«Կադրերի բաժին N 168»-ում Շուշան Պետրոսյանն է. «Նվագախմբի փորձը»
Այս երկուշաբթի «Կադրերի բաժին N 168»-ում երգչուհի Շուշան Պետրոսյանն է, ով մեր ընթերցողներին առաջարկում է դիտել հայտնի իտալացի դասական, հնգակի օսկարակիր Ֆեդերիկո Ֆելինիի «Նվագախմբի փորձը» (Federico Fellini «Prova d’orchestra»): Ֆիլմը դրամա է, նկարահանված 1978 թ. Իտալիայում: Գլխավոր դերերում հանդես են գալիս Բալդուին Բաասը, Կլարա Կոլոզիմոն, Ռոնալդո Բոնակին, երաժշտության հեղինակը Նինո Ռոտան է, ֆիլմի տևողությունը 70 րոպե է:
«Նվագախմբի փորձը» պսևդո-դոկումենտալ ժանրում նկարահանված գեղարվեստական ֆիլմ է: Լրագրողը, ով ֆիլմի հերոսներից մեկն է, հարցազրույցների շարք է պատրաստում՝ սիմֆոնիկ նվագախմբի անդամների հետ: Նրանցից յուրաքանչյուրն առանձնակի սիրով ու ջերմությամբ է նկարագրում սեփական երաժշտական գործիքը, մինչ այն պահը, երբ ֆիլմում ի հայտ են գալիս վարքի որոշ տարբերությամբ նվագախմբի ներքին հիերարխիայում առավել ցածր դիրք գրավող երաժիշտներ… Դիրիժորն այստեղ կիսաաստված է՝ գրեթե բռնակալ:
Շուշան Պետրոսյանն իր առաջարկած ֆիլմի մասին գրում է. «Իհարկե, Ֆելինին այն ռեժիսորն է, որի ցանկացած ֆիլմ իմ նախընտրությամբ կարող էր տեղ գտնել ձեր խորագրում: Դա կարող էր լինել և՛ «8 ու կեսը», և՛ «Քաղցր կյանքը», և՛ «Ամարկորդը», և՛ «Կազանովան» և՛, հատկապես իմ դեպքում, «Եվ նավը լողում է» ֆիլմը, որովհետև ինձ գրավել է այդ ֆիլմի, այսպես ասեմ՝ խճանկարային կառուցվածքը, բայց ձեր ընթերցողներին այս անգամ կառաջարկեմ հենց «Նվագախմբի փորձը»՝ իր սյուժետային ամբողջականության համար: Ինձ համար այս ֆիլմը կարծես մի տեսարանով նկարահանված լինի, որտեղ այնքան գեղեցիկ լուծումներով են նկարագրված նվագախմբի փորձերը, նրանց հարաբերությունները, ապրումները, խառնվածքը, նույնիսկ ցինիզմը, վերաբերմունքը սեփական գործիքի նկատմամբ:
Ինձ համար այս ֆիլմի ողջ գաղափարն արտացոլվում է վերջին կադրում, որը ֆանտաստիկ լուծում է, իմ կարծիքով: Դեռ ուսանողական տարիներին եմ առաջին անգամ նայել «Նվագախմբի փորձը» , և երբ եկավ այդ վերջին կադրը՝ ֆիլմի ավարտը, որ տրամաբանորեն այնքան ճիշտ և գեղեցիկ էր կառուցված, ես սկսեցի հեկեկալ դահլիճում նստած: Երբեք չեմ մոռանա այդ զգացողությունը: Գիտե՞ք, իմ կարծիքով՝ այս ֆիլմն այնքան էլ ֆելինիական չի, որովհետև այն էյֆորիկ զգացողականությունն ու իտալականությունը, որ կա նրա յուրաքանչյուր ֆիլմում, այստեղ կարծես այդքան ընդգծված չէ, ինձ համար սա Ֆելինիի ձեռագրի նոր երանգ է: Գուցե իմ կողմից Ֆելինիին անդրադառնալն ինչ-որ տեղ հնաոճ ընտրություն դիտարկվի, պարզապես ամերիկյան կանխատեսելի ավարտով ֆիլմերի առատությունից ես իսկապես կարոտ եմ այսպիսի արվեստի»:
Ֆեդերիկո Ֆելինին իտալացի ռեժիսոր և սցենարիստ է՝ համաշխարհային կինոյի ամենանշանավոր կինոգործիչներից մեկը՝ 25 ֆիլմի ռեժիսոր, 51 ֆիլմի սցենարի հեղինակ: Հնգակի օսկարակիր է, 4 անգամ արժանացել է Կաննի, 3 անգամ՝ Վենետիկյան և Մոսկովյան միջազգային կինոփառատոների մրցանակներին: Բրիտանական կինոակադեմիայի պատվավոր անդամ և մրցանակակիր Ֆեդերիկո Ֆելինիի պատվին է անվանակոչվել ծննդավայր Ռիմինիի օդանավակայանը:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ`
168.am-ը մաղթում է հաճելի կինոդիտում։
Խորագիրը վարում է Նվարդ Մանվելյանը