«ՀՀ նախագահն ուղղակի ներգրավվածություն չի ունենա կառավարման հարցերում, կլինի Սահմանադրության կանոնների պահպանման երաշխավորը». Վարդան Պողոսյան

Սահմանադրության նոր նախագծում նախագահին վերաբերող գլուխը խմբագրական փոփոխությունների կարիք ունի: Այս կարծիքն այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը՝ համաձայնելով, որ ԱԺ պատգամավորների դեպքում հստակ սահմանվել է, թե քանի տարի պետք է լինեն ՀՀ քաղաքացի և քանի տարի մշտապես բնակվեն ՀՀ-ում, իսկ նախագահի դեպքում սահմանվում է, որ ՀՀ նախագահը կարող է ընտրվել 40 տարին լրացած, 7 տարի ՀՀ քաղաքացի հանդիսացող անձը, բայց բնակության առումով հստակություն չկա:

Նա նշեց, որ կարող են լինել հարցեր, և մասնագետները, որքան էլ փորձված լինեն, որոշ մանրուքներ չնկատեն:

Թե ՀՀ նախագահն ազգային միասնությունն ինչպե՞ս կմարմնավորի, Վ.Պողոսյանը պատասխանեց, որ ՀՀ նախագահն ուղղակի ներգրավվածություն չունի կառավարման հարցերում, հանդիսանում է Սահմանադրության կանոնների պահպանման երաշխավորը, իսկ Սահմանադրությունը վերկուսակցական մի փաստաթուղթ է, բոլորի համար է՝ թե՛ քաղաքական մեծամասնության, թե՛ փոքրամասնության.

«Նախագահը պետք է լինի անաչառ, չեզոք, իրավունք չունի կողմնապահ լինել, ակնհայտ քաղաքական նախապատվություն տալ, պառլամենտական համակարգում նախագահական ինստիտուտի առավելությունը հենց նրանում է, որ ձերբազատված լինելով կառավարումից, կապահովի կոնսենսուս:

Մնացած հարցերի վերաբերյալ թող կուսակցությունները վիճեն պառլամենտում, կառավարումը քննադատվի, բայց նախագահը հիմնարար արժեքներին պետք է հետևի, որ չստեղծվի այնպիսի տպավորություն, որ նախագահը մի ֆիգուրա է, որ անելիք չունի, ինչպիսի մեկնաբանություններ արդեն եղել են: Պառլամենտական համակարգն ապահովում է հենց այն, որ չլինելով գործադիր իշխանության կրող, նախագահը կարողանում է ներգործել բոլորի վրա և կարողանում է ապահովել միասնություն»:

Տեսանյութեր

Լրահոս