Վրացի փորձագետները վստահ են` Հայաստանը չի ներգրավվի ռուսական ավանտյուրաներում
Անակնկալ կերպով լարվել են վրաց-ռուսական հարաբերությունները: Օրերս Վրաստանի արտգործնախարարությունը տարածեց հաղորդագրություն այն մասին, որ ռուս սահմանապահները Հարավային Օսիայի կողմից զբաղեցրել են Վրաստանի տարածքի մի մասը` տեղադրելով սահմանային վահանակներ: Ըստ Վրաստանի ԱԳՆ անդրադարձի, ռուս և օս սահմանապահները Թբիլիսի-Գորի հանրապետական ավտոճանապարհի մերձակայքում տեղադրել են սահմանային վահանակներ, ինչի հետևանքով Վրաստանին պատկանող որոշ տարածքներ մնացել են «օկուպացված» կողմի վերահսկողության տակ:
Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարեց նաև, որ այդ հատվածով է անցնում նաև Բաքու-Սուփսա գազամուղը, և այդպիսով գազամուղի որոշ հատվածներ ևս մնացել են «օկուպացված» տարածքում: Վրաստանի ԱԳՆ-ն այդ քայլը որակում է սադրանք: Վրաստանի ԱԳՆ-ն ստիպված եղավ մեկ այլ հաղորդագրություն ևս տարածել և Ռուսաստանից պահանջել սկսել երկրի տարածքների ապաօկուպացման գործընթաց՝ կապված նաև Ցխինվալի շրջանում (Հարավային Օսիա) ռուսական բանակի խոշոր զորավարժությունների մեկնարկի հետ: Հայտարարության մեջ նշված է, որ ռուսական 58-րդ բանակի խոշորամասշտաբ զորավարժությունները հուլիսի 15-ին մեկնարկել են Հարավային ռազմական օկրուգում՝ Հյուսիսային Կովկասում։
Դրա հետ մեկտեղ՝ ընդգծվում է, որ վարժանքներն անցկացվում են նաև Ցխինվալի շրջանի տարածքում, որը չի վերահսկվում Վրաստանի իշխանությունների կողմից: «Ռուսաստանի այդօրինակ սադրիչ գործողությունները Վրաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն են, սպառնալիք են ստեղծում տարածաշրջանի խաղաղության ու անվտանգության համար, կոպտորեն խախտում են Վրաստանի Սահմանադրությունը, միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, ինչպեսև Ռուսաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները, այդ թվում նաև՝ 2008 թվականի օգոստոսի 12-ին Հրադադարի մասին համաձայնագրով ստանձնած»,- ասված է հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նաև նշված է. «Մտահոգության տեղիք է տալիս նաև Վրաստանի տարածքում ռուս սահմանապահների կողմից սահմանագծման ցուցանակների տեղակայման գործընթացի վերսկսումը։ Նախարարությունն այդ կապակցությամբ հայտնում է իր խորին մտահոգությունը և Ռուսաստանից պահանջում է կատարել ստանձնած միջազգային պարտավորությունները, սկսել ապաօկուպացման գործընթաց և վրացական տարածքից դուրս բերել ռուս զինծառայողներին»։
Փաստաթղթում Վրաստանի ԱԳՆ-ն նաև միջազգային հանրությանը կոչ է անում համապատասխան գնահատական տալ Ռուսաստանի կողմից ագրեսիայի նոր փաստին, համարժեք արձագանքել Ռուսաստանի հերթական ապակառուցողական քայլերին ու կանխել Վրաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության խաթարմանն ուղղված գործողություններին: Որոշ միջազգայնագետների մեկնաբանությունների համաձայն՝ տեղի ունեցողն ազդանշան է այն մասին, որ ուկրաինական ճգնաժամից հետո Ռուսաստանը Վրաստանի դեմ նոր ուղղություն է բացում, որում ակտիվորեն կարող է օգտագործել նաև Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի ներուժը: Սա հատկապես վտանգավոր է այն տեղեկատվությունների ֆոնին, թե Հայաստանը 200 միլիոն դոլարի արտահանման վարկով Ռուսաստանից նորագույն զինատեսակներ է գնելու, և խոսքը, ըստ որոշակի տեղեկությունների, «Իսկանդեր Մ» տեսակի օպերատիվ տակտիկական հրթիռային համակարգի մասին է, ինչը ռազմական շուկայում բավականին թանկ հաճույք է:
168.am-ի հետ զրույցում Վրաստանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր, քաղաքագետ Սոսո Ցինցաձեն նախ՝ նշեց, որ տեղի ունեցածը սպասելի էր, քանի որ Արևմուտքը համարժեք կերպով չարձագանքեց Ուկրաինայի նկատմամբ ռուսական ագրեսիային, ինչպեսև 2008թ. Ռուս-վրացական պատերազմին, որի հետևանքով Վրաստանը կորցրեց իր տարածքների մի զգալի մասը:
Նրա համոզմամբ` Արևմուտքը պետք է շատ ավելի կոպիտ և կտրուկ լինի Ռուսաստանի հետ հարաբերություններում` չվերացնելով այդ երկրի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները: Սակայն Ցինցաձեի կարծիքով` Ռուսաստանն այս փուլում չի ցանկանա լարվածության նոր օջախ բացել՝ հաշվի առնելով ուկրաինական ճգնաժամի չկարգավորվածությունը: Վրաստանցի քաղաքական վերլուծաբանը նշեց, որ Ռուսաստանը պարզապես փորձում է անհանգստացնել բոլոր կողմերին` Արևմուտքին, Վրաստանին, Ուկրաինային և իր դեմ դուրս գալ փորձող երկրներին: Ինչ վերաբերում է Հայաստանի ռուսական ռազմաբազան Վրաստանի դեմ օգտագործելու մասին փորձագետների մեկնաբանություններին, Ցինցաձեն գտնում է, որ Հայաստանը երբեք չի օգտագործվի Վրաստանի դեմ, թեև հայ-վրացական հարաբերություններում մեծ խնդիր է առաջացել՝ պայմանավորված Հայաստանի ԵՏՄ և Վրաստանի արևմտյան ինտեգրացիայի հետ: Վրաստանը միշտ գնահատել է, որ Հայաստանը կարողացել է խուսափել ռուսական ավանտյուրաներում օգտագործվելուց: Ի վերջո, Հայաստանն ինքնիշխան երկիր է և չի գնա քայլերի Վրաստանի դեմ:
Իր հերթին՝ Վրաստանի ԱԳ նախկին նախարար Իրակլի Մենագարիշվիլին ասաց, որ Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, 2008-ից հետո մշտապես փորձել է Հայաստանին օգտագործել Վրաստանի դեմ: Սակայն նախկին նախարարը հիշեցրեց, որ Հայաստանը նույնիսկ պատերազմի տարիներին չի միջամտել պատերազմին՝ ի օգուտ Ռուսաստանի՝ այն դեպքում, երբ Ռուսաստանն իրեն համարում է Հայաստանի ռազմավարական գործընկերն ու անվտանգության երաշխավորը: «Չեմ բացառում, որ հայ-վրացական հարաբերություններում առաջանան թյուրիմացություններ, ինչպես վերջերս ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի և Հարավային Օսիայի խորհրդարանի նախագահ Անատոլի Բիբիլովի հանդիպումն էր: Սակայն նման թյուրիմացությունները միշտ հարթվում են, հայկական կողմը շատ զգուշավոր է Վրաստանի հետ հարաբերություններում, և, եթե սխալը լինում է հայկական կողմից, հարթում է հենց հայկական կողմը, ինչը ցուցիչ է այն մասին, որ Հայաստանը չի ցանկանում փչացնել հայ-վրացական հարաբերությունները: Վստահ եմ, որ Հայաստանից զենք չի օգտագործվի Վրաստանի դեմ, իսկ թյուրիմացություններ դեռ կլինեն ու կհարթվեն, ինչը բնական է, եթե չլիներ նույնիսկ ռուսական գործոնը»: Ինչ վերաբերում է ռուս-վրացական լարվածությանը, ապա դիվանագետն այն համոզման է, որ Վրաստանն այսօր շատ ավելի անվտանգ է, քան 2008թ. Ռուս-վրացական պատերազմի ժամանակ, իսկ Ռուսաստանը՝ խոցելի: «Ռուսաստանը լայնածավալ ռազմական ավանտյուրաների չի գնա»,- ընդգծեց Մենագարիշվիլին: