Գրավված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը՝ համապարփակ կարգավորման շրջանակում. Ուորլիք

Մոսկվայում երկօրյա այցով գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ծավալուն հարցազրույց է տվել «Վեդոմոստիին», որտեղ հայտնել է, որ Մինսկի խմբի համանախագահները ծրագրում են հուլիսի վերջին դարձյալ այցելել Լեռնային Ղարաբաղ:

Ուորլիքը հարցազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին ու բանակցային գործընթացին, պատմել առաջիկայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին:

Ուորլիքը հայտնել է, որ ինքը Մոսկվայում չի կարողացել հանդիպել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, քանի որ վերջինս գտնվում է Վիեննայում, սակայն ինքը հանդիպել է ՌԴ արտգործնախարարի տեղակալ Գեորգի Կարասինի հետ: Վերջինիս հետ Ուորլիքը կարծիքներ է փոխանակել Լեռնային Ղարաբաղի կարգավորման հետագա քայլերի վերաբերյալ:

«Մենք ևս մեկ անգամ հաստատել ենք, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան պետք է շարունակեն մասնակցել կարգավորման ուղիների որոնման աշխատանքին, համատեղ մշակեն օրակարգը: Ու մենք անհամբերությամբ ենք սպասում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ հանդիպմանն այս տարեվերջին: Բայց որպեսզի հանդիպումը հաջող լինի, մենք պետք է նախապատրաստենք քննարկումը: Ու այդկերպ մենք քննարկել ենք մի շարք նման հարցեր»,- հայտարարել է Ուոլիքը:

Լրագրողի այն հարցին, թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկվել, Ուորլիքը պատասխանել է, որ այդ «հարցերից շատերը քննարկվում են տասն ու ավելի տարիներ»:

«Ինչպես դուք գիտեք, Ռուսաստանը երկար տարիներ ակտիվ դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի կարգավորման բանակցություններում: Մենք խոսում ենք կոնկրետ սկզբունքների ու կարգավորման տարրերի մասին: Դրանցից շատերը շարադրված են եղել դեռ բանակցությունների ժամանակ, որոնք անցկացրել է այդ ժամանակվա նախագահ Մեդվեդևը: Խոսքն այն բանի շարունակության մասին է, թե ինչ է արվել այդ ժամանակ: Մենք չենք փորձում հայտնագործել նոր հարցեր ու նոր մոտեցումներ: Մենք փորձում ենք շարունակել քննարկումն այն բանի հիման վրա, թե ինչ է ձեռք բերվել այն ժամանակ: Դա վերաբերում է մի շարք կարևոր հարցերի: Դրանց թվում են՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների վերադարձը, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, փախստականների վիճակը, անվտանգության երաշխիքները: Դրանք այն հարցերն են, որոնք երկար տարիներ դրված են օրակարգում, մենք դա դիտարկում ենք ամբողջության մեջ»,- ասել է Ուորլիքը:

«Վեդոմոստիի» այն դիտարկմանը, թե կոնֆլիկտի 23 տարիների ընթացքում իրական ձեռքբերումներ կարելի է անվանել այն, որ կա քննարկման ու երկխոսության հնարավորություն, իսկ հիմնական նպատակները կարծես թե չեն իրականացել, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը համաձայնել է՝ ասելով՝ «իսկապես, դա մեծ հիասթափություն է, մասնավորապես՝ հենց տարածաշրջանի համար, որի բնակիչները ականատեսն են մինչ օրս շարունակվող բախումների»:

«Հրադադարը, որի մասին կողմերը պայմանավորվել էին, ամբողջությամբ չի պահպանվում: Դա մտավախություն է առաջացնում, սակայն խաղաղ կարգավորման հնարավոր է հասնել: Անցած տարի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները երեք անգամ հանդիպել են, իսկ եթե հաշվի առնենք Վիեննայում՝ դրան նախորդած հաջող հանդիպումը, ապա վերջին 12 ամիսներին կայացել է 4 հանդիպում: Նրանք հանդիպել են, որ քննարկեն այդ հարցերը, ու ամեն հանդիպում տվել է դրական արդյունք: Այո, նրանք դեռ համաձայնության չեն եկել, սակայն ես հավատում եմ, որ դա հնարավոր է: Ու հենց այն պատճառով, որ կարգավորումը հնարավոր է բանակցությունների միջոցով, Վաշինգտոնն ու Մոսկվան շարունակում են մասնակցել այդ գործընթացին»,- հայտարարել է Ուորլիքը:

Նրա խոսքով՝ 2014 թվականը «շատ վտանգավոր» էր, քանի որ երկու կողմերի զինծառայողների ու քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր են եղել, իսկ 2015-ի հունվարը զոհերի տեսակետից վերջին 20 տարվա առավել վտանգավոր շրջանն էր Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի խաղաղ կարգավորման համար:

«Այնպես որ, կան բոլոր մտավախությունները, որ այդ կոնֆլիկտը կարող է ընդլայնվել»,- ասել է Ուորլիքը՝ կարևորելով միասնաբար աշխատելով, բանակցությունների միջոցով կոնֆլիկտի լուծման եղանակներ գտնելը:

Նրա կարծիքով՝ «ամենաբացասական» պահն այն է, որ կոնֆլիկտը կարող է ցանկացած պահի թեժանալ, իսկ «դրականը»՝ այն, որ ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու Ռուսաստանը լրջորեն զբաղվում են կոնֆլիկտի խաղաղ կարգավորմամբ:

Հարցին, թե ինչպես է Վաշինգտոնը գնահատում Ադրբեջանի կողմից Ռուսաստանից ու Իսրայելից զենքի խոշոր խմբաքանակների ձեռքբերումը, Ուորլիքն ասել է, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանն իրավունք ունեն ապահովել իրենց անվտանգությունը, սակայն, միևնույն ժամանակ, ռազմականացումն «անհանգստություն է առաջացնում»՝ հատկապես շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանի երկայնքում:

Նրա խոսքով՝ անհանգստություն է առաջացնում այն փաստը, որ հիմա հրադադարի ռեժիմը խախտվում է ավելի խոշոր զինատեսակների օգտագործմամբ:

«Մեզ դա անհանգստացնում է, անհանգստացնում է նաև ռազմական հավասարակշռության հարցը: Երկու երկրների միջև բախումները տեղ ունեն, այդ իսկ պատճառով մենք չենք ուզում, որ ռազմական հզորության հարաբերակցությունը խթաներ մեկ կամ մյուս կողմին՝ օգտագործել իր որոշակի առավելությունը: Հենց այդ պատճառով Հայաստանը պետք է մասնակցի կարգավորման գործընթացին»,- ասել է Ուորլիքը:

Անդրադառնալով ազատագրված շրջանների կարգավիճակի շուրջ պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշմանը՝ ամերիկացի համանախագահն ասել է. «Գրավված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը՝  համապարփակ կարգավորման շրջանակում: Այստեղ կարևոր է չկենտրոնանալ կարգավորման սկզբունքի մեկ կամ մյուս տարրի վրա: Տարածքները պետք է վերադարձվեն, սակայն կան նաև այլ գործոններ: Այդ պատճառով էլ մենք խոսում ենք համապարփակ կարգավորման մասին»:

Նրա խոսքով՝ կարգավորման տարրեր կարող են լինել անվտանգության երաշխիքները, որոնք ներառում են միջազգային խաղաղարար ուժերի տեղակայում:

«Եթե ու երբ տարածքները վերադարձվեն, ապա հարկավոր կլինի տեղակայել միջազգային խաղաղարար ուժեր Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ապահովելու նպատակով»,- հայտնել է Ուորլիքը՝ նշելով, որ այդ ուժերի ընտրությունը պետք է կատարվի կողմերի փոխհամաձայնությամբ:

Տեսանյութեր

Լրահոս