Սահմանադրական փոփոխությունները որևէ լավ արդյունքի չեն հանգեցնի. Վիգեն Խաչատրյան
Մեր զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը
– Պարոն Խաչատրյան, սահմանադրական փոփոխությունների նախագծում ո՞ր դրույթներն եք խնդրահարույց համարում:
– Սահմանադրական փոփոխությունների իրականացումը ներկա պայմաններում ավելի քան խնդրահարույց է: Ես ավելի քան համոզված եմ, որ հիմա Հայաստանում չի կարելի Սահմանադրություն փոխել, որովհետև այդ Սահմանադրությունը նման կլինի ամեն ինչի, բացի Սահմանադրությունից: Ի սկզբանե ես գտնում եմ, որ Սահմանադրության տեքստը, իհարկե, մասնագետները պետք է մշակեն, բայց հայեցակարգը և Սահմանադրությունը մասնագետների գործ չի, դա քաղաքական փաստաթուղթ է: Երբ քաղաքական մոտեցումը Սահմանադրության մշակման ընթացքում բացակայում է, դա կարող է լինել ինչ-որ այլ բան, բայց ոչ՝ Սահմանադրություն: Դրա համար ես գտնում եմ, որ սահմանադրական փոփոխությունները որևէ լավ արդյունքի չեն հանգեցնի, որովհետև հիմքում քաղաքական մոտեցում չկա դրված: Քաղաքական մոտեցում նշանակում է՝ ընդհանուրի շահ: Ես չեմ կարծում, որ հիմա Հայաստանում ընդհանուրի շահ հետապնդող երևույթ գոյություն ունի: Կարող է ընդհանուրի շահի հետապնդման նպատակադրած սուբյեկտ կամ անձը սխալվի, բայց անկեղծ պետք է հետապնդի ընդհանուր շահ: Երբ հետապնդում են մասնավոր շահ, դա միշտ էլ հակասում է ընդհանուր շահին: Հայաստանում այնպիսի իրավիճակ է, որ ընդհանուր շահը, կոպիտ ասած, մղված է ետին պլան, և ես չեմ տեսնում ընդհանուր շահ հետապնդող անհատներ կամ քաղաքական ուժեր:
– Այդ դեպքում այս փոփոխությունները ո՞ր մասնավորի շահին են ծառայելու:
– Հայաստանի Հանրապետությունը՝ որպես մարմին, և իշխանությունը բռնազավթված վիճակում են: Այս փոփոխությունները միտված են հավերժացնելու այս իրավիճակը: Խնդիրը սրանում է, և դա, իհարկե, հակասում է հասարակության ու պետության զարգացման շահերին:
– Փոփոխությունները մշակողներից ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանը պնդում է, որ կիսանախագահական և նախագահական կառավարման համակարգերի դեպքում վերարտադրումն ավելի հեշտ է, և այս փոփոխությունների նպատակը բոլորովին վերարտադրման խնդիր լուծելը չէ:
– Իհարկե, համակարգը կապ չունի վերարտադրման հետ, կարելի է վերարտադրվել և՛ խորհրդարանական համակարգում, և՛ նախագահական համակարգում, և՛ կիսանախագահական համակարգում: Ամբողջ խնդիրը նա է, որ երբ պետությունում վերարտադրումն ավանդույթի ուժ է ստացել, անիմաստ է Սահմանադրություն փոխել: Լավ խոստովանություն է, որ վերարտադրությունն առկա է: Հիմա խոսք չի գնում նրա մասին, որ դյուրացնել կամ բարդացնել վերարտադրությունը: Ի՞նչ է նշանակում այդ երևույթը՝ վերարտադրություն: Օրինակ՝ Ճապոնիայում Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը մի 40 տարի իշխանություն էր իրականացնում, բայց դա չի նշանակում, որ վերարտադրվում էր: Այդ քաղաքական ուժին Ճապոնիայի հասարակությունը գերադասում էր՝ 40 և ավելի տարի տեսնել՝ որպես իշխանություն իրականացնող: Եվ նրանք իշխանություն էին իրականացնում, ու ոչ ոք չէր խոսում Ճապոնիայում իշխանության վերարտադրման մասին: Պետք է խնդիրը խորքային դիտել: Հայաստան պետությունը զավթված է մի խումբ մարդկանց կողմից՝ պետական ինստիտուտները, իշխանությունը: Հիմա դրան լուրջ հակադարձող երևույթ մենք չենք տեսնում Հայաստանում: Հասարակությունն այդ ուժը մեջտեղ չի բերում, որը կձգտի պետությունն ազատագրել մի խումբ մարդկանց ճիրաններից և վերադարձնել հասարակությանը: Այնպես որ, որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այսօր Հայաստանում օրենքի հավասարություն գոյություն չունի, կան արտոնյալներ, կամ ամենաթողտվության ինչ-որ պայմաններ կան որոշ մարդկանց համար: Պետք է մտածել՝ այդ ամեն ինչի իմաստն ի՞նչն է, նպատակն ի՞նչ է: Մարդիկ իշխանությունը դիտում են՝ որպես իրենց կենսամակարդակը բարելավելու միակ միջոց: Շատերը Հայաստանում ձգտում են իշխանության՝ լավ ապրելու համար, և ոչ թե՝ պատվի կամ արժանապատվության համար: Այդ վիճակում խոսել սահմանադրական փոփոխություններից՝ մի քիչ լուրջ չէ: Դրա ամենավառ դրսևորումը, թերևս, կայանում է նրանում, որ Սահմանադրության մշակումը վստահվեց մասնագիտական խմբին: Դա ոչ թե ծիծաղելի, այլ տխուր է: Ծիծաղելի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ: Ինչպե՞ս կարելի է Սահմանադրության մշակումը, հայեցակարգը վստահել մասնագիտական խմբի: Եվ դա՝ այն պայմաններում, երբ այսօր պետությունում ու հասարակությունում այնպիսի մթնոլորտ է, որ հակադրվելը որևէ կարծիքի՝ դիտվում է թշնամություն: Այդ մասնագետներն ի՞նչ սկզբունքից ելնելով են մշակում Սահմանադրությունը, բնական է, չէ՞, որ պատվիրողներին հաճոյանալու նպատակով: Ո՞ւմ է պետք այդ Սահմանադրության տեքստը, որ մշակված է հաճոյանալու կամ հեռու գնացող նպատակները սպասարկելու նպատակով: Այստեղ խոսելն անգամ, քննարկելն իմաստ չունի: Ակնհայտ է՝ ովքեր և ինչու են գրել այդ տեքստը, ինչպես են հիմնավորել: Քաղաքական ուժերն ընդհանրապես ոչ թե մի կողմ են դրված Սահմանադրության մշակումից, այլ իրականում իրական քաղաքական ուժերը վերացել են ՀՀ-ից: Տարբեր շահեր հետապնդող ինչ-որ խմբավորումներ են գործում: Ամենատխուրն այն է, որ հասարակական ընդհանուր շահը լավագույն դեպքում որպես մանիպուլյացիայի էլեմենտ է օգտագործվում մասնավոր շահերի հետապնդման ճանապարհին: Տխուր վիճակ է Հայաստանում, ինչպես Սերժ Սարգսյանը սիրում է ասել՝ գաղջ մթնոլորտ է: