Հայաստանը թեստային գործոն է ԵՄ-ի և Ռուսաստանի միջև
«Արևմուտք-ՌԴ հարաբերությունները լարման միտում ունեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Եվրոպայի քոլեջի դասախոս, նախկին դիվանագետ, Ֆրանսիայի միջազգային և ռազմավարական խնդիրների ինստիտուտի առաջատար վերլուծաբան, ԵՄ կառույցներում ուսումնական ծրագրեր իրականացնող Լոռ Դելքուռը` անդրադառնալով Արևմուտք-ՌԴ հարաբերությունների գերլարման պայմաններում ՀՀ-ԵՄ հարաբերություններում առկա հնարավորություններին:
Նա նշեց, որ ՌԴ-Արևմուտք հարաբերությունների կարգավորման հեռանկարը տեսանելի չէ, ընդհակառակը՝ դրանք վատթարացման միտում ունեն: Դելքուռի կարծիով` ՌԴ-ն չի ցանկանում զիջումների գնալ և «զենքերը վայր դնել» Ուկրաինայում: Ավելին, ըստ նրա, միջազգային հարթակներում Ռուսաստանն իր գործունեությամբ էլ ավելի է սրում իրավիճակը, որն էլ իր հերթին՝ հանգեցնում է արևմտյան նորանոր ճնշումներին Ռուսաստանի հանդեպ:
Այս իրավիճակում, ֆրանսիացի դիվանագետի համոզմամբ, երկու կողմերի ցանկացած նախաձեռնություն դատապարտված է տապալման, խոսքը և՛ Եվրասիական տնտեսական միության, և՛ ԱլԳ-ն նոր թափով շարունակելու նախաձեռնության մասին է: «Հայաստանն այս հարաբերություններում թեստային գործոն է ԵՄ-ի և Ռուսաստանի, այսինքն` Եվրասիական տնտեսական միության միջև»,- ասաց Դելքուռը` ակնարկելով, որ ՌԴ-ի ճնշումները հետխորհրդայինն տարածքում ակնհայտորեն սկսվեցին Հայաստանի կողմից Ասոցացման համաձայնագիր ստորագրելու մտադրությունից առաջ, ինչը նշանակում է, որ Հայաստանին թույլտրվելիք արտաքին քաղաքական ազատությունից պարզ կդառնա ՌԴ-ի տրամադրվածությունը հետսովետական տարածքի և դրանում ԵՄ-ի դերակատարության շուրջ:
«Ներկայումս, երբ ՀՀ-ն արդեն ԵՏՄ անդամ է, ԵՄ-ի հետ հարաբերությունները զարգացնելու հետաքրքրություն է ցուցաբերում, և այստեղ է, որ ԵՄ-ն կհասկանա, թե որքանով է Ռուսաստանը պատրաստ հանդուրժել հետսովետական որևէ երկրի արտաքին քաղաքականությունում անկախ բաղադրիչ:
Սակայն, դատելով ՌԴ ներկայիս քաղաքականությունից, կարող ենք ասել, որ այն չի հանդուրժի և կփորձի վիժեցնել Ռիգայում Հայաստանի և Եվրոպական միության միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, կամ դրանք կիրագործվեն մասնակիորեն»,- ասաց Լոռ Դելքուրը: Վերջինիս համոզմամբ, եթե նույնիսկ արգելքներ չառաջանան, Հայաստանին լուրջ աշխատանք է պետք իրականացնել՝ ԵՄ չափանիշները, ԵՄ պահանջները ներդնելու ուղղությամբ: