Եթե ամրապնդվի Իրանի նոր դերը, կարող է ամրապնդվել նաև Հայաստանի տնտեսական և քաղաքական անվտանգությունը. Պոլ Ստրոնսկի
«Եթե Իրանի շուրջ համաձայնությունն ամրապնդվի, ապա Իրանը տարածաշրջանի համար կդառնա փոփոխող խաղ»,- այս մասին Ռեգիոն հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ հայ լրագրողների համար կազմակերպված առցանց մամլո ասուլիսի ընթացքում հայտարարեց Կարնեգի հիմնադրամի «Ռուսաստան և Եվրասիա» ծրագրի ավագ գիտաշխատող Պոլ Ստրոնսկին՝ անդրադառնալով ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոդահամմադ Ռեիսիի արտահայտած հույսերին, թե Հայաստանը կարող է միջանցք դառնալ Պարսից ծոցի և Սև ծովի միջև:
Ստրոնսկին նշեց, որ մշտապես խուսափում է հավատալ այն ամենին, ինչ ասում են իրանցի պաշտոնյաները: Ըստ նրա՝ նրանք միշտ շատ աղմկոտ հայտարարություններ են անում Իրանի դերի մասին, որպեսզի երկիրն ավելի պակաս մեկուսացված թվա: «Իրանը, միանշանակ, կարող է դառնալ առևտրային միջանցք Պարսից Ծոցի ճանապարհին, սակայն մենք բոլորս դեռ համաձայնության ամենավաղ փուլերում ենք: Այս համաձայնության ճակատագիրն ԱՄՆ Կոնգրեսում դեռևս անորոշ է: Բացի դա, տնտեսական ինտեգրացիան առաջ մղելու և զարգացնելու համաձայնագրի ունակությունը կախված է համաձայնագրի իրականացումից: Եթե Իրանը ամբողջ մասշտաբով չհամապատասխանի արևմտյան պահանջներին, ապա պատժամիջոցների վերականգնումը ժամանակի հարց կդառնա, և այդ դեպքում խոչընդոտներ կառաջանան Պարսից Ծոցը և Սև ծովն իրար կապելու՝ Իրանի և Հայաստանի հեռանկարների ճանապարհին: Ես, իհարկե, հույս ունեմ, որ դա տեղի չի ունենա»,- ասաց Պոլ Ստրոնսկին:
Սակայն, վերջինիս խոսքով, եթե Իրանի միջուկային համաձայնությունն ամրապնդվի, ապա տարածաշրջանի համար դա կդառնա պոտենցիալ «փոփոխող խաղ»: Նրա կարծիքով՝ այդ համաձայնությունը կկարողանար բացել բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: «Հայ-իրանական սահմանը բաց է, բայց, իրանականում, Հայաստանի համար Իրանն այնքան էլ հուսալի գործընկեր չէ դեպի արտաքին աշխարհ դուրս գալու համար՝ պատժամիջոցների պատճառով: Բայց բաց սահմանն Իրանի հետ, որն ինտեգրված է գլոբալ տնտեսական և առևտրային համակարգերին, կարող է ամրապնդել Հայաստանի տնտեսական և քաղաքական անվտանգությունը երկարաժամկետ հեռանկարում:
Հայաստանի համար սա դեպի Ծոց և Եվրոպա ավելի թեթև կապի հնարավորություն է: Սակայն այս գործընթացն արագ տեղի չի ունենա: Վստահ եմ, որ Ադրբեջանն անհանգստացած է տնտեսական և քաղաքական տեսանկյունից՝ հաշվի առնելով Իրանում էթնիկ ադրբեջանցի բավականին խոշոր բնակչության փաստը: Իրանի շուրջ համաձայնությունը նաև թուլացնում է Անդրկասպյան գազամուղի նշանակությունը: Սա արդեն ավելի լուրջ և թանկարժեք պրոյեկտ է»,- ասաց փորձագետը: Ինչ վերաբերում է ՌԴ հետաքրքրություններին, ապա Ստրոնսկին գտնում է, որ Մոսկվան ավելի շատ անհանգստացած է սեփական տնտեսական շահերով Իրանում, քան այն հանգամանքից, թե ձեռք բերված համաձայնագիրն ինչ հետևանքներն կունենա Հայաստանի և Կովկասի համար:
Եթե Իրանը, ըստ նրա՝ իսկապես բացվի արտաքին աշխարհի համար, ապա ռուսական ընկերությունները ստիպված կլինեն մրցակցության մեջ մտնել ավելի առաջատար և դինամիկ եվրոպական ընկերությունների հետ: «Ես վստահ չեմ, որ ռուսական ընկերություններին դա կհաջողվի անել: Կարծում եմ, որ մի քանի ամիս առաջ ՌԴ-ն համաձայնեց Իրանին մատակարարել S-300՝ Իրանում սեփական իմիջն ամրապնդելու և ցույց տալու համար այն, որ կարող է Իրանի համար լինել սպառազինության հուսալի մատակարար»,- ասաց Ստրոնսկին: