![](/banners/BeFunky-design.jpg)
Նախորդ տարիների համեմատ՝ այս ամառ ունենք հիվանդացությունների աճ. առողջապահության նախարարի տեղակալ
![](https://168.am/wp-content/uploads/2015/08/AN.jpg)
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ նախորդ տարիների համեմատ՝ այս ամառ ունենք հիվանդացությունների աճ, ինչը պայմանավորված է շոգ եղանակով. «Իրավիճակը խստորեն վերահսկվում է, յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ ունենք մանրամասն տեղեկություններ և յուրաքանչյուր դեպքի վարման հետ կապված՝ ունենք մեր հստակ մոտեցումները»:
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը նշեց, որ ամառային շոգ եղանակին մարդու օրգանիզմի վրա առավել մեծ ազդեցություն է ունենում երկու հիմնական գործոն՝ ջերմային գործոնը (ջերմաստիճանի բարձրացումը) և ուլտրամանուշակագույն ճառագայթումը. «Ուլտրամանուշակագույն ճառագայթների չափավոր ընդունումը խթան է հանդիսանում իմունային համակարգի, ոսկրային համակարգի, նյութափոխանակության, դիմադրողականության բարձրացման համար: Բայց երբ այդ քանակը չափավոր չէ, մբացասական ազդեցություն է լինում մարդու օրգանիզմի վրա: Ուլտրամանուշակագույն ճառագայթները ժամը 12:00-17:00-ն, իսկ վերջին օրերին՝ մինչև 19:00-ն առավել բացասական են ազդում և մարդկանց մոտ կարող են առաջացնել տարբեր տիպի տեղային այրվածքներ, որոնք մաշկի վրա ի հայտ են գալիս կարմրածության, այտուցի, բշտիկների տեսքով, կարող են առաջացնել նաև մաշկի չարորակ նորագոյացություններ՝ մելանոմաներ: Նշված ժամերին պետք է խուսափել արևի ուղիղ ճառագայթների տակ մնալուց»:
Ա. Վանյանի խոսքով՝ ջերմաստիճանի բարձրացումն առավել մեծ ծանրաբեռնվածություն է մարդու օրգանիզմի սրտանոթային, շնչառական համակարգերի համար. «Օրգանիզմի ջերմատվության հիմնական ուղին քրտնարտադրությունն է, որն ապահովում է ջերմատվության 85%-ը, այն կտրուկ ավելանում է շոգ եղանակներին՝ նպաստելով օրգանիզմի հովացմանը: Նորմալ օրերին 2-2.5 լիտր հեղուկ է գոլորշիանում, իսկ այս օրերին հասնում է մինչև 4 լիտրի, դրա համար պետք է օրական մինչև 3 լիտր հեղուկ օգտագործել՝ ջուր, թան, կեֆիր, կարող եք ջրի հետ մեկ կտոր կիտրոն օգտագործել, կարող եք օգտագործել թեյ, չի կարելի չարաշահել շաքար և կոֆեին պարունակող հեղուկները»:
Ամռան ամիսներին մեծանում է վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների առաջացման և տարածման վտանգը՝ պայմանավորված հիվանդությունների փոխանցողների բազմացման համար առավել նպաստավոր պայմաններով: Վարակներից խուսափելու համար Ա. Վանյանը խորհուրդ տվեց զերծ մնալ անհայտ ծագման սննդից, կրեմային հրուշակեղենից, որոնք միջավայր են հարուցիչների համար և պահպանել անձնական հիգիենան: