«Փորձ է արվում իշխանությունը կենտրոնացնել մեկ կուսակցության ձեռքում». Փաստաբանը՝ սահմանադրական փոփոխությունների մասին

Իշխանությունների կողմից նախաձեռնված Սահմանադրության 1-7-րդ գլուխների նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ զրուցել ենք փաստաբան Նորայր Նորիկյանի հետ:

 

 

– Պարոն Նորիկյան, ծանո՞թ եք Սահմանադրության 1-7 գլուխների նախագծի նախնական տարբերակին, ի՞նչ կարծիքի եք դրա մասին:

– Այո, ես հնարավորություն ունեցել եմ ծանոթանալու Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից պատրաստված և հրապարակված Սահմանադրական բարեփոխումների նախագծի տեքստին: Նշեմ, որ հրապարակվել է բավական ծավալուն փաստաթուղթ, որը լրջագույն ուսումնասիրության և վերլուծության կարիք ունի: Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ, ըստ էության, հայեցակարգային և բովանդակային առումով Սահմանադրության նոր նախագիծ է հրապարակվել, դրվել սեղանին, և առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում փոխել հասարակական հարաբերությունների կարգավորման դաշտում գոյություն ունեցող գործիքակազմը և, այսպես ասած, նոր հասարակական հարաբերությունների դաշտ ստեղծել՝ պետության և հասարակության միջև հարաբերությունները կարգավորելու համար:

Ըստ էության, առաջարկվող նախագիծը բավական հավակնոտ գաղափարներ է պարունակում, որոնք տեղայնացվելու են Հայաստանի Հանրապետությունում և մեր կյանքի համար նորույթ են  պարունակում: Վաղ է խոսել այն մասին, թե դրանք ինչպիսի ազդեցություն և նշանակալի դերակատարություն կարող են ունենալ մեր կյանքում, քանի որ դրանք պետք է գործածության մեջ դրվեն, բայց ես կարծում եմ, որ նախաձեռնողների համար շատ դժվար է լինելու հասարակությանը համոզել գործող Սահմանադրության սնանկությունը և անկատարությունը: Ավելին, նախաձեռնողները պետք է հիմնավորեն հասարակությանը, թե առաջարկվող նախագիծն ինչ առավելություն ունի գործող Սահմանադրությունից: Ես կարծում եմ, որ հասարակությունն այս պահին (չեմ բացառում, որ մասնագիտական քննարկումների արդյունքում հասարակությունը գա որոշակի համաձայնության) պատրաստ չէ այսպիսի սահմանադրական փոփոխությունների, քանի որ փորձ է արվում անձնակենտրոն իշխանությունից անցում կատարել կուսակցական իշխանության: Այսպիսով, փորձ է արվում իշխանությունը կենտրոնացնել մեկ կուսակցության ձեռքում, ինչը, հավատացնում եմ, անկախ կուսակցության անունից, կարող է պայթյունավտանգ իրավիճակի, քաղաքական կատակլիզմների հիմք ստեղծել հետագայում հասարակական հարաբերությունների համար:

Ասեմ, որ դեռ հնարավորություն կունենանք առավել հանգամանալից անդրադառնալու կառավարությանը, Ազգային ժողովի ձևավորմանը, պրոտոկոլային, արձանագրային նշանակություն ունեցող՝ Հանրապետության նախագահին վերաբերող գլուխներին, բայց այս պահին կուզենայի անդրադառնալ դատական իշխանության ոլորտին, քանի որ դատական իշխանության գլխում նոր որակներ և գաղափարներ են առաջադրվում: Մասնավորապես. ներկայումս, գործող իրավակարգավորումների համաձայն՝ Արդարադատության խորհուրդը բաղկացած է 13 անդամից, որոնցից 9-ը դատավորներ են, մյուս 4-ը՝ գիտնական-իրավաբաններ, որոնցից 2-ին առաջադրում է հանրապետության նախագահը, 2-ին՝ Ազգային ժողովը: Առաջարկվող նախագծով Արդարադատության խորհուրդը վերանվանվում է Բարձրագույն դատական խորհուրդ, որը բաղկացած է լինելու 10 անդամից:

Խնդրում եմ ուշադրություն դարձնել. նրանցից 5-ին նշանակելու է Ազգային ժողովը, այսինքն՝ քաղաքական իշխանությունը, իշխանություն կրող ուժը, մյուս 5-ին՝ դատավորների ընդհանուր ժողովը: Կարող ենք հանգել հետևության, որ սահմանափակվում է դատական իշխանության անկախությունը, գործադիր և օրենսդիր մարմիններն առավել մեծացնելու են իրենց ազդեցությունը դատական իշխանության նկատմամբ: Դատական իշխանությունը կորցնելու է իր անկախության որոշակի մասը, քանի որ Բարձրագույն դատական խորհրդի որոշումների ընդունման վերաբերյալ նախատեսված է դրույթ, որի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի նիստերը նախագահում է խորհրդի նախագահը, իսկ խորհրդի նախագահն ընտրվում է խորհրդի կազմից, այսպես ասած՝ պարիտետի սկզբունքով, նախագահ որոշ ժամանակ լինելու է իրավաբան-գիտնականներից, որոշ ժամանակ՝ դատավորներից: Ամենակարևորը՝ նախագծում նշվում է, որ Բարձրագույն դատական խորհուրդն ընդունում է որոշումներ` խորհրդի անդամների ձայների ընդհանուր թվի մեծամասնությամբ, իսկ ձայների հավասարության դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է: Սրանից կարող ենք հանգել հետևության, որ իրավաբան-գիտնականի՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ լինելու դեպքում, կարևորագույն որոշումներ ընդունելիս՝ նրա ձայնը վճռորոշ է լինելու: Իսկ եթե այդ անձը Բարձրագույն դատական խորհրդում հայտնվել է քաղաքական իշխանության կողմից ներկայացված լինելու պարագայում, պարզ է դառնում, որ քաղաքական իշխանության ազդեցությունը դատական իշխանության վրա ակնհայտ է լինելու: Հետևաբար, կարծում եմ՝ այս կարգավորման առումով նախագիծը բավական հետընթաց է արձանագրել, և առաջարկվող իրավիճակը չի բխում արդարադատության իրականացման գործընթացում դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորելուց:

– Ձեր դիտարկմամբ՝ ովքե՞ր պետք է լինեն Արդարադատության խորհրդի անդամները:

– Ես կարծում եմ, որ դատական իշխանությունը պետք է ինքնաբավ մարմին լինի, և ինքը պետք է մեխանիզմներ գտնի ինքնակառավարման համակարգը ստեղծելու և պահպանելու համար, որով կերաշխավորի իր անկախությունը: Թե ովքեր կլինեն այդ անձինք, բոլորովին այլ խնդիր է: Կարելի է մշակել չափորոշիչներ, հստակեցնել Բարձրագույն դատական խորհրդի անդամին առաջադրվող պահանջները, որոնց առկայության դեպքում անձը կարող է դառնալ Բարձրագույն դատական խորհրդի անդամ: Բայց հանգամանքը, որ  Բարձրագույն դատական խորհդի կազմի առնվազն 50 տոկոսը կապ չի ունենալու դատական համակարգի հետ, այսինքն՝ կազմված է լինելու քաղաքական իշխանության կողմից ներկայացված անձանցից, հուշում է մի բանի մասին, որ առաջարկվող իրավակարգավորումների շրջանակներում դատական իշխանության անկախությունը դրվում է վտանգի տակ: Ես կարծում եմ, որ առավելությունը պետք է տրվի դատական իշխանությանը, որպեսզի այն կարողանա ինքնակառավարման համակարգը դուրս հանել քաղաքական իշխանությունից:

– Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի նախագծով՝ առաջարկվում էր նախատեսել երդվյալ ատենակալների մասնակցությամբ դատական նիստերի անցկացում, ինչպես նաև՝ եռաստիճան դատական համակարգից՝ անցում երկաստիճանի, որոնք 1-7 գլուխների նախնական տարբերակում կարծես թե չկան: Այս կարգավորումներին  ինչպե՞ս եք վերաբերվում:

Մենք խոսում ենք մի գաղափարի մասին՝ երդվյալ ատենակալների ինստիտուտի մասին, որը Հայաստանի Հանրապետության անկախության ժամանակաշրջանում արդրարադատության իրականացման գործընթացում օտար ինստիտուտ է, և մենք, համենայն դեպս, չենք տեսել՝ այդ ինստիտուտի ներդրմամբ մեր արդարադատության իրականացման գործընթացը կարող էր շահե՞լ, թե՞ հակառակը՝ տուժել: Դրա վերաբերյալ մասնագիտական վեճ կա: Մասնագետների մի մասը գտնում է, որ հաշվի առնելով Հայաստանի փոքր ազգաբնակչությունը, մեկը մյուսին ծանոթ լինելու հանգամանքը, ազգակցական, բարեկամական շղթայի ոչ ֆորմալ ինստիտուտների գոյությունը՝ երդվյալ ատենակալների ինստիտուտը կարող է վատ գործիք դառնալ, և կարող է խաթարվել արդարադատության գործընթացը: Մասնագետների մյուս մասը գտնում է, որ հակառակը՝ այդ ինստիտուտն օժանդակ խթան կհանդիսանա, որպեսզի արդարադատության իրականացման գործընթացում օբյեկտիվությունը, թափանցիկությունը գերակշռի, և, ի վերջո, իրապես արդարադատություն լինի դատարանի կողմից:

Այս պայմաններում, քանի դեռ մենք համեմատելու եզր չունենք, Հայաստանի Հանրապետությունում այդ ինստիտուտը չի տեղայնացվել թեկուզ փորձնական մակարդակով, խոսել դրա առավելությունների և թերությունների, անհրաժեշտության կամ դրա բացակայության մասին, համենայն դեպս, սուբյեկտիվ ընկալումների տեղիք կտա: Ես դրա վերաբերյալ պատրաստ չեմ հստակ կարծիք հայտնել: Կրկնում եմ՝ համեմատելու գործիքներ չկան, որպեսզի կարողանանք հստակություն մտցնել այդ հարցի վերաբերյալ:

Ինչ վերաբերում է երկաստիճան դատական համակարգի անցնելուն… Անկեղծ ասեմ. ուզո՞ւմ եք՝ 70 աստիճանի դատական համակարգ ստեղծեք: Քանի դեռ այդ դատարանը չի գործում՝ իր կոչմանը և արժանիքին համապատասխան, քանի դեռ այդ դատարանն արդարադատություն չի իրականացնում, ոչ մի էական նշանակություն չունի դատական ատյանների քանակը: Հիմա ունենք եռաստիճան դատական համակարգ: Ըստ էության՝ գործերը քննվում են ընդհանուր իրավասության դատարաններում: Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքների 90-95 տոկոսը հետ է վերադարձնում: Ընդհանրապես վճռաբեկ դատարանի գործունեությունը շատ հարաբերական և վիճելի է այս պայմաններում: Բայց կրկնում եմ՝ ես մեծ կարևորություն չեմ տալիս այդ հարցին: Թող արդարադատություն իրականացվի, իսկ թե քանի աստիճանի դատական համակարգ կունենանք՝ ես երկրորդական եմ համարում:

– Արդարադատության իրականացումը որևէ կերպ կապվա՞ծ է Սահմանադրության հետ, թե՞ այլ խնդիր ունենք:

Ոչ: Ես իմ խոսքի սկզբում ասացի, որ փոփոխությունները նախաձեռնողները նախ՝ պետք է հիմնավորեն գործող Սահմանադրության սնանկությունը, անկատարությունը և հասարակական հարաբերությունների կարգավորման դաշտում դրա անգործունակությունը, ապա՝ հիմնավորեն նորի անհրաժեշտությունը: Ցավոք սրտի, նախաձեռնողները չեն հիմնավորում փոփոխությունների հրատապությունն ու անհրաժեշտությունը, ինչն արդեն իսկ ստվերում է նախագծի բովանդակությունն ինքնին: Անգամ, եթե ամենալավ, անխոցելի փաստաթուղթն է հրապարակվել, եղբայր, բարի եղիր՝ հիմնավորի, համապատասխան ապացույցներով անժխտելի դարձրու փոփոխությունների հրամայականը, ավելին՝ գործող Սահմանադրության անկատարությունը: Եթե չեք կատարում դա, մենք իրավունք ունենք մտածելու կամ կասկածելու, որ սա այլ նպատակներ ունի: Դա արդեն բոլորովին այլ խնդիր է, այլ քննարկման նյութ:

– Ըստ հրապարակված տարբերակի՝ Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով: Ի՞նչ եք կարծում՝ այստեղ մարդու իրավունքների խախտում չկա՞: Եթե անձը կուսակցության անդամ չէ՝ չի կարող ընտրվել:

– Ես երկար եմ մտորել այդ մասին, և, անկեղծ ասած, մի պարագայում ես ճիշտ եմ համարում, մյուս պարագայում՝ գտնում եմ, որ, այնուամենայնիվ, մարդու իրավունքների որոշակի խախտում կա: Թող չթվա, թե անձի երկվության խնդիր կա: Մենք պետք է հստակ գիտակցենք, որ ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, ՀՀ քաղաքացիներ ենք, ովքեր ունեն իրենց ազգային առանձնահատկությունները, սովորույթները, չգրված օրենքները: Եվ ակնհայտ է, որ 1995թ. ընդունված Սահմանադրությունից հետո օրվա իշխանությունը՝ անկախ անձերից, օգտագործել է մեծամասնական մանդատների ինստիտուտը և իր համար ապահովել է առաջարկվող նախագծում հայտնի կայուն մեծամասնություն ասվածը: Այսինքն՝ մեծամասնական ընտրական համակարգի միջոցով հիմնականում ընտրվել են պատգամավորներ, որոնց մեծ մասի որակական հատկանիշները մեզ հայտնի են, որոնք հիմնականում թաղային հեղինակություններ և կիսագրագետ միջակություններ են: Այս լույսի ներքո, իհարկե, ողջունելի է, որ այդ մարդիկ վաղ թե ուշ դուրս են շպրտվելու քաղաքական ասպարեզից և հեռանալու են, կուսակցությունների դերակատարությունն ու կշիռն է մեծանալու: Իհարկե, վտանգ կա, որ այդ մարդիկ կներթափանցեն կուսակցություններ, բայց այս պայմաններում կուսակցությունների իրական ղեկավարները կամ կուսակցությունները պետք է նժարի վրա դնեն իրենց հեղինակությունը կամ կիսաքրեական կոնտինգենտի ներթափանցումը կուսակցություն: Այս իմասով դրական եմ գնահատում համամասնական ընտրակարգի անցնելը:

Բայց, երբ դիտարկում ենք համամարդկային իրավունքների տեսակետից, ես անհատ եմ, ուզում եմ դառնալ Ազգային ժողովի պատգամավոր, սակայն ես ցանկություն չունեմ որևէ կուսակցության անդամագրվել՝ օրենսդիր աշխատանքով զբաղվելու համար: Հետաբար՝ այս առումով սահմանափակվում է իմ ընտրվելու իրավունքը: Այս պայմաններում իսկապես իրավաբանական խնդիր ունենք: Բայց կարծում եմ, որ այստեղ ոչ թե իրավաբանություն կա, այլ՝ ավելի շատ քաղաքականություն: Սա քաղաքական որոշման խնդիր է, և ես կցանկանայի, որ պատմական այս ժամանակաշրջանում ընդունելի լուծում որոնվեր և այս հարցի լուծման ոսկե միջին գտնվեր: Այս հարցի վերաբերյալ ինձ մոտ վերջնական մոտեցում դեռևս չի ձևավորվել:

Տեսանյութեր

Լրահոս