Հալեպահայերը ստիպված հորեր են փորում. Հալեպում դադարեցվել է ջրամատակարարումը
Սիրիական պատերազմի չորս տարիների ընթացքում պատուհասած խնդիրներից հետո սիրիական Հալեպ քաղաքը նոր խնդրի առջև է կանգնել: Հայաշատ քաղաքում մի քանի օր է, ինչ դադարեցվել է ջրամատակարարումը, և բնակիչներն առանց խմելու ջրի են մնացել: Հալեպահայերը ևս կանգնել են խմելու ջրի բացակայության խնդրի առջև: Այս մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Հալեպի Բերիո թեմի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը:
Հայ համայնքի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ, թեև չկա խմելու և կենցաղային խնդիրները լուծելու համար անհրաժեշտ ջուր, մարդիկ ելքեր են փնտրում և կարողանում ժամանակավորապես հաղթահարել իրավիճակը: Նրա փոխանցմամբ` անցնող երկու օրերի ընթացքում մի քանի թաղամասերում որոշակի ժամերով վերականգնվել է ջրամատակարարումը:
«Բայց քաղաքի այն հատվածներում, որտեղ ջուր չկա, հայ համայնքի ներկայացուցիչները հորեր են փորել անձնական միջոցներով, ջուր են հայթայթել եկեղեցիները, այդ ջրերով կենցաղային հոգսերն են ժողովրդի սկսել բավարարել: Բնականաբար, խմելու ջրի պարագայում խանութներից շշերով ենք ջուր ձեռք բերում, դա է լուծումը, քանի դեռ ջուր չկա: Պատկան իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի օր առաջ վերացնեն ժողովրդի համար ստեղծված այս դժվարությունը, այսինքն` բանակցություններ կան զինյալների հետ, դա նրանց աշխատանքն է: Պետք է սպասենք և հասկանանք, թե ինչ կլինի»,- նշեց Ժիրայր Ռեիսյանը` հավաստիացնելով, որ հայ համայնքի ներկայացուցիչները կարողանում են ջուր գտնել իրենց կարիքները հոգալու համար: Նրա խոսքով` բնակիչները հարմարվեցին էլեկտրաէներգիայի բացակայությանը, փորձեցին ելքեր գտնել այդ բացը լրացնելու համար, դա կանեն նաև ջրամատակարարման բացակայության դեպքում: