Անհասկանալի է՝ այս պահին ինչպե՞ս է համալիրը տրվում մի անհայտ ընկերության, որն այս տարվա հուլիսի 20-ին է ստեղծվել. փաստաբան

Մարզահամերգային համալիրի նախկին մամուլի խոսնակ Կորյուն Գրիգորյանն այսօրվա ասուլիսին ասաց, որ Մարզահամերգային համալիր ՓԲԸ-ն, այն ժամանակահատվածում, երբ ղեկավարել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, աշխատել է չշեղվել այն հիմնական ուղղություններից, որոնք դրված են եղել շենքի կառուցման օրվանից.

«Այն, ինչ հիմա է կատարվում, արդեն ՓԲԸ-ի խնդիրը չէ: Որպես ՀՀ քաղաքացի կարող եմ ասել, որ այն, ինչ կատարվում է հիմա, ինձ դուր չի գալիս, որովհետև այն կվերածեն անճոռնի կառույցի և չի բացառվում, որ 20 հա հողատարածքի վրա նաև շինություններ կառուցվեն: Միգուցե սխալը մե՞րն էր, որ մարզահամերգային համալիրին չենք նայել որպես բիզնես նախագծի ու չե՞նք փորձել ամեն կերպ գումար աշխատել:

Ժամանակին Մարզահամերգային համալիրը ձեռք ենք բերել քարուքանդ վիճակում, և այս գումարի (որ պետք է վճարեն գնելու համար) կրկնակին ծախսվել է շենքի վերանորոգման համար: Մոտավորապես 5 մլն դոլար պետական տուրք ենք վճարվել այն ժամանակ, բայց 42 մլն դոլարից ավել ներդրում է արվել:

Վերջին աճուրդը եղավ շատ արագ, որպես մշակութային արժեք չգնահատվեց, սկսեցին կես գնից ու հարցն արագ լուծվեց: Էականն այն է, որ այն ժամանակ երբ գինն իջավ մոտ 10 մլրդ դրամի կարգի, կազմակերպությունը կարող էր շատ հանգիստ գնել, եթե խնդիր կար, բայց այն ժամանակ հարցը դրված էր որպես Կարեն Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիր պատմամշակութային կառույց: Պատմամշակութային կառույցում ձևափոխումներ անել չեք կարող, իսկ հիմա, երևի բոլորդ եք լսել, թե այնտեղ ինչեր են ստեղծվելու:

Կարդացեք նաև

Հարակից տարածքը ևս պատմամշակութային կառույցի տարածքն է: Ի՞նչ եք կարծում մեր ՓԲԸ-ն անիմա՞ստ էր այդ 20 հա հողը ջրում, ուղղակի պարապ էինք, խոտ էինք աճեցնո՞ւմ.պարզապես տեսքը պետք է չկորցնեինք: Հակառակ դեպքում՝ քանի՞ էլիտար շենք կարող էինք կառուցել այդ տարածքում: Չի արվել, որովհետև չի կարելի դա խաթարել, դա պատմամշակութային կառույցն է՝ իր հարակից տարածքով, որն այդ տեսքով պետք է մնա»:

Փաստաբան Արմինե Հակոբյանն ասաց, որ ներկայումս բավականաչափ դատական վեճեր կան՝ կապված Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր ՓԲԸ-ի հետ և այդ պայմաններում այն աճուրդի հանվել չէր կարող, ինչի համար դիմելու են տարբեր դատական ատյաններ. «Դրանցից կարևորագույնն այն է, որ Կենտրոն-Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում մեկ տարուց ավել քննվում է և վերջնական դատական ակտ չի կայացվել կառավարության և ԴԱՀԿ միջև կնքված գույքի հանձնման վերաբերյալ, բացի դրանից ՝ նույն կառավարությունը իր 854 Ա որոշմամբ՝ հստակ նշել էր, որ շարժական գույքը պետք է հանձնվեր սեփականատերերին, բազմաթիվ ընկերություններ, անհատներ հիմա ևս ունեն դատական գործեր դատարաններում՝ իրենց գույքն են ետ պահանջում Պաշտպանության նախարարությունից: Այդ գործերով ևս չկան դատական ակտեր և հիմա գույքը օտարվում է:

Նաև ավարտված չէ ընկերության սնանկության գործընթացը: Քաղաքապետարանը ընկերության դեմ սնանկության հայցով դիմել է ընդամենը 50 մլն ՀՀ դրամի պարտավորության դիմաց, իսկ պետական բյուջեն ներկայումս ընկերությանը պարտք է 312 մլն 551հազար 823 ՀՀ դրամ, որի վերաբերյալ ես, որպես փաստաբան, բազմաթիվ անգամ դիմել եմ դատարան՝ գումարի բռնագանձման պահանջով, բայց դատարանն ուղղակի վարույթ չի ընդունում՝ պատճառաբանելով, որ կա սնանկության կառավարիչ և դրանք նրա լիազորություններն են:

Ես դիմել եմ սնանկության կառավարչին, որ նա անձամբ դիմի դատարան՝ գումարի բռնագանձման պահանջով, կամ գրավոր թույլտվություն տա, սակայն որևէ գործողություն չի կատարվել: Այդ մասով ևս իմ կողմից դատախազություն հաղորդում է ներկայացվել, որպեսզի վերացվի սնանկության կառավարչի անգործությունը, դատախազությունը մերժել է ընդամենը գրությունով, որը բողոքարկվել է և ի օգուտ ընկերության դատարանը դիտել է, որ իրոք այս հարցում անգործություն է ձևովորվել: Այսինքն՝ նույնիսկ սնանկության վերջնական դատական ակտ չունենք: Սնանկության մասին ևս վճռաբեկ բողոք է տարվել, մինչ օրս Վճռաբեկ դատարանի որոշումը ևս առկա չէ, և անհասկանալի է, թե այս պահին ինչպե՞ս է համալիրը տրվում մի անհայտ ընկերության, որը, ինչպես բոլորս տեղեկացանք, ս.թ. հուլիսի 20-ին է ստեղծվել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս