Մեր տնտեսությունը գտնվում է ճգնաժամային վիճակում. Վարդան Բոստանջյան
«Միջնաժամկետ ծախսերի ծրագիրը ոչ այլ ինչ է, քան գրեթե ոչ մի ծանրաբեռնվածություն չենթադրող նախագիծ, որը, որպես կանոն, գրեթե ոչ մի անգամ իրականության հետ ոչ մի աղերս չի ունեցել»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ խոսելով անցած հինգշաբթի օրը կառավարության հաստատած 2016-2018 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մասին։
Ըստ նրա՝ առաջիկա տարիներին տնտեսական աճի կանխատեսումը ՄԺԾԾ ձևավորման հետ բյուջետային օրենքի պահանջ է: ՄԺԾԾ-ում կառավարությունն այս տարի կանխատեսում է 1% տնտեսակա նաճ, 2016-ին՝ 2%, 2017-ին` 3.5%, 2018-ին՝ 4%: Վ.Բոստանջյանի խոսքով՝ անկախ այդ կանխատեսումներից, տնտեսական աճը պայմանավորված է բազմաթիվ գործոններով, որոնց առկայության պարագայում նոր ցցուն կերևա՝ կլինի աճ, թե ոչ. «Պետք է կարողանանք ապահովել համապատասխան զարգացումներ, որ նոր աճն իրականություն դառնա»:
«Կանխատեսումեր կարող են անել, բայց իրական կյանքը, արի ու տես, որ էականորեն տարբերվում է փաստացի իրավիճակից: Այսօր փաստն այն է, որ մեր տնտեսությունը գտնվում է ստագնացիոն, ճգնաժամային, կանգ վիճակում: Բոլոր միջազգային ֆինանսական ու տնտեսական կազմակերպությունները կանխատեսում են 0-ական աճ՝ ոչ ցանկալի վիճակ ՀՀ համար: Բնականաբար, մեր երկրի կառավարողները չէին ուզենա դա ընդունել, բայց գոնե 1%-ն ընդունեցին՝ բյուջեով ծրագրված 4.1% փոխարեն: Սակայն տնտեսական աճն ուզելով չէ, պետք է տեսնել այն ծրագրերը, որոնք մեզ կտանեն այդպիսի աճի: Իսկ այդ ծրագրերի մասին մենք չունենք ռեալ պատկերացում»,- ասաց Վ.Բոստանջյանը: