Բաժիններ՝

Հայաստանը կարող է ստանձնել երկու կարևոր դերակատարություն տարածաշրջանում. Վարդան Ոսկանյան

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, արևելագետ Վարդան Ոսկանյանն այսօրվա ասուլիսում ասաց, որ Իրան-«Վեցյակ» համաձայնագիրը  կարելի է անվանել ճեղքում. «Ճեղքում՝ նախևառաջ՝ ԱՄՆ-Իրան հարաբերություններում, որին երկու կողմերը գնացել են վերջին երկու տարիների ընթացքում:  Այս հանգամանքն ուշագրավ է հատկապես այն առումով, որ կողմերի մեջ առկա  անվստահության մթնոլորտը հաշվի առնելով՝  նման համաձայնության հասնելը  շատ դժվար էր թվում, ինչ-որ առումով՝ նաև անհավանական:

Մենք ևս գտնվում ենք այս տարածաշրջանում և կարող ենք ստանձնել երկու կարևոր դերակատարություն. Մեկը՝ հանդիսանալ մուտքի դարպաս դեպի Իրան՝ Հյուսիսի համար, և երկրորդ՝ հանդիսանալ ելքի դարպաս՝ Իրանից դեպի Հյուսիս: Հայաստանն Իրանը Եվրոպային կապող ամենակարճ ուղին է: Անշուշտ, Հայաստանն ունի խնդիրներ՝ կապված հաղորդակցության հարցերի հետ, բայց կարող ենք օգտագործել այս ժամանակահատվածն ու պատրաստվել իրանական ելքին՝ դեպի Եվրոպա, և եվրոպացիների մուտքին՝ դեպի Իրան: Փակ համակարգի բացումն ակնհայտորեն բերելու է նրան, որ իրանցիները սկսելու են տեխնոլոգիական զանազան գործիքներով, տնտեսության արդիականացման տարբեր մեխանիզմներով աշխատել, և այս ընթացքում մենք էլ հնարավորություն ունենք զբաղեցնելու մեր խորշը այդ ամբողջ համագործակցության համատեքստում»:

Արևելագետն ասաց, որ, եթե ձեռք բերված համաձայնությանը նայենք տարածաշրջանային համատեքստով, ապա տարածաշրջանում, անշուշտ, եղան շահողներ ու կորցնողներ. «Շահողների թվում, բնականաբար, առաջինն Իրանն է և իրանամետ դիրքորոշում ունեցող երկրները, որոշ դեպքերում՝  նաև համեմատաբար չեզոք դիքորոշման երկրներ, օրինակ՝ ԱՄԷ-ն, որը նաև Հարավից Իրան մուտքի առումով՝ Հայաստանի հետ մրցակցային դաշտում է:

Կորցնողների թվում են Իսրայելի պետությունը, Սաուդյան Արաբիան: Այս ցանկում կարող է հայտնվել նաև Թուրքիան, քանի որ ենթադրվում է, որ կարճաժամկետ առևտրային գործարքներից միգուցե  թուրքական տնտեսությունը շահի, բայց երկարաժամկետ հեռանկարում Իրանը լինելու է այն երկիրը, որը մագնիսի պես դեպի իրեն է ձգելու մերձավորարևելյան տարբեր խաղացողների և հանդիսանալու է Մերձավոր Արևելքի այն կենտրոնը, որի դերին հավակնում է նաև Թուրքիան:

Բացի այդ, կա մի կարևոր հանգամանք ևս. Թուրքիան այժմ ունի  ներքաղաքական լուրջ խնդիրներ, ինչից Իրանը  զերծ է տվյալ պահին (չնայած Իրանի ներսում էլ կան պահպանողական ուժեր, բայց դրանք ակնհայտորեն փոքրամասնություն են, և գաղտնիք  չէ, որ Իրանում որոշումների կայացումն իրականացվում է իսլամական հեղափոխության առաջնորդի կամքով, և այդ կամքն առկա է, հակառակ դեպքում իրանական կողմը չէր գնա համաձայնության): Իսկ Թուրքիան ինչ-որ առումով մատնված է ներքաղաքական ճգնաժամի շեմին՝ կառավարություն կազմել չկարողանալու իմաստով, և, բացի այդ՝ քրդական հիմնահարցը Թուրքիայի համար դարձել է խոշոր թնջուկ, որի առթիվ Թուրքիան ունի լուրջ անհանգստություններ (ընդհուպ՝ մինչև ռազմական զորախաղեր, զինվորական ուժի տեղաշարժեր, սպառնալիքներ Հյուսիսային Սիրիայում՝ ռազմական ներխուժման տեսանկյունից), և այս առումով՝ Թուրքիան զբաղված է այլ ճակատներում ու առայժմ ազատ ռեսուրսներ չունի՝ կենտրոնանալու իրանական ուղղությամբ»:

Վ. Ոսկանյանի կարծիքով՝ Իրանը ձգտելու է լրացնել մերձավորարևելյան այն բոլոր վակուումային կետերը, որոնք հայտնվել են Մերձավոր Արևելքում այս քաոսային վիճակը հաստատելուց հետո. «Դա լինելու է քաղաքական, տնտեսական ասպարեզներում, նաև՝ գաղափարախոսական մակարդակով, որովհետև Իրանը շիական գաղափարախոսության վրա հիմնված երկիր է, և իր քաղաքական ուղեգիծը, շատ դեպքերում, իհարկե՝ ոչ դոգմատիկ կերպով, տանում է շիական գաղափարախոսության իր՝ առաջնորդի դերն օգտագործելով»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս