Լավ կլիներ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը և իրավագիտության դոկտոր-պոոֆեսոր Ջհանգիրյանը գրելուց առաջ կարդային Սահմանադրությունը. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը երեկ ծավալուն հայտարարություն է տարածել Սերժ Սարգսյանի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իր տեսակետը արտահայտելու համար։ Տարածված հայտարարության վերնագիրը, ծավալը քաղաքականությամբ հետաքրքրվող մարդուն, բնականաբար, տրամադրում են կարդալու Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած կուսակցության իրավաքաղաքական վերլուծաթյանը մանավանդ, որ այս կուսակցությունը հավակնում և միշտ էլ հավակնել է լուրջ խոսք ասելու։

Այս կուսակցության մեջ կա այնպիսի կարկառուն քաղաքական գործիչ, ինչպիսին է Լևոն Տեր-Պետրոսյանը, և այնպիսի կարկառուն իրավաբան, ինչպիսին՝ Գագիկ Ջհանգիրյանը։ Երկուսն Էլ, իմիջիայլոց, գիտությունների դոկտոր են՝ Տեր-Պետրոսյանը բանասիրության, Ջհանգիրյանը՝ իրավագիտության։ ԱԺ-ում հանրապետական պատգամավորները անընդհատ կոմպլիմենտներ են անում Ջհանգիրյանին՝ ասելով, որ Ջհանգիրյանի իրավական գիտելիքները կասկածի տակ չեն դնում և նա իրավունքի ոլորտում հեղինակություն է իրենց հանրապետական բազմաթիվ պատգամավորների համար։ ՀՀԿ-ականները Ջհանգիրյանի նկատմամբ ջերմացել են հատկապես այն բանից հետո, երբ վերջինս անգրագիտություն անվանեց Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու վերաբերյալ Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախագիծը։

Տեր-Պետրոսյանի բանասիրական դոկտորությունը չի ենթադրում իրավական հատուկ գիտելիքներ, բայց հաշվի առնելով, որ նա Հայաստանի առաջին նախագահն է՝ ենթադրվում է, որ սահմանադրական որևէ փաստաթղթի մասին խոսելիս պետք է համոզված լինի, թե ինչի մասին է խոսում։

Ինչո՞ւ ենք այս ամենը ասում։ Բանն այն է, որ Կոնգրեսի հայտարարության 2-րդ կետում, որտեղ խոսվում է Սերժ Սարգսյանի՝ Սահմանադրության նախագծով Աժ նախագահին վերապահվող լիազորությունների մասին, ասվում է (մեջբերում). «Ազգային ժողովի նախագահը սահմանադրական նախագծով ստանում է պետական կառավարման մեջ աոաջին դեմքի դերը։

Նա օժտվում է վարչապետի թեկնածու աոաջադրելու՝ խորհրդարանի խոսնակի համար համաշխարհային պրակտիկայում աննախադեպ լիազորությամբ, ինչը գործող Սահմանադրությամբ վերապահված է ՀՀ նախագահին, իսկ խորհրդարանական համակարգերում կամ սահմանադրական միապետին, կամ երկրի նախագահին, կամ՝ խորհրդարանին» (մեջբերման ավարտը)։

Ինչպես տեսնում եք, հայտարարության մեջ պնդում կա, թե գործող Սահմանադրությամբ նախագահը վարչապետի թեկնածու աոաջադրելու լիազորության ունի։ Խնդիրն այն է, որ գործող Սահմանադրությամբ նման լիազորության նախագահին վերապահված չէ։ Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետում ասվում է. «Հանրապետության նախագահը Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման և պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությանը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին»։

Ինչպես տեսնում եք, գործող Սահմանադրությունը բոլորովին այլ բան է ասում վարչապետի նշանակման պրոցեդուրայի վերաբերյալ, և այնտեղ պարզ նշված է, որ վարչապետի թեկնածու աոաջադրելու հնարավորությանը խորհրդարանական մեծամասնությանն է, ընդ որում՝ նախագահն այդ թեկնածությանը մերժելու իրավունք չունի։ Իհարկե, կարելի է ասել, որ սա մեծ վրիպում չէ։

Բայց թույլ տվեք չհամաձայնվել նման տեսակետի հետ, որովհետև շատ էական է, թե պետական կառավարման նրբությունների մասին ծավալուն հայտարարության անողները որքանո՞վ են տեղյակ տվյալ պահին իրենց պետության մեջ գործող կառավարման կարգի նրբություններին՝ մանավանդ, երբ խոսքը կուսակցության մասին է, որտեղ կան իրավագիտության դոկտոր-պոոֆեսորներ։

Դեռ պետք է հետաքրքրվել՝ պարոնայք դոկտոր պրոֆեսորները վերջին անգամ ե՞րբ են ՀՀ Սահմանադրությունը կարդացել։ Ի դեպ, մինչև օրվա վերջ հայտարարության մեջ տեղ գտած այդ կոպիտ վրիպումը չէր ուղղվել։

Իսկ ընդհանուր առմամբ՝ Կոնգրեսի հայտարարությունը շատ լավն էր, որովհետև ավարտվում էր այն համոզմամբ, որ սերժսարգսյանական ռեժիմը խուճապի մեջ է։

Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս