Բաժիններ՝

Յուրահատուկ Սթիվի մայրը

Սթիվ Ջոբսի խորթ մայրը՝ Կլարա Հակոբյանը, համակարգչային հանճարի կյանքում ամենաանփոխարինելի մարդը դարձավ: Կլարան ամուսնու՝ Փոլ Ջոբսի հետ միասին, Սթիվին տվեց այն ընտանիքը, որի պակասը նա այնքա՜ն ուներ, և Ջոբսին պարուրեց անասելի քնքշանքով ու ջերմությամբ:

Կլարա Հակոբյանը ծնվել է Նյու Ջերսիում 1924 թվականին: Նրա ծնողները՝ Լուիս Հակոբյանն ու Վիկտորյա Արթինյանը, ԱՄՆ էին ներգաղթել Արևմտյան Հայաստանի Մալաթիա քաղաքից՝ մազապուրծ փրկվելով Հայոց Մեծ եղեռնի ամենակուլ ճիրաններից:

Սկզբում աղջիկը ծանր կյանքով էր ապրում, քանզի ընտանիքը հազիվ էր ծայրը ծայրին հասցնում, սակայն տեղափոխվելով Սան Ֆրանցիսկո՝ ծնողներն ընդունվեցին այն ժամանակներում հարգի և լավ վարձատրվող աշխատանքների. Մայրը դերձակուհի էր, իսկ հայրը՝ շինարար: Ընտանիքի ֆինանսական վիճակը բարելավվեց, և Կլարան կարողացավ կրթություն ստանալ:

047f22bf04f40a9c0f977a5613dfd889

Իր ապագա ամուսնու՝ Փոլ Ջոբսի հետ Կլարան ծանոթացավ Սան Ֆրանցիսկոյում:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Փոլ Ջոբսն աշխատում էր՝ որպես առափնյա փրկարար: Նրանք գործընկերներով հաճախ էին գրազ գալիս, տարբեր չարաճճիություններ անում, և մի անգամ Փոլ Ջոբսը գրազ եկավ, որ 2 շաբաթվա ընթացքում կամուսնանա ամենագեղեցիկ աղջկա հետ, մանավանդ որ, ինքն էլ բավականին ներկայանալի տղամարդ էր, և երևի թե գրազն իր օգտին լուծելն այնքան էլ բարդ գործ չէր նրա համար: Պատահական չէ, որ Ջոբսին հաճախ էին համեմատում ճանաչված դերասան Ջեյմս Դինի հետ:

Կլարայի հետ նա ծանոթացավ ընդհանուր ընկերների կազմակերպած երեկույթի ընթացքում: Գեղեցիկ հայուհու վրա երիտասարդը բավականին լուրջ տպավորություն թողեց, երբ հանկարծ հայտնվեց նոր ավտոմեքենայով: Այդ ժամանակներում դա շքեղություն էր, և շատ քչերը կարող էին իրենց թույլ տալ մեքենա ունենալ: Այդպես նրանք սկսեցին հանդիպել և 10 օր հետո ամուսնացան:

jobsnew_1980127c

Ջոբսերի ընտանեկան կյանքը խաղաղ ու երջանիկ էր ընթանում, եթե չլիներ մի բայց. նրանք չէին կարողանում երեխաներ ունենալ:

«Սթիվ Ջոբս. «Apple» ընկերության հիմնադրի հեղինակային կենսագրությունը» գրքի հեղինակ Ուոլթեր Այզեկսոնի խոսքերով՝ Կլարան տառապում էր անպտղությամբ, և 9 տարվա համատեղ կյանքից հետո զույգը որդեգրում է մի փոքրիկ տղայի, որին տալիս են Սթիվեն Փոլ Ջոբս անունը: «Ծնողներս երբեք ինձնից չեն թաքցրել իմ ծագման պատմությունը,- ասում էր Սթիվը: -Երբ ես 6 տարեկան էի, հարևանի աղջկան պատմեցի ինձ որդեգրելու պատմությունը և ի պատասխան՝ լսեցի՝ մի՞թե քո իսկական ծնողները քեզ չէին սիրում: Այդ բառերն ինձ խոցեցին, սակայն հետո ինձ մոտեցավ մայրս և նայելով աչքերիս մեջ՝ ասաց՝ դու յուրահատուկ տղա ես, և մենք քո ընտանիքն ենք»:

Իր կենսաբանական ծնողների՝ ամերիկուհի Ջոաննա Շիբլի և սիրիացի Անդուլֆաթթահ Ջոն Ջանդալի համար Սթիվը ցանկալի երեխա չէր: Երբ 1955 թվականի փետրվարի 24-ին նա ծնվեց, տղայից հրաժարվեցին և նրան տվեցին երիտասարդ կալիֆոռնիական Ջոբս զույգին: Այդ ժամանակ Կլարան հաշվապահ էր, իսկ Փոլը՝ լազերային սարքավորումներ արտադրող ընկերությունում՝ մեխանիկ: Հենց հայրը որդուն ծանոթացրեց էլեկտրոնիկայի հիմնական սկզբունքների, համակարգչային տեխնիկայի և նոր մշակումների հետ, ինչն էլ հետագայում իր դերն ունեցավ նրա կարիերայի վրա:
1970-ական թթ. Սթիվ Ջոբսը՝ «Apple» ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակի հետ միասին, ստեղծում է առաջին շահութաբեր անհատական համակարգիչներից մեկը: Բայց 1985 թվականին Տնօրենների խորհրդի դեմ պայքարում կորցնելով իր ունեցած իշխանությունը, Սթիվը հեռացավ ընկերությունից: Այնուհետև նա հիմնադրում է NeXT համակարգչային ընկերությունը, որը մասնագիտացված էր բիզնեսի շուկաների և բարձրագույն կրթության վրա, և Ջորջ Լուկասից գնում է Pixar ստուդիան:

ad64a6b633d8cbdef6f88eb5ab91ee1f

1997 թվականին Սթիվ Ջոբսը վերադառնում է «Apple» ընկերություն և զբաղեցնում ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը: Հենց նրա ղեկավարությամբ է ընկերությունը դառնում ամենաթանկարժեք IT ֆիրման աշխարհում՝ արտադրելով սարքավորումներ, որոնք մինչ այդ իրենց համարժեքը չեն ունեցել աշխարհում՝ iPad, MacBook Air, iPhone и iPod:

Անգամ գտնվելով փառքի գագաթնակետին, Սթիվ Ջոբսը երբևէ չկարողացավ մոռանալ ու ներել իր կենսաբանական ծնողների՝ իրեն լքելը: Շատ երկար տարիներ նա այդպես էլ չէր կարողանում կարգավորել իր հարաբերությունները կենսաբանական ծնողների հետ»:

«Սթիվը շատ էր խոսում այն մասին, որ իր իսկական ծնողները լքել են իրեն: Նա բազմիցս խոստովանել է, որ հենց այդ ցավն է սովորեցրել իրեն երբեք ոչ ոքից կախում չունենալ: Նա միշտ վարվում էր այնպես, ինչպես ուզում էր, և առանձնանում էր ամբոխից, քանի որ ծննդյան օրից ապրում էր մի ուրիշ, իր իսկ ստեղծած աշխարհում»,- պատմում է Սթիվ Ջոբսի դասընկեր Գրեգ Կելհունը:

f56a23377328650171e910b35c49d1ab

Ինչ վերաբերում է Կլարային և Փոլին, Սթիվ Ջոբսին երբեք դուր չէր գալիս, երբ նրանց անվանում էին խորթ ծնողներ կամ ակնարկում էին, որ նրանք իր հարազատ ծնողները չեն:

«Փոլը և Կլարան են իմ իսկական ծնողները,- միշտ ասում էր Ջոբսը և ավելացնում,- իսկ իմ կենսաբանական ծնողներն ինձ համար գոյություն չունեն»:

Սթիվ Ջոբսի մայրը՝ Կլարա Հակոբյանը, մահացավ 1986 թվականին, իսկ հայրը՝ Փոլ Ջոբսը՝ տարիներ անց: Դրանք Սթիվի համար ծանր տարիներ էին: Նա դժվարությամբ համակերպվեց ծնողների կորստի ցավին:

Ինչպես վկայում է Այզեկսոնը. «Սթիվը շատ կապված էր մոր հետ: Կլարան նրան կարդալ էր սովորեցրել դեռևս մինչ Սթիվի՝ դպրոց հաճախելը: Այդ կինն օրինակ էր Ջոբսի համար և որդու մեջ ներարկում էր միայն լավը, բարին, ճիշտը, վսեմը: Կլարան մեծ սեր էր տալիս որդուն: Այդ հանճարեղ մարդու դաստիարակության գործում Կլարա Հակոբյանի դերն աներևակայելիորեն մեծ էր»:

2007 թվականին, երբ Սթիվ Ջոբսը Թուրքիայում էր, այցելեց Սուրբ Սոֆիայի տաճար: Ըստ էքսկուրսավարի՝ նախկինում տաճարը եկեղեցի էր եղել, ապա դարձել էր մզկիթ: Այդ պահին Ջոբսը հարցնում է նրան. «Իսկ ի՞նչ արեցիք դուք բոլոր քրիստոնյաների հետ, երբ եկեղեցին մզկիթ դարձրիք. չէ՞ որ դուք 1.5 միլիոն հայ քրիստոնյաների ցեղասպանության ենթարկեցիք: Ինչո՞ւ չեք պատմում, թե դա ինչպես է եղել»:

Թուրք էքսկուրսավարի երկար կակազոցից ու հերքումներից Ջոբսը սաստիկ զայրանում է ու, առանց որևէ բառ արտաբերելու, լքում է տաճարը, ապա նաև՝ երկիրը:  «Չնայած նրա երակներով հայկական արյուն չէր հոսում, սակայն մոր՝ Կլարա Հակոբյանի հանդեպ տածած անսահման սիրուց ու երախտագիտությունից նա խորապես զգում և կիսում էր այն ցավը, որն ապրել էր իր մոր ընտանիքն այն սարսափելի տարիներին»,- ասում էր Ֆիլ Վալոցկին:

Մահից առաջ Կլարան Սթիվին խնդրում է գտնել իր իսկական մորն ու հանդիպել նրա հետ: Սթիվը դեմ էր դրան, բայց քանի որ դա մոր վերջին ցանկությունն էր, նա կատարում է այն: Եվ 30 տարի անց Սթիվը հանդիպում է իր իսկական մորը՝ Ջոաննային, սակայն այդպես էլ վերջինիս ներել չի կարողանում:

«Ես հավատում եմ, որ մարդու որակները կախված են իր շրջապատից, ոչ թե ժառանգականությունից: Բայց այնուամենայնիվ, փոքր-ինչ հետաքրքիր է իմանալ կենսաբանական արմատներիդ մասին: Բացի դրանից՝ ես ուզում էի, որ Ջոաննան համոզվի, որ ժամանակին մեծ սխալ է գործել՝ ինձ տալով Ջոբս ընտանիքին»,- ասում էր Սթիվ Ջոբսը:

Պատրաստեց Գ. ՍԱՎԶՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս