ից 5 դպրոցում սկսում են լուրջ նախագիծ՝ «Սինոփսիսի», «ՎիվաՍելի» և «Յունիքոմփի» հետ. «Հանրակրթական դպրոց ենք մտցնում 3 նոր առարկա՝ միկրոէլեկտրոնիկա, կոմունիկացիոն տեխնոլոգիաներ և cybersecurity: Աշխարհի ոչ մի դպրոցում միկրոէլեկտրոնիկա չեն անցնում. մենք առաջինն ենք գրում այս ծրագիրը»: