Բաժիններ՝

Որո՞նք են այսօր հայ գյուղացու հիմնական խնդիրները

 

Այսօր մայրաքաղաքի Մաշտոցի պուրակին հարող տարածքում վերաբացվեց գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառը: Նշենք, որ մասնակցությունը տոնավաճառին թույլատրվում է միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից տրված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստում են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը:  Նշենք նաև, որ այս տոնավաճառին մասնակցում են հանրապատետության տարբեր մարզերից իրենց արտադրանքը վաճառող գյուղացիներ:

168.am-ի հետ զրույցում առևտրականները, խոսելով այսօր հայ գյուղացու առջև ծառացած դժվարությունների մասին,  հիմնականում նշում էին ոռոգման ջրի, պարարտանյութերի ձեռքբերման և արտադրանքն իրացնելու հետ կապված խնդիրները: Մեր զրուցակիցներից գրեթե բոլորը նշեցին, որ գյուղացիներն այսօր շատ վարկեր ունեն վերցրած, որոնք ի վիճակի չեն լինում մարել, ու արդյունքում՝ շարունակ այստեղից-այնտեղից պարտք են վերցնում:

«Կոնկրետ մեր գյուղում՝ Արտաշատի Բերդ գյուղում,  ամենառաջնային խնդիրներից մեկը գյուղացու համար ոռոգման ջրի հարցն է: Այդ խնդիրը լուծվում է այն եղանակով, որ արտեզյան ջուր ենք օգտագործում, որը շատ թանկ է, ու նույնիսկ այդ թանկ ջուրն է քիչ, ու դրա պատճառով, մեր արտադրանքն ավելի թանկ է լինում,  ու իրացման հետ կապված խնդիրներ ենք ունենում: Ասում են՝ խողովակները դուք պետք է բերեք-գցեք, որ ջուր ունենաք, բայց գյուղացին ի՞նչ փողով դա անի, բոլորը վարկերի տակ են»,- մեզ հետ զրույցում ասաց տոնավաճառին մասնակցող առևտրականներից մեկը:

Արարատի մարզի Նիզամի գյուղից եկած առևտրականներից մեկն էլ դժգոհեց իրենց գյուղի ոռոգման ջրից՝ ասելով, որ  իրենք բոլորովին ջուր չունեն, և աստիճանաբար անապատանում է իրենց գյուղը:

Ոռոգման ջրի խնդրից բացի՝ գյուղացիները նաև դժգոհում էին ապրանքի իրացման հետ կապված խնդիրներից: Նրանք նշում էին, որ, քանի որ թունաքիմիկատները և պարարատանյութերը թանկ են, իրենց ապրանքն էլ է թանկ վաճառվում, ինչն ապրանքի վաճառքի հետ կապված մեծ խնդիրներ է առաջացնում: «Աղքատ է մեր ժողովուրդը, չի կարողանում գնել, բացի դա, ինքներդ էլ գիտեք՝ մարդ էլ չի մնացել, որ մեր ապրանքը գնի»,- դժգոհեց մեր զրուցակիցներից մեկը:

Գյուղացիները, սակայն, մեկ դրական բան ընդգծեցին՝ այս տարի բերքը լավ է. «Գիլասը, ծիրանը, բանջարեղենը… Փառք Աստծո, անցյալ տարիների համեմատ՝ այս տարի լավ է եղել»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս