«Աշխարհն առանց ջազի չէր կարող լինել, որովհետև այն հաստատ պետք է լիներ»· ջազմեն Արմեն Թութունջյան
168.am-ի զրուցակիցն է արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արմեն Թութունջյանը:
– Ինչպիսի՞ն կլիներ աշխարհը՝ առանց ջազի:
– Աշխարհն առանց ջազի չէր կարող լինել, որովհետև ջազը հաստատ պետք է լիներ: Ջազը միջազգային երաժշտության տեսակ է: Նրա ձևերը բազմազան են: Ես սիրում եմ ջազը՝ իր ջազ լինելու համար, այսինքն՝ իր դասական տեսքով: Մնացած բոլոր ջազերը չեմ սիրում:
Դա, սակայն, չի նշանակում, թե այդ երաժշտությունը վատն է: Ես կցանկանայի դիմել այն բոլոր մարդկանց, ովքեր ասում են, թե էթնո ջազ են նվագում և լսում, «ջազ» բառը չօգտագործել: Թող ասեն՝ ժամանակակից հայկական երաժշտություն: Իսկ ըստ իս՝ հայկական մաքուր երաժշտությունը՝ իր տարբեր դրսևորումներով, ինչպիսիք են գեղջկականն ու հոգևորը, այնքան ինքնաբավ են, որ դրանք ոչ մի բանով կարիք չկա գեղեցկացնել:
– Լսել եմ՝ ավելի շատ կողմնակից եք «հայաստանյան ջազ» հասկացությանը: Ի՞նչ է նշանակում՝ «հայաստանյան ջազ»:
– Հայաստանյան ջազն այն երաժշտությունն է, որը նվագում են Հայաստանում: Այդ ամբողջ սպեկտրը պետք է անվանել հայաստանյան ջազ, քանի որ հայ երաժիշտները ներկայանում են տարբեր ոճերով:
– Համամի՞տ եք, որ ջազը սևամորթների երաժշտությունն է:
– Վաղուց հերքված է այն տեսակետը, թե ջազը սևամորթների երաժշտություն է: Իհարկե, նրանք լավագույնս են նվագում, բայց հենց նույն ամերիկյան հողի վրա եղել են սպիտակամորթ ֆանտաստիկ երաժիշտներ: Պարզապես դա երկու հզոր՝ արևմտաեվրոպական ու արևմտաաֆրիկյան երաժշտական մշակույթների միախառնում է, որը տեղի ունեցավ 3 դարերի ընթացքում ամերիկյան հողի վրա: Իսկ որ ջազն իր սերմերը թողնում է ամեն մի աշխարհագրական վայրում, որի արդյունքում նաև ծնվում է այն, ինչ կոչում են էթնո ջազ, դա ավելորդ ապացույցն է այն բանի, որ ամեն մի մշակույթ գտնում է ջազային լեզվի կիրառումը: Նույնիսկ այն երաժշտությունը, որը պոպուլյար է, միևնույն է, իր մեջ կրում է ջազային տարրեր:
– Ի՞նչ նոր ծրագրեր ունեք առաջիկայում: Ի՞նչ նախագծերում եք ընդգրկված:
– Ըստ երևույթին, հանդես կգամ մի նոր խմբով, որի մասին դեռ չեմ ուզում բարձրաձայնել: Վերջին համերգը նվագել եմ մայիսի 24-ին, Վահագն Հայրապետյանի եռյակի կազմում՝ Գյումրիում: Դրանից հետո ակումբային մեկ-երկու համերգ եմ ունեցել «Չիկոն և ընկերները» խմբի հետ, բայց հիմա միջսեզոնային շրջան է: Դեռ չեմ ցանկանում բացել փակագծերը: Նշեմ, որ ընդգրկվել եմ սեպտեմբերին կայանալիք Yerevan Jazz Fest 2015 միջազգային փառատոնի կազմում, որը տեղի կունենա սեպտեմբերի 17-19-ը՝ Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
– Փառատոները որքանո՞վ են կարևոր:
– Ես կարևորում եմ ցանկացած միջոցառում, որովհետև որքան շատ միջոցառումներ լինեն, այնքան իմ սիրած երաժշտությունը՝ ջազը, կքարոզվի ու կհնչի: Ասում են՝ լավ երաժշտությունը երբեք շատ չի լինում: Կուզենայի, որ փառատոնը դառնա ավանդական:
Կցանկանայի, որ այդ փառատոները ստեղծեն հնարավորություն, որ երաժիշտներն ավելի շատ նվագեն:
– Երաժիշտների մի մասը բողոքում է մշակութային քաղաքականությունից, խոսում դրա բացակայության մասին: Ջազը կարիք ունի՞ մշակութային աջակցության:
– Եղել են դեպքեր, երբ Մշակույթի նախարարությունը ընդառաջել է ջազմեններին: Օրինակ՝ 2008-ին իմ նախաձեռնությամբ Ջազի 70-ամյակի կապակցությամբ դիմեցինք, որ 2-3 տաղանդավոր երաժիշտ ուղարկեն Ամերիկա՝ սովորելու, ու նրանք ընդառաջեցին՝ լուրջ մրցույթի արդյունքում՝ ընտրվեցին Արտյոմ Մանուկյանն ու Արթուր Գրիգորյանը:
Ես Մշակույթի նախարարությանը շնորհակալ եմ, որ աջակցեց իմ գրքի հրատարակությանը, սակայն ես չգիտեմ Մշակույթի նախարարության իրական հնարավորությունները:
Փառատոնի անցկացման նախօրեին ստեղծվում է Ջազային ասոցիացիա, որը ղեկավարելու է «Մեցցո Փրոդաքշընի» ղեկավար Կամո Մովսեսյանը: Հուսանք, որ այդ ասոցիացիան կարող է համախմբել, համակարգել ջազային իրավիճակը Հայաստանում: Երևանում հիմա փառատոներ չկան, այս Yerevan Jazz Fest-ը հույսեր է ներշնչում, որ ինչ-որ բան տեղից կշարժվի: Գոյություն ունի քաոտիկ ակումբային կյանք: Յուրաքանչյուրը երաժիշտ՝ իր շնորհքով, տաղանդով կամ հեղինակությամբ, փորձում է աշխատանք գտնել, քանի որ կան ակումբներ, որտեղ արդեն ֆիքսված օրերի գրաֆիկը չի գործում: Ես ողջունում եմ այդ մոտեցումը, քանի որ, եթե դու ունենում ես ֆիքսված օր, դա դառնում է առօրեական և ինչ-որ հանգստություն է մտցնում երաժիշտների հոգեբանության մեջ: Ես շատ եմ ցավում, որ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնն իր գործունեությունը զգալի նվազեցրել է: Դա այն վայրն էր ու վայրն է, որտեղ երաժիշտը պատասխանատվություն էր զգում բեմ բարձրանալիս ու սուզվում էր իրական համերգային մթնոլորտի մեջ:
Մենք ունենք ոչ շատ մեծ դահլիճներ, որտեղ կարելի է ջազ նվագել, որովհետև ջազը մեծ դահլիճներ էլ չի սիրում: Ջազը կամերային բնույթի դահլիճներ է սիրում: Իհա՛րկե, ջազ ակումբները եղել են, կան և կմնան ջազի համար ամենակարևոր միջավայրը, բայց մեր քաղաքի շատ ակումբներում երաժշտական կուլտուրան անբավարար է:
– Սերնդափոխության հարցը ջազում ինչպե՞ս է տեղի ունենում:
-Սերնդափոխությունը շատ բնական է ընթանում: Ջազը շատ համառ է, կենսունակ, շատ հոռետես մարդիկ կարող են ասել, որ ջազը մահացել է կամ մահանում է: Այդ խոսակցությունները բազմիցս եմ լսել: Ես ընկեր ունեմ, ով ասում է, թե ջազը ցուցակ է, այսինքն՝ այն ամենավառ երաժիշտները, որ կարող ենք թվարկել, արդեն հեռացել են, չկան, բայց նրանք ֆանտաստիկ ժառանգություն են թողել՝ Էլլա Ֆիցջերալդ, Քաունթ Բեյսի, Օսկար Փիթերսոն, Մայլս Դևիս, Ջոն Քոլթրեյն Միլթ Ջաքսոն, Բիլ Էվանս… ցուցակը շարունակելի է: Գարնանը հրաժեշտ տվեցինք Քլարկ Թերիին: Այն աստղերը, ովքեր դեռ ապրում են, 90 տարեկան են: 70-ականներին եկավ ջազ երաժիշտների նոր սերունդը, հիմա հայտնվում են նոր անուններ:
Պարզապես ջազը ստեղծեց իր դասական տեսակները, որը գրանցված է՝ որպես մնայուն արժեք ձայնագրություններում, նոտաներում, ու այդ ամբողջ նյութերի հիման վրա մեծանում է նոր սերունդ:
– 2008թ. արժանացել եք ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման: Բազմաթիվ մրցանակների եք արժանացել: Մրցանակներին, կոչումներին ինչպե՞ս եք վերաբերվում:
– Կոչումների վերաբերյալ իմ կարծիքը հետևյալն է: Ես այն ժամանակ էլ ասացի, որ դա ինձ պետք չէ, որովհետև միայն «Չիկոն» ինձ համար կոչում է, բայց ես, դրա հետ միասին, ասացի, որ դա պետք է իմ մայրիկին, քրոջս, որդուս: Ես մի շարք հրաշալի երաժիշտներ գիտեմ, որ չունեն կոչումները: Կոչումները խորհրդային ժամանակների արդյունք են: Այն ժամանակ չափանիշեր կային, իսկ հիմա չկան:
Շատերը ծաղրում են, ասում են՝ Ամերիկայում չկան կոչումներ, բայց այնտեղ մեծ Award-ներ կան, որտեղ մեծ գումարներ են շնորհվում: