Կառավարությունը նախատեսում է 2018 թվականից անցնել լիարժեք ծրագրային բյուջետավորման
ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում նախատեսում է հավանության արժանացնել «Հայաստանի Հանրապետությունում Ծրագրային բյուջետավորման համակարգի ամբողջական ներդրման ռազմավարությանը հավանություն տալու մասին» որոշումը:
Ըստ նախագծի՝ տարիներ շարունակ հանրապետությունում ձևավորված պետական ծախսերի կառավարման համակարգի գնահատման հիմքում դրված էին համապատասխան ծրագրի իրականացման համար պահանջվող, հատկացված և օգտագործված ռեսուրսների ցուցանիշները:
Նման ցուցանիշները և դրանց համադրումներն ի վիճակի չեն եղել տալ լիարժեք տեղեկատվություն ինչպես վերլուծողին, այնպես էլ` որոշումներ ընդունող քաղաքական պաշտոնյաներին ծրագրի նպատակների, դրանց հասնելու համար առաջարկվող ուղիների, սպասվելիք արդյունքների և ընդհանրապես ծրագրի տնտեսական և սոցիալական արդյունավետության մասին:
«Ուստի և, պետական ծախսերի կառավարման արդյունավետության բարձրացման և դրա հիման վրա ռազմավարական որոշումների որակը բարելավելու տեսանկյունից անչափ կարևորվում է պետական գործառույթների իրականացման համար տրամադրվող ֆինանսական (բյուջետային) ռեսուրսների ծախսման ցուցանիշների դիտարկումից ծրագրի շրջանակներում իրականացվող գործունեության և ստացվող արդյունքների դիտարկմանը անցում կատարելու խնդրի լուծոմը, քանի որ դա հնարավորություն է ընձեռում արդեն այլ դիրքերից քննության առնել պետական մարմինների կողմից ներկայացվող բյուջետային հայտերով առաջարկվող ծրագրերի իրականացման համար պահանջվող որևէ ծախսատեսակի ֆինանսավորման նպատակով հատկացումների նախատեսման անհրաժեշտության հարցը կամ գնահատել արդեն իսկ հատկացված միջոցների օգտագործման արդյունավետությունը:
Այսինքն` բյուջետային ծրագրերի կազմման և կատարման ժամանակ դրանց ներկայացման ձևաչափը պետք է արտացոլի ոչ այնքան ծրագրային ծախսերի կառուցվածքն ըստ դրանց տեսակների (աշխատանքի վարձատրություն, ապրանքների և ծառայությունների ձեռքբերում և այլն), որքան այդ ծրագրերի իրականացումից սպասվելիք (ստացված) արդյունքները: Նման մոտեցումների կիրառումը նախատեսող բյուջետավորման մեթոդները ընդհանրացված կրում են «ծրագրային բյուջետավորում» անվանումը»,- ասվում է որոշման նախագծում:
Հիմնավորվում է, որ այդ իսկ պատճառով ՀՀ կառավարությունը սկսած 2004 թվականից քայլեր է ձեռնարկել ծրագրային բյուջետավորման տարրերի աստիճանական արմատավորման ուղղությամբ, տարեցտարի ընդլայնվում են ինչպես ծրագրային բյուջետավորման տարրերի ներդրման շրջանակները: Լիարժեք ծրագրային բյուջետավորման կառավարությունը նախատեսում է անցնել սկսած 2018 թվականից: