Ֆոլաթթուն կապված է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հետ
ՀՀ Կառավարությունը 2014թ. նոյեմբերին հաստատել է «Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրենքի նախագիծը, որի նպատակը, ըստ Առողջապահության նախաձեռնության, մարդու օրգանիզմում առանձին միկրոտարրերի ու վիտամինների բացակայության կամ դրանց ոչ բավարար քանակի առկայության պատճառով առողջությանն անցանկալի ազդեցություններից զերծ պահելն է:
Ըստ օրենքի նախագծի՝ ցորենի ալյուրը հարստացվելու է երկաթով ու ֆոլաթթվով (պրեմիքսներ), որոնց դեֆիցիտի պատճառով առաջանում է սակավարյունություն: Այս նախագծի իրականացմամբ հատկապես հետաքրքրված է ՀՀ առողջապահության նախարարությունը, հսկայածավալ քարոզչական աշխատանքներ են տանում, չնայած այն հանգամանքին, որ ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի բազմաթիվ երկրների խոշորագույն մասնագետներ և առողջապահական կառույցներ դեմ են այդ գաղափարի իրականացմանը: Ըստ մասնագետների՝ այն հղի է լուրջ վտանգներով, և այդ է պատճառը, որ աշխարհի շատ ու շատ երկրներ հրաժարվել են այդ ծրագրից:
Հայաստանյան բժիշկների և գիտնականների կարծիքներն այս հարցի մասին կիսվել են. նախարարության հետ առնչություն ունեցող մասնագետների մի մասը կարծում է, որ ֆոլաթթվի ճիշտ չափաբաժնի օգտագործումը կարող է նպաստել սակավարյունության նվազեցմանը, և անհրաժեշտ է կանանց հղիության ժամանակ: Ի դեպ, չնայած նրանք հրապարակավ դրական են արտահայտվում, սակայն մասնավոր զրույցներում արտահայտում են իրենց սուր դժգոհությունը:
Մասնագետների մյուս մասը կտրականապես դեմ է ալյուրի՝ ֆոլաթթվով և այլ նյութերով հարստացմանը` պատճառաբանելով ֆոլաթթվի քաղցկեղածին լինելու հանգամանքով:
Ֆոլաթթվային հավելումների մասին հազոտություններ են կատարել նաև կանադացի գիտնականները: Վերջիններս պարզել են, որ կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների կողմից ֆոլաթթվի հավելումների օգտագործումը կնպաստի չարորակ բջիջների աճին: Մկան վրա կատարված փորձարկումների արդյունքները հրապարակված են PLOS ONE հանդեսում:
Ֆոլաթթուն (ֆոլատ կամ վիտամին В9) ջրում լուծվող վիտամին է, որն անհրաժեշտ է արյունատար և իմունային համակարգի աճի և զարգացման համար: Դրա սակավությունը մեծահասակների մոտ կարող է առաջացնել մեգալոբլաստային անեմիա, իսկ հղիության ժամանակ բարձրացնում է նյարդային խողովակի դեֆեկտների զարգացման ռիսկը, օրինակ` ողնաշարի ճեղքվածք:
Ֆոլատի դերը կաթնագեղձի քաղցկեղի առաջացման և զարգացման մեջ բավականին վիճելի հարց է:
Չնայած որոշ հետազոտողներ նշում էին, որ այդ նյութը կարող է պաշտպանել տվյալ տեսակի քաղցկեղից, սակայն վերջին հետազոտությունները ենթադրում են, որ В9 պարունակող սննդային հավելումների չափից ավելի օգտագործումը, ընդհակառակը, կարող է նպաստել քաղցկեղի զարգացմանը:
Սուրբ Միքայել (Տորոնտո) հիվանդանոցի գիտնականների հետազոտություններն առաջին անգամ պարզել են, որ օրական 5 անգամ 2.5 մգ չափաբաժնով ֆոլաթթվի օգտագործումն էականորեն նպաստում է մկների կրծքագեղձերի` գոյություն ունեցող նախաքաղցկեղային և քաղցկեղային բջիջների աճին:
Գիտնականների խոսքերով, Հյուսիսային Ամերիկայի բնակիչների կողմից օգտագործվող ֆոլաթթվի քանակը վերջին 15 տարում կտրուկ աճել է: Կանանց խորհուրդ է տրվում հղիությունից առաջ և հղիության ընթացքում օգտագործել ֆոլաթթու` կանխարգելելու համար ապագա երեխայի նյարդային համակարգի` ի ծնե դեֆեկտների զարգացումը: 1998թ. ԱՄՆ և Կանադայի կառավարությունները պահանջել են մթերք արտադրողներից` ֆոլաթթու ավելացնել սպիտակ ալյուրի, մակարոնեղենի և եգիպտացորենի ալյուր պարունակող մթերքների մեջ` ապահովելու համար կանանց կողմից В9 վիտամինի բավարար օգտագործումը: Բացի այդ, Հյուսիսային Ամերիկայի բնակչության մոտ 30-40 %-ն օգտագործում է ֆոլաթթվով սննդային հավելումներ` ստանալու համար հնարավոր, բայց դեռևս չապացուցված օգուտ առողջության համար:
«Սա շատ կարևոր հարց է, քանի որ Հյուսիսային Ամերիկայում կրծքագեղձի քաղցկեղով հիվանդները և չարորակ ուռուցքի հեռացման վիրահատություն տարածները ենթարկվում են ֆոլաթթվի մեծ չափաբաժինների ազդեցությանը` կապված ախտորոշումից հետո այնպիսի սննդի օգտագործման հետ, որոնցում մեծ չափաբաժնով օգտագործված են ֆոլաթթու և լայն տարածում գտած այլ վիտամինային հավելումներ»,- նշել է Էն-Նի-Կիմը (Young-In Kim)` բժիշկ և հետազոտության առաջատար հեղինակը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը