«Բուիկայի հետ համատեղ «Հով արեք, սարեր ջան» կատարումը ձայնագրվել է հենց իր առաջարկով». Վահագն Թուրգության
Օրեր առաջ «Անի» հյուրանոցում տեղի ունեցավ հանդիպում ամերիկաբնակ ֆլամենկո կիթառահար Վահագն Թուրգությանի հետ, որի ընթացքում երաժիշտը լրատվամիջոցների ուշադրությանը ներկայացրեց իր վերջին, թվով չորրորդ՝ «Imagined frequencies», ձայնասկավառակը, որտեղ ընդգրկված երաժշտության հիմնական մասի հեղինակն ինքն է, բացառությամբ մեկ կոմիտասյան՝ «Հով արեք, սարեր ջան» երգի, որը, ի դեպ, կիթառահարը ձայնագրել է հայտնի սևական երգչուհի Կոնչա Բուիկայի (Concha Buika) հետ: Օգտագործելով առիթը, որ Վահագնը դեռ Երևանում է, 168.am-ն ընդարձակ զրույց ունեցավ նրա հետ:
– Վահագն, ներեցեք, բայց չեմ կարող զրույցն այլ հարցից սկսել,պարզապես անդիմադրելի հետաքրքրություն կա իմանալու՝ ձեր բեղերը միայն ի՞նձ են հիշեցնում Սալվադոր Դալիի մասին, թե՞ դա հատուկ է արված:
– (Ժպտում է.- Ն.Մ.) Ո՛չ, Նվարդ, Սալվադոր Դալին իր բեղերն ինձ է նվիրել: Մի տեսահոլովակ ունեմ նկարահանած, որ նվիրված է հենց իրեն, այդ առիթով բեղերս էսպես սարքեցի ու այդպես էլ թողեցի, դուրս շատ եկավ:
– Դալիի արվեստը ոգեշնչո՞ւմ է Ձեզ:
– Այո, շատ, և այն ամենը, ինչ կապված է Իսպանիայի ու ֆլամենկոյի հետ, ևս ոգեշնչում է: Ինձ համար Դալին նկարիչ չէ: Այդ մասին ինքն էլ մի առիթով ասել է, երբ իրեն հարցրել են, թե ի՞նչ է նա նվիրել արվեստի աշխարհին, Դալին պատասխանել է. «Որպես նկարիչ՝ բացարձակ ոչինչ չեմ տվել այդ աշխարհին, ես շատ վատ նկարիչ եմ, որովհետև շատ խելացի եմ՝ լավ նկարիչ լինելու համար…»:
– Դուք ծնվել եք Երևանում, բայց ապրում եք Լոս Անջելեսում, և, կարծեմ, մի քանի օրով եք վերադարձել: Այդ քաղաքը որևէ ազդեցություն թողնո՞ւմ է Ձեր ստեղծագործական կյանքի և որակի վրա:
– Շատ մեծ ազդեցություն է թողնում: Դա ոնց որ մի մեծ կաթսա լինի, որտեղ եփվում է մի ճաշ, որը հստակ անուն չունի, և այդ ճաշի մեջ, բառիս բուն իմաստով, ամեն ինչ կա՝ բանջերեղեն, միս, ձավարեղեն, ամենատարբեր համեմունքներ իրար խառնած:
– Իսկ այդ ճաշն ուտել լինո՞ւմ է:
– Այո, ու կարծում եմ՝ մանավանդ արվեստագետի համար սա հիանալի «կերակուր» է… Լոս Անջելեսն այս իմաստով նաև հարուստ գազանանոց է, որտեղ ամեն տեսակի կենդանի կտեսնես՝ արվեստի, ազգությունների, մշակույթների հետ կապված:
– Դուք այդ գազանանոցում կարծեմ տրիո եք հիմնել, չէ՞:
– Այո՝ «Gavin Salmon»-ը, որտեղ ներգրավված է մեզ բոլորիս հարազատ Մանուկյանը նույնպես (խոսքը թավջութակահար Արտյոմ Մանուկյանի մասին է.- Ն.Մ.), ով շատ կարևոր անդամ է այդ տրիոյում: Մենք իրար հետ աշխատում ենք դեռ իր՝ ԱՄՆ տեղափոխվելու հենց սկզբի տարիներից:
– Ինչպես հասկացա՝ առանձնահատուկ մոտեցում եք ցուցաբերել տրիոյի անդամների ընտրության հարցում:
– Ինձ մոտ միշտ է այդպես, եթե հարցը գործին է վերաբերում: Ես շատ բծախնդիր եմ մոտենում իմ կատարած աշխատանքին, ու դրա որակին՝ նույնպես: Երևի դա է պատճառը, որ, օրինակ, իմ ամբողջ 2014-ը նվիրեցի Բուիկայի (Կոնչա Բուիկա) հետ աշխատանքներին ու նոր ալբոմի հետ կապված աշխատանքներին: Կարելի է ասել՝ իմ ողջ տարին անցավ ստեղծագործական այս շրջանակում, և դեռ այս տարի ևս դրանք շարունակվում են: Այն, որ քնում-արթնանում ես նույն մայկայով, նույն մամռակալած դեմքով, ամիսներ շարունակ համակարգչին կպած ապրելով, ժամանակիդ ու մտքիդ հիմնական մասը դրանք են զբաղեցնում:
– Դա Ձեր ստեղծագործական տեսա՞կն է՝ լինել բծախնդիր, թե՞ տեղական մրցակցության տեմպերի պարտադրած օրենքն է:
– Կարծում եմ՝ դա մարդու տեսակ է, որովհետև հնարավոր է՝ բոլորին անխտիր դուր գա իմ այս կամ այն աշխատանքը, բայց եթե անձամբ ես լիարժեք գոհ չմնամ դրա որակից, ապա, ժամանակին չնայելով, կշարունակեմ աշխատանքներս տվյալ գործի վրա:
– Այսինքն, Դո՞ւք եք Ձեր ամենամեծ քննադատը:
– Այո: Այդ ներքին մղումը, իմ կարծիքով, լավ բան է, որովհետև անընդհատ ստիպում է ավելի ու ավելի կատարելագործվել, լինել ավելի լավը, քան երեկ էիր:
– Որտե՞ղ եք սովորել կիթառի արվեստը:
– Հայրս կիթառահար է և մինչև 1991թ.՝ մեր ԱՄՆ մեկնումը, այստեղ Ֆիլհարմոնիայի սոլիստ էր: Այդ տարիներին դաշտում միայն ինքն էր, որ զբաղվում էր կիթառի արվեստով, գործիքը շատ տարածված չէր: Ես դրա մեջ եմ մեծացել, չեմ հիշում իմ կյանքում այնպիսի ժամանակահատված, ոչ կիթառը չլինի իմ կյանքում: Ու իմ առաջին ուսուցիչն էլ, հավանաբար, այդպես էլ պետք է լիներ, հայրս եղավ: Երբ տեղափոխվեցինք Լոս Անջելես՝ մասնագիտական կրթություն ստանալու համար ընդունվեցի Կալիֆոռնիայի արվեստի ինստիտուտ: Հետո, 18 տարեկան էի՝ անխուսափելիորեն հայտնվեցի Իսպանիայում, որովհետև որպես հիմնական երաժշտական ժանր՝ ընտրել էի ֆլամենկոն:
– Այսինքն, լավ ֆլամենկո նվագելու համար անպայման պետք է ապրել Իսպանիայում:
– Անպայման: Եթե արտասահմանից որևէ մեկն ուզենա լուրջ տիրապետել դուդուկին, պետք է գա Հայաստանում ինչ-որ ժամանակ ապրելու: Գիտե՞ս, մեծ իմաստով այնտեղ դու ոչ թե նվագել սովորելու ես գնում, այլ ապրելու այն կյանքով, որտեղից սկիզբ է առել երաժշտական այդ ուղղությունը: Դա կենսակերպ է, այսպես ասած՝ յուրահատուկ վարպետության դաս, որ կարող ես անցնել միայն այդ երկրում ապրելով: Նրանք՝ տեղացի վարպետները, ուղղակի չեն նվագում ֆլամենկո, նրանք դա ապրում են իրենց ամենօրյա կյանքով:
– Վահագն, ինչե՞ր անցան գլխովդ Իսպանիայում ուսանելու տարիներին, ինչե՞ր բացահայտեցիր քեզ համար:
– Բացի նրանից, որ իմ օրվա մեծ մասն անցնում էր պարապելով ու դասերի հաճախելով, ես իմ ժամանակի զգալի մասն անցկացնում էի, այսպես կոչված՝ «Tablao»-ներում: Սրանք հատուկ ընտրված շատ հայտնի ֆլամենկո ակումբներ են, որտեղ այդ նվագը հատուկ ծիսակարգ է: Ես գնում էի այնտեղ՝ հին, գեղջկական, նոր ժամանակների տեխնիկական շունչը չառած ֆլամենկո երաժշտություն լսելու: Պատկերացրեք, նվագում են միայն փորձված, իրենց գործում վարպետի աստիճանի հասած ծերունիներ, ովքեր ֆլամենկոյի «օրենքների» մեջ խիստ պահպանողական են: Նրանց մասնակցությամբ երեկոներին ես ինձ զգում էի՝ ինչպես «մաֆիոզների» շրջապատում, որովհետև նրանք, հիանալի երաժիշտներ լինելուց բացի, նաև տեղում մեծ հեղինակություն ունեցող մարդիկ են:
Այդ երեկոները հատուկ անուն ունեն այնտեղ՝ կոչվում են «Juerga», որն իրենից ներկայացնում է ոչ թե խնջույք, այլ ֆլամենկոյի քեֆ՝ տեղական ազգային ուտելիքով, գինով, ընթացքում երգում-պարում են: Երիտասարդ ուսանողների համար սա շատ հստակ բաց դաս կարելի է անվանել, որովհետև այդ «մետրները», որ հավաքված են այնտեղ, ցանկացած պահի տեղում ներկա երիտասարդ կիթառահարներին կարող են հրավիրել նվագակցելու իրենց հետ: Սա արդեն իսկական փորձություն է, որովհետև, եթե քո նվագը չլինի բավականաչափ կատարյալ ու միաժամանակ՝ պահպանողական, նրանք ուղղակի՝ առանց որևէ կոմպլեքսի, ձեռքիցդ կվերցնեն գործիքն ու նվագդ կիսատ կթողնեն:
– Իսկ Ձեզ հետ նման բան պատահե՞ց:
– Հավատացեք՝ ոչ, չնայած ես առիթ ունեցա նրանց մի քանի անգամ նվագակցելու:
– Ձեր ֆլամենկոն խիստ հայկական էլեմենտներ ունի…
– Մեր տանը միշտ Կոմիտաս է հնչել ու հնչում է, ինչ ես ինձ հիշում եմ: Կոմիտասը եղել է իմ կյանքի «սաունդթրեքը» նաև դասական երաժշտությունն ու ֆլամենկոն: Կարծում եմ, սա է պատճառն իմ ստեղծած «հայկական» ֆլամենկոյի, պարզապես այդ ազդեցությունն անխուսափելի էր: Հետո այն կարծիքին եմ, որ արվեստն էքսպերիմենտներ է սիրում, և ես չեմ վախենում ռիսկի գնալուց:
– Հաճա՞խ եք ռիսկի գնում ստեղծագործական կյանքում:
– Շատ հաճախ:
– Իսկ ռիսկի ընթացքում անկումներ չե՞ն գրանցվում:
– Մինչև հիմա էլ այդպես է: Ուզո՞ւմ եք ավելին ասեմ՝ ես շատ եմ սիրում ստեղծագործական այդ կենսաձևը՝ գնալ նորի հետևից, անկանխատեսելի զգացողություններ բացահայտելու, ընկնել-վեր կենալու, սխալվելու, հետևություններ անելու ճանապարհով: Սա ինձ համար յուրահատուկ դպրոց է, որտեղից ստացած գիտելիքները ոչ մի ուրիշ տեղ չեմ բացահայտի:
– Կոնչա Բուիկայի հետ Ձեր ծանոթությունը նո՞ւյնպես ռիսկի արդյունք էր:
– Ծանոթությունը՝ ոչ, բայց հետագա համատեղ գործունեությունն ինձնից անընդհատ ռիսկի որոշակի չափաբաժին է պահանջում՝ այն իմաստով, որ Բուիկան անկանխատեսելի երաժիշտ է, լավ իմաստով ՝ գժական դեմք:
Մեր ծանոթությունը նախապես պլանավորված չի եղել, պարզապես իր համերգային շրջագայության կեսից իրենք ստիպված էին կիթառահար փոխել, ու շատ կարճ ժամանակահատվածում պետք էր գտնել մեկին, ով կտիրապետեր ֆլամենկոյի արվեստին, միևնույն ժամանակ՝ ջազային, իմպրովիզացիոն նվագին, և այլն: Իրենք գտան ինձ, ու պարզվեց՝ ես համապատասխանում եմ իրենց պահանջներին: Ինձ համար տոմսեր գնեցին, մեկնեցի Մայամի, որտեղ Բուիկան է ապրում, ու մենք մի քանի օր, միայն երկուսով փորձեր արեցինք միասին, այսպես ասած՝ ծանոթացանք իրար: Այդ ամենից հետո պայմանագիր կնքվեց՝ միասին նվագելու մինչև համերգային շրջագայության ավարտը, բայց համերգներից հետո օդանավակայանում, որտեղից ես վերադառնալու էի Լոս Անջելես, իսկ ինքը՝ Մայամի, մոտեցավ ինձ ու ասաց, որ մեր համագործակցությունը շարունակական է լինելու, և ես դեմ չէի:
– Դժվար չէ՞ Ձեզ համար աշխատել անկանխատեսելի համաշխարհային մեգաաստղի հետ նույն թիմում:
– Շատ դժվար է: Հնարավոր է, որ նրա երաժշտությունը հեշտ ընկալելի է լսողի համար, բայց նույնը չի կարելի ասել համատեղ այդ երաժշտությունը ստեղծելու պրոցեսի մասին: Դու երբեք չգիտես՝ ինչ կանի նա կենդանի համերգի ընթացքում, նույնիսկ, եթե միասին մի քանի անգամ նվագել ես նույն ռեպերտուարը: Իրականում, այս ամենով հանդերձ, իր հետ աշխատելն ինձ համար՝ որպես երաժշտի, շատ կարևոր ու հաճելի ստեղծագործական էտապ է:
– Ու Դուք այդ էտապն օգտագործում եք նաև Բուիկային Կոմիտասի ստեղծագործության հետ ծանոթացնելու համար…
– (Ժպտում է.- Ն.Մ.) Կա նման բան… Երկար ճանապարհներին՝ ավտոբուսների կամ օդանավերի մեջ, ես նրան տալիս եմ լսելու Կոմիտասի ստեղծագործությունները, հաճախ հենց Կոմիտասի անմիջական կատարմամբ՝ Գերմանիայում արված ձայնագրությունները: Նրա ռեակցիան ապշելու էր, նրանք երբեք ոչ մի տեղ չեն լսել նման երաժշտություն: Հայկական երաժշտությունը, նրանց պատկերացմամբ, կարող է լինել միայն արևելյան մոտիվներով, ու Կոմիտասն իր մաքուր՝ «մայր» ձևի մեջ լսելը նրա համար շոկի նման մի բան էր: Ի դեպ, Բուիկայի հետ մեր համատեղ կոմիտասյան «Հով արեք, սարեր ջան» կատարումը ձայնագրվել է հենց իր առաջարկով, և այդ առաջարկն ինձ շատ ոգևորեց: Համատեղ ձայնագրությունը տեղ գտավ իմ վերջին՝ չորրորդ ձայնասկավառակի մեջ, որը լույս կտեսնի այս տարվա սեպտեմբերին:
– Թեև ինքս դեռ Ձեր մասնակցությամբ մամլո ասուլիսից հետո ունեմ ձայնասկավառակն ու լսել եմ այդ կատարումը, բայց ոչ մի կերպ չեմ գտնում՝ ինտերնետային որևէ փնտրտուքի արդյունքում, որպեսզի ներկայացնեմ նաև մեր ընթերցողներին: Ինչո՞ւ այդ կատարումը հասանելի չէ համացանցում:
– Ցավոք, այո, այս պահին այդ կատարումը հասանելի չէ ինտերնետային որևէ տարածքում: Ինչ արած, այդպես են որոշել ձայնասկավառակի աշխատանքներով զբաղվող պրոդյուսերները, բայց ուրախալին, թերևս, այն է, որ ձայնասկավառակի շնորհանդեսին մնացել է մեկ ամիս:
– Այսինքն, ես, այնուամենայնիվ, իրավունք չեմ ունենա առաջիկա օրերին այս զրույցին կից ձայնասկավառակից, ձայնային ֆայլի տարբերակով՝ հրապարակելու այդ կատարումը…
– Չանեք այդ բանը, խնդրում եմ… (Ժպտում ենք.- Ն.Մ.)
– Լավ… Բուիկայի մասնակցությամբ համերգ սպասե՞նք այստեղ՝ Երևանում:
– Այո, մենք այդ ուղղությամբ աշխատանքներ կատարում ենք: Կան, իհարկե, մի շարք տեխնիկական և իրավաբանական բնույթի խնդիրներ, որոնք պետք է լուծել, որպեսզի այդ համերգը կայանա: Այս պահին մանրամասներ չեմ կարող հաղորդել, որովհետև բանակցային փուլում ենք՝ տարածաշրջանի նրա երաժշտական գործակալների հետ, բայց, որ նման ցանկություն կա, և, որ դա երկկողմանի ցանկություն է, պարզ է:
– Դուք ֆլամենկո երաժշտության երեկո կունենա՞ք այս օրերին, մինչ վերադարձը Լոս Անջելես:
– Ոչ, ցավոք, չեմ ունենա, թեև մի քանի օր առաջ Արտյոմ Մանուկյանի հետ մի գործ նվագեցինք Kami Club-ում՝ իր վերջին ձայնասկավառակի շնորհանդեսի շրջանակներում, բայց մեծ մասշտաբի համերգ կարելի է սպասել, կարծում եմ՝ աշնանը: Այս օրերին, քանի դեռ ես Երևանում եմ, կփորձենք հստակ պայմանավորվածություններ ձեռք բերել: Եթե վերջնական որոշման հանգենք, կարծում եմ՝ այդ մասին հավելյալ հայտարարություն կամ գովազդային անոնսներ կլինեն: