Բաժիններ՝

Ի՞նչ է էկզեման. առաջացման պատճառներ, ախտանիշներ և բուժում

Էկզեման (eczema) մաշկի յուրահատուկ էրիթեմատոզ-բշտիկային ախտահանում է, որն առաջանում է սուր կերպով, բայց հետագայում ընղունում է խրոնիկական ընթացք՝ հաճախակի գրգռումների հակումով և ուղեկցվում է քորով։ doctors.am-ի փոխանցմամբ՝ էկզեմայի զարգացումը պայմանավորված է շճային բորբոքումով, գերազանցապես բուն մաշկի պտկիկային շերտի և վերնամաշկի փշաձև շերտի օջախային սպոնգիոզով, մանր խոռոչների (այսպես կոչված մանրաբշտիկների կամ միկրովեզիկուլների) գոյացումով։ Տարբերում են իսկական, մանրէային ու պրոֆեսիոնալ էկզեմա։

Իսկական էկզեմա։ Սուր շրջանում բնորոշվում է էրիթեմային, թեթև այտուցային ֆոնի վրա մանր բշտիկների (միկրովեզիկուլների) ցանավորումով։ Արագորեն բացվելով, բշտիկները վեր են ածվում մանր, կետային էրոզիաների, որոնք կաթիլներով, ցողի նման, արտադրում են շճային էքսուդատ (սուր թաց էկզեմա)։ Պրոցեսի հանդարտմանը զուգընթաց գոյացող բշտերի քանակը պակասում է, և ախտահարված տեղամասի մակերեսի վրա, բշտերի կողքին ի հայտ է գալիս մանր, ալրանման թեփոտում։ Բշտիկների մի մասը առանց բացվելու չորանում է, գոյացնելով կեղևիկներ։ Քանի որ էկզեման զարգանում է հրոցայնորեն, նշված բոլոր տարրերը բշտիկներր, կաթիլային թացությամբ քերծվածքները, կեղևիկներն ու թեփուկները մաշկի ախտահարված տեղամասի վրա սովորաբար երևան են գալիս միաժամանակ, ստեղծելով էկզեմային ամենից ավելի բնորոշ նշաններից մեկը՝ էվոլյուցիոն բազմաձևություն (պոլիմորֆիզմ)։ Այնուհանդերձ, ոչ հազվադեպ, արտահայտված բազմաձևության առկայության դեպքում, դիտվում է մեկ ձևաբանական տարրի գերակշռություն մյուսների նկատմամբ, որը հիմք է տալիս շատ դերմատոլոգների առանձնացնելու էկզեմայի տարբեր ձևեր՝ թաց, թեփոտվող, կեղևիկային և այլն։

Էկզեմայի անցումը խրոնիկական ձևին կատարվում է աստիճանաբար և արտահայտվում է աճող ինֆիլտրացիայով, մաշկի ախտահարված տեղամասի պնդացումով ու մաշկային գծագրության ուժեղացումով՝ որքինացումով։ Ակտիվ գերարյունությունըփոխարինվում է պասսիվով, և մաշկի գունավորումն ընդունում է ավելի ու ավելի արտահայտված կանգային նրբերանգ։

Ախտահարված տեղամասի մակերեսի վրա գերակշռում է թեփոտումը, բայց դրա հետ մեկտեղ դիտվում է (թեկուզ և զգալիորեն ավելի պակաս քանակով, քան սուր և ենթասուր ձևերի ժամանակ) բշտիկների ցանավորում, մանր, կետային քերծվածքների ու կեղևիկների գոյացում։ Էկզեմայի խրոնիկական շրջանում (և դա խիստ բնորոշ է տվյալ հիվանդությանը) կարող է երևան գալ պրոցեսի սրացման շրջան, որն արտահայտվում է նորից ակտիվ գերարյունության, միկրովեզիկուլների ու դրանց բացվելու հետևանքով՝ առատ կաթիլային խոնավության առաջացումով։ Էկզեման միշտ ուղեկցվում է քորի զգացումով, որն առանձնապես ուժեղանում է պրոցեսի սրացման ժամանակ։

Կարդացեք նաև

Էկզեմայի օջախներն ունենում են տարբեր մեծություն։ Նրանց եզրագծերը մերթ առանց ցայտուն սահմանների են, մերթ խիստ գծագրված։ Համեմատաբար հազվադեպ էկզեմային ախտահարումը սահմանափակվում է մեկ օջախով։ Ծագելով մաշկային ծածկույթի մեկ տեղամասում, էկզեմային պրոցեսը սովորաբար արագորեն՝ տարածվում է ուրիշ, ամենից առաջ սիմետրիկ տեղամասերի վրա։ Առանձին դեպքերում էկզեման կարող է ընդունել գրեթե համապարփակ տարածում։ Նրա զարգացումն սկսվում է մեծամասամբ ձեռնաթաթերի մեջքային մակերեսից ու դեմքից։ Էկզեմայի ընթացքը, ինչպես նշվել է վերը, աչքի է ընկնում երկարատևությամբ ու սուր սկսված ախտահարման հակումով դեպի անցումը խրոնիկական վիճակի, որը կարող է ձգվել տարիներ։ Բայց Էկզեմային ախտահարման համար բնորոշ են հաճախակի կրկնումները՝ նոր օջախների գոյացումով, որոնք դիտվում են նույնիսկ հիվանդին բուժելու պրոցեսում։ Էկզեմայի այդքան յուրօրինակ, “քմահաճ” ընթացքը կարևոր նշանակություն ունի այդ հիվանդությունն ախտորոշելու և մաշկային այլ՝ ձևաբանորեն նրան մոտ ախտահարումներից տարբերակելու համար։

Էկզեմայի տեղակայումը չի անդրադառնում հիվանդության կլինիկական պատկերի վրա։ Բացառություն է կազմում միայն ափերի ու ներբանների շրջանը, որտեղ մաշկի կառուցվածքի առանձնահատկություններից (մասնավորապես վերնամաշկի և հատկապես եղջերային շերտի հաստությունից) կախված` էկզեման արտահայտվում է փոքր-ինչ այլ ձևով, որն առանձնացվում է դիսհիդրոտիկ (քրտնախանգարումային) էկզեմա անվան տակ։

Դիսհիդրոտիկ էկզեմային բնորոշ է ափերի ու ներբանների մաշկի վրա ամուր, մանր սիսեռի մեծության, շատ եփելուց քրքրված սագոյի հատիկներ հիշեցնող բշտերի գոյացումը։ Վերնամաշկի հաստության պատճառով մաշկի բորբոքային գունավորումն այստեղ արտահայտվում է շատ թույլ։ Բշտիկները կամ բացվում են, վերածվելով քերծվածքների, կամ չորանում են, վերածվելով տափակ, դեղնավուն գույնի կեղևների, երբեմն միաձուլվում են, գոյացնելով խոշոր, բազմախցիկային բշտեր։ Բշտիկների հետագա ցանավորումը կարող է հանգեցնել խիստ սահմանափակ, ցայտուն արտահայտված բորբոքային գունավորում ունեցող ախտահարման օջախների առաջացման, որի ֆոնի վրա ծագում են նոր բշտիկներ (սովորաբար արդեն ավելի փոքր չափերի), ոչ մեծ քերծվածքներ, կեղևիկներ ու թեփոտում։

ekzema

Դիսհիդրոտիկ էկզեմայի օջախը ցայտուն սահմանագծվում է առողջ մաշկից, շատ անգամ շրջապատված է լինում շերտազատվող եղջերաշերտի օձիքով, որի սահմաններից դուրս պրոցեսի սրացման շրջաններում կարելի է տեսնել նոր բշտիկների առաջացում, որոնք հիշեցնում են սագոյի հատիկները։ Աստիճանաբար մեծանալով, ախտահարման օջախը կարող է անցնել ձեռնաթաթի կամ ոտնաթաթի մեջքի վրա, որտեղ բորբոքային պրոցեսն արդեն ընդունում է սովորական էկզեմային բնորոշ կլինիկական պատկեր՝ մանրաբշտիկների ցանավորումով հանդերձ։ Շատ հաճախ քորելու հետևանքով էկզեման կարող է բարդանալ թարախածին ինֆեկցիայով։ Այդ ժամանակ էկզեմային օջախի մակերեսին գոյանում են փխրուն, թմբիկավոր, պղնձադեղին կամ կանաչավուն գույնի կեղևներ, որոնց հեռացումից հետո է միայն հայտնաբերվում էկզեմային բնորոշ պատկերը։ Այդպիսի, այսպես կոչված, իմպետիգինոզ էկզեման առանձնապես հաճախ է դիտվում երեխաների մոտ։

Մանրէային էկզեման սովորաբար առաջանում է մաշկի մակերեսային թարախակոկային ախտահարումների (իմպետիգո, խրոնիկական սփռուն ստրեպտոդերմիա) էկզեմայացման հետևանքով, այդ պատճառով ախտահարման օջախները կրում են ինչպես էկզեմայի, այնպես էլ հիմնական թարախակոկային պրոցեսի բնորոշ գծերը։ Կլինիկորեն նրանք բնութագրվում են խիստ սահմանափակությամբ և կլոր կամ խոշոր ժաներիզավոր գծագրությամբ։ Շատ անգամ, օջախների ծայրամասում նշվում է շերտազատվող եղջերային օձիք։ Մաշկի ախտահարված տեղամասը ոչ հազվադեպ ծածկված է թերթիկավոր կեղևներով, որոնց հեռացումից հետո երևում է կապտավուն նրբերանգով վարդագույն, թաց մակերես։ Այդ ֆոնի վրա ցայտուն արտահայտվում են էկզեմային ջրհորները, որոնք կաթիլներով անջատում են շճային էքսուգատ։ Ամենից հաճախ տեղակայվում է սրունքների, ձեռնաթաթերի մեջքի, գլխի մազածածկ մասի մաշկի վրա։ Էկզեմայի առաջնային օջախի ի հայտ գալուց հետո շատ անգամ տեղի է ունենում նրա տարածումը (դիսեմինացիա), որը բնութագրվում է սիմետրիկորեն տեղադրված նոր օջախների հանդես գալով։ Ըստ երևույթին, մանրէային էկզեմայի տարատեսակն է հանդիսանում, այսպես կոչված, դրամանման էկզեման, որը բնութագրվում է խիստ սահմանափակ, կանոնավոր կլոր ձևի, 1,5-3 մմ և ավելի տրամագծով, նորմալ մաշկի մակերեսից քիչ բարձրացող օջախների գոյացումով։ Նրանց կապտակարմիր գույնով ներկված մակերեսին նշմարվում է առատ, կաթիլային թացություն։

Ախտորոշումը։ Էկզեման մաշկաբորբերից (մասնավորապես ալերգիկ) տարբերող կլինիկական նշանները ցույց են տրվել վերևում։ Խրոնիկական սփռուն ստրեպտոդերմիայից ու տարածուն երկարատև ընթացք ունեցող իմպետիգոյից (մասնավորապես երեխաների մոտ) էկզեման տարբերվում է թացության բնույթով։ էկզեմայի դեպքում թացությունն ունի մանրակաթիլային բնույթ և էքսուդատն անջատվում է մանր-կետային էրոզիաների միջով, մինչդեռ նշված հիվանդությունների ժամանակ թացությունն համատարած է, քանի որ գոյանում է խոշոր էրոզիաների մակերեսների վրա, որոնք առաջանում են միմյանց միաձուլված բշտիկներից։ Էկզեմատիդը պետք է տարբերակելվարդագույն որքինից (որի բծերի վրա թեփոտում է նշվում միայն կենտրոնական մասում և երբեք չի հասնում մինչև ծայրամասը),պսորիազից, սեբորեային էկզեմայից։

Բուժումը։ Սուր շրջանում, խիստ թացության առկայության դեպքում նշանակվում են սառը, հաճախակի փոխվող թրջոցներ կամ չորացնող թաց վիրակապեր՝ տտիպ լուծույթներով ( Aq. plumbi, Sol-Resorcini 1% և այլն)։ Ենթասուր շրջանում, երբ թացությունը աննշան է և գերակշռում է թեփոտումը, ցուցված է նաֆթալանային կամ իխթիոլային (2-5%) մածուկների նշանակումը։ Ինչպես սուր, այնպես էլ ենթասուր շրջաններում լավ արդյունք են ցուցաբերում կորտիկոստերոիդային քսուքներն ու կրեմները՝ սինալարը, լոկակորտենը, ֆթորոկորտը, պրեդնիզոլոնի օծանելիքը և այլն։ Խրոնիկական դեպքերում (մաշկի ախտահարված տեղամասերի արտահայտված ինֆիլտրացիայի ժամանակ) հանձնարարվում են ներծծիչ միջոցներ, մասնավորապես ձյութի պրեպարատներ, ACD՝ մածուկների կամ քսուքների ձևով, ինչպես նաև տաքություն՝ տաք լոգանքների կամ տաքացնող կոմպրեսների ձևով (նույն տտիպ լուծույթներով)։ Համառ կրկնումների և հաճախակի սրացումների դեպքում երբեմն կարելի է դիմել տեղային ռենտգենաբուժման կամ Բուկի ճառագայթներով լուսավորման։ էկզեմատիդի սկզբնական շրջանում օգտագործվում են անիլինային ներկերի ջրային կամ սպիրտային լուծույթներ, հետագայում՝ կորտիկոստերոիդային հորմոններ ու հակաբիոտիկներ պարոլնակող քսուքներ ու կրեմներ (օքսիկորտ, լոկակորտեն նեոմիցինով և այլն), այնուհետև՝ 2%-անոց իխթիոլային, 5%-անոց բորանաֆթալանային, 2-5%-անոց ձյութային մածուկներ։ Ինֆեկցիայի օջախների առկայության դեպքում անհրաժեշտ է դրանք բուժել։ Էկզեմատիդով հիվանդները, հատկապես հիվանդության սկզբնական շրջանում, վատ են տանում լոգանքներն ու ցնցուղումները, որոնք պետք է նշանակել մեծ զգուշությամբ։

Ընդհանուր բուժումը պետք է տանել հիվանդներին հանգստացնող միջոցներ նշանակելու ուղղությամբ, բրոմի, վալերիանի,քլորալհիդրատի պրեպարատներ, տրանկվիլիզատորներ (տրիոքսազին, քլորդիազեպոքսիդ և այլն)։ Ցուցված են նաև կալցիումի քլորիդի, կալցիումի գլյուկոնատի 10%-անոց լուծույթի ներերակային ներարկումներ, հակահիստամինային պրեպարատների (դիմեդրոլ, դիազոլին, դիպրազին, սուպրաստին և այլն), վիտամինների ( B1, C և այլն) նշանակում, խրոնիկական էկզեմայի ժամանակ՝ պիրոգենալի, հիստագլոբուլինի սրսկումներ։ Խորհուրդ է տրվում քնի նորմալացում ու երկարացում՝ քնաբերների ոչ մեծ դոզաների նշանակման միջոցով,էլեկտրաքուն, հիպնոսաբուժում։ Նպատակահարմար է ստեղծել իրադրության փոփոխում, հանգիստ առողջարանային պայմաններում՝ լավ է ամառային-աշնանային շրջանում Ղրիմի կամ Կովկասի սևծովյա առափնյա շրջաններում։ Եթե էկզեմայով հիվանդանալը կապված է որևէ ընդհանուր հիվանդության կամ այս կամ այն ներքին օրգանի հիվանդության հետ, ապա անհրաժեշտ է միաժամանակ բուժել նաև վերջինները։

Շատ սուր կամ տարածված էկզեմայի դեպքերում, որը չի ենթարկվում սովորական բուժման, կարելի է 2-3 շաբաթվա ընթացքում անցկացնել բուժում կորտիկոստերոիդ հորմոններով, սկսած 20-30 մգ պրեդնիզոլոնից (կամ նրա նմանակների համապատասխան դոզաներից), աստիճանաբար իջեցնելով դոզավորումը։ Երեխաներին կորտիկոստերոիդ պրեպարատների ներքին նշանակումը աննպատակահարմար է։ Էկզեմայով հիվանդները պետք է սահմանափակեն հեղուկների, դյուրամարս ածխաջրերի (շաքար, մուրաբա, մեղր, յուղաբլիթ և այլն), աղի, սուր սննդամթերքների (ապխտեղեն, պղպեղ, մանանեխ, սխտոր, սոխ), ալկոհոլային խմիչքների օգտագործումը։ Էկզեմայով հիվանդները պետք է գտնվեն դիսպանսերային հսկողության տակ։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս