Բաժիններ՝

Հայ-իրանական հարաբերություններում բեկում չպետք է ակնկալել. իրանագետ

«Հայ-իրանական հարաբերություններում բեկում չպետք է ակնկալել Իրան-Վեցնյակ համաձայնությունից հետո»,-այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Կովկաս-Կասպյան տարածաշրջանի բնիկ ժողովուրդների ինստիտուտի տնօրենի տեղակալ, իրանագետ Վահե Բոյաջյանն` անդրադառնալով Իրան-Վեցնյակ պատմական համաձայնությանը:

Նա նշեց, որ միանշանակ ասել, թե օրերս ձեռքբերված միջուկային համաձայնությունը   տարածաշրջանում և ամբողջ աշխարհի կտրվածքով խաղաղություն կբերի, և միջուկային խնդիրը վերջնականապես կլուծվի, չի կարելի, քանի որ Իրանն ու այդ  պետությունը մոտից ճանաչող մասնագետները կհամաձայնեն, որ մի փոքր ավելի ստորին մակարդակի նմանատիպ համաձայնագրեր կնքվել են շատ ավելի վաղուց ևս։ Ուստի  այս համաձայնագրի կնքումը չի նշանակում, որ դրանում ընդգրկված  կետերն արդեն  իսկ կյանքի են կոչվելու ամենամոտ ժամանակներս: Ըստ նրա` սա փուլային համաձայնագիր է և քայլ առ քայլ պետք է դրանում նշված կետերն իրականացվեն: «Իսկ եթե այդ մանրամասներից վերանանք, կարող ենք ասել, որ  վերջապես տեղի ունեցավ 2-3 տարի տևող բանակցություններից հետո մի իրադարձություն, որն ունի մեծ  կարևորություն թե տարածաշրջանի, թե աշխարհի համար:  Բայց պետք է հետևենք նաև արձագանքներին, թե  համաձայնագրի  բոլոր կողմերը ինչպես են վերաբերվում դրան իրականում: Պետք է սպասել ու տեսնել, թե որոնք կլինեն հաջորդ քայլերը և կողմերն ինչպես կսկսեն կյանքի կոչել պարտավորությունները»,- նման կարծիք հայտնեց փորձագետը:

Խոսելով հայ-իրանական հարաբերություններում սպասվելիք փոփոխություններից` ասաց, որ հայաստանյան շրջանակներում մշտապես շրջանառվել է այն միտքը, որ  Իրանը Հայաստանի  ամենավստահելի գործընկերն է  տարածաշրջանում և այն բոլոր դրական գործընթացները, որոնք տեղի են ունենում  Իրանում, ՀՀ-ի  համար ևս կարևոր են: Սակայն փորձագետի համոզմամբ, տեղին չէ քննարկել, որ Իրան-Վեցնյակ համաձայնությունը նոր ծավալ կհաղորդի հայ-իրանական հարաբերություններին: «Մինչ այս համաձայնագրի կնքումը բազմաթիվ  բնագավառներ են եղել, որ շատ հանգիստ Իրանն ու Հայաստանը կարող էին իրենց համագործակցությունը  գոնե երկու անգամ ավելի մեծ ծավալով կազմակերպել, բայց  վերջին 20-25 տարվա ընթացքում նման բան չի եղել: Այս տարիների ընթացքում երկու պրոյեկտ կարելի է նշել, որ սկզբից մինչև վերջ ավարտին են հասցվել, մեկը` կամուրջի կառուցումը 1990-ական թթ սկզբին և երկրորդը` գազամուղը, որն էլ որոշ վերապահումներով կարելի է կոչել ավարտված պրոյեկտ, բոլորս գիտենք` սկզբից ինչ էր նախատեսվում և հետո  արդյունքում ինչ ստացվեց: Մենք ևս պետք է սպասենք և տեսնենք, թե այն բոլոր խոչընդոտները, որ այս համաձայնագիրը վերացնում է Իրանի զարգացման համար ինչ ազդեցություն է ունենալու Իրանի վրա և դա ինչ օգուտ կտա Հայաստանին: Բազմաթիվ փորձագետներ նշում են, որ պետք է սկսվի Մեղրիի ՀԷԿ-ի կառուցումը, բայց ես որևէ լուրջ խոչընդոտի մինչև այսօր չեմ հանդիպել, որը խանգարում էր ՀԷԿ-ի կառուցմանը և մենք սպասում էինք այս համաձայնագրի կնքմանը:  Եթե Իրանը մեր հարևան երկիրն է և նրա դեմ կիրառվող պատժամիջոցները վերացվել են, դա դրական է, քանի որ կլինեն բազմաթիվ բնագավառներ, որտեղ կարելի է համագործակցություն սկսել կամ մեծ թափով  շարունակել, բայց հայ-իրանական հարաբերությունների չիրացված ներուժը պայմնավորել պատժամիջոցներով չի կարելի, կոռեկտ չէ, քանի որ մինչ համաձայնագիրը ևս  բազմաթիվ բնագավառներ կային, բազմաթիվ ծրագրեր, որոնք կարելի էր իրականացնել»,- մեկնաբանեց Վահե Բոյաջյանը:

Հարցին, թե ինչն է խոչընդոտել այս տարիների ընթացքում իրացնել հայ-իրանական հարաբերություններում առկա ներուժը, եթե խնդիրը պատժամիջոցները չեն եղել, բանախոսը պատասխանեց, որ հայ-իրանական հարաբերություններն իսկապես մեծ ներուժ ունեն, բայց հարաբերություններ զարգացնելիս պետք է հաշվի առնել, որ յուրաքանչյուր երկիր իր առանձնահատկություններն ունի և Իրանի հետ ծրագրեր մշակելիս և իրականացնելիս ժամկետների առումով չպետք է լավատեսություն ունենալ, քանի որ դա երկար աշխատանք է պահանջում: « Դա այդ երկրի առանձնահատկությունն է:  Կա  մեկ այլ հանգամանք ևս,  եթե դու մի փոքր ծրագիր չես կարողանում իրականացնել, արդարացման համար միշտ սպասում ես, որ  խոչընդոտող հանգամանքները կարգավորվեն; Խոչընդոտներ միշտ լինում են, իսկ ինչի՞ համար է դիվանագիտությունը, դիվանագիտությունը նրա համար է, որ կարողանաս խուսանավել և հնարավորինս օգուտներ քաղել քո համար: Եթե չի ստացվել, ուրեմն կողմերի պատկան մարմիններին պետք է հարցն ուղղել»,- ընդգծեց իրանագետ Վահե Բոյաջյանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս