«Կլինի՞ քաղաքական կամք՝ կլինի՛ անկախ դատական համակարգ, մեր դատական համակարգի խնդիրը ոչ կառուցվածքային է, ոչ էլ օրենսդրական». փաստաբանը՝ Սահմանադրության փոփոխությունների նախագծի մասին

Վենետիկի հանձնաժողովի փորձագետների քննարկումների արդյունքում հրապարակվել է իշխանությունների կողմից նախաձեռնված նոր Սահմանադրության 1-7-րդ գլուխների նախագծի նախնական տարբերակը: Դրանց վերաբերյալ 168.am-ը զրուցել է փաստաբան Երվանդ Վարոսյանի հետ:

– Պարոն Վարոսյան, ծանո՞թ եք հրապարակված գլուխների նախագծի նախնական տարբերակին և ի՞նչ կարծիքի եք դրանց մասին:

– Խնդիրն այն է, որ Սահմանադրությունն այնպիսի կարևոր փաստաթուղթ է, որ ճիշտ չի լինի մեկ անգամ ընթերցելուց հետո վերջնական գնահատական տալ այդ նախագծին: Ի սկզբանե իմ կարծիքն այս առումով այն է եղել, որ մենք նախ՝ ընդհանրապես կարիք չունենք նոր Սահմանադրության: Նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին կարելի կլիներ խոսել այն ժամանակ, երբ գործող Սահմանադրությունն իրոք գործեր, և նրա գործելու պարագայում մենք գուցե տեսնեինք, որ թերթություններ, շտկելու բաներ կան, մոտեցումներ պետք է փոխվեն: Բայց ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը երբեք լիարժեք չի գործել, ու այս պարագայում ես տեղին չեմ համարում խոսել նոր Սահմանադրության մասին:

Բացի այդ, անգամ թռուցիկ ծանոթանալով նախագծին՝ ակնհայտ երևում են շատ վտանգավոր կարգավորումներ, որոնց մասին ես այս պահին կոնկրետ չեմ խոսի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ փաստաբան Գևորգ Գյոզալյանի կողմից ես հրավիրված եմ մասնակցելու ձևավորվող աշխատանքային խմբի մեջ, որտեղ մենք փորձելու ենք նաև մասնագիտական եզրակացություն տալ, թե ինչ կարծիք ունենք նախագծի վերաբերյալ: Հաշվի առնելով, որ պիտի սկսենք դրա վրա աշխատել, կարծում եմ՝ ժամանակին, որքան հնարավոր է՝ շուտ, մենք խմբով կներկայացնենք նաև մեր մասնագիտական կարծիքը:

– Դուք նշում եք, որ Սահմանադրության փոփոխության անհրաժեշտություն չկա: Ձեզ համար հասկանալի՞ է փոփոխությունների տրամաբանությունը, նպատակը:

– Հանրության մեջ տարածված է, անընդհատ բոլորը խոսում են այն մասին, որ հիմնական նպատակը կառավարման մոդելի փոփոխությունն է՝ ելնելով կոնկրետ անձնական նպատակներից: Ես ծանոթ եմ այդ տեսակետին, այդ առումով որոշակի մտավախություններ հիմա էլ ունեմ, բայց նորից եմ ասում՝ աշխատանքային խմբի շրջանակներում աշխատելուց հետո մենք վերջնական կարծիք կներկայացնենք նաև այդ առումով:

– Հրապարակված գլուխներում կարգավորումներ կան նաև Արդարադատության խորհրդի հետ կապված: Մասնավորապես, այն անվանվելու է Բարձրագույն դատական խորհուրդ: Նախագծով այն կազմված է լինելու 10 անդամից, որոնցից 5-ին ընտրում է Ազգային ժողովը` գիտության ոլորտի և այլ հեղինակավոր իրավաբանների թվից, Ազգային ժողովի պատգա¬մավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, 5-ին` դատավորների ընդհանուր ժողովը` դատավորների թվից: Փոփոխությունն ի՞նչ կարող է տալ Արդարադատության խորհրդին, որքանո՞վ դրա աշխատանքն ավելի նպատակային կլինի:

– Ես ուղիղ ասեմ: Կլինի՞ քաղաքական կամք՝ կլինի անկախ դատական համակարգ: Չի՞ լինի քաղաքական կամք, ուզում եք՝ Արդարադատության խորհրդի անունը 7 անգամ փոխեք, կազմն էլ՝ հետը, անկախ դատական համակարգ չի՛ լինի:

– Փոփոխությունների նախագծի հայեցակարգով՝ առաջարկվում էր նաև կրճատել դատական ատյանների քանակը՝ եռաստիճանից անցնելով երկաստիճանի, ինչպես նաև՝ նախատեսել երդվյալ ատենակալների մասնակցությամբ դատական նիստեր: Հրապարակված գլուխներում դրանք կարծես թե բացակայում են: Ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք վերաբերվում այդ առաջարկներին:

– Նորից եմ կրկնում՝ մեր դատական համակարգի խնդիրը ոչ կառուցվածքային է, ոչ էլ օրենսդրական:

Տեսանյութեր

Լրահոս