Բաժիններ՝

Բաց երկնքի քաղաքականություն կոչվածն ուղղակի բլեֆ է. Շահեն Պետրոսյան

Վերջին շրջանում ավիաընկերությունները դադարեցնում են իրենց չվերթերը դեպի Հայաստան և հեռանում են Հայաստանից: ՀՀ Կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանն ու քաղաքագետ Արմեն Գրիգորյանն այսօրվա ասուլիսին փորձեցին բացատրել, թե որո՞նք են դրա պատճառները:

Ըստ Շահեն Պետրոսյանի՝ պատճառները շատ են՝ տնտեսական, քաղաքական.

«Քաղաքական բաղադրիչներից հիմնականն այն է, որ Հայաստանը գտնվում է վասալային վիճակում և ամբողջ այդ շուկան ուղղակի տվել է Ռուսաստանին: Բաց երկնքի քաղաքականություն կոչվածն ուղղակի բլեֆ է, այդպիսի բան գոյություն չունի, որովհետև մեր երկինքը երբեք էլ փակ չի եղել: Խնդիրն այն է, որ, երբ սկսվեց Հայկական ավիաուղիների վերացման պրոցեսը, այսինքն՝ արհեստական սնանկացման (իսկ դա ամենաեկամտաբեր ոլորտն է Հայաստանում), պատճառները պարզ էին: Մարդիկ հասնում են իշխանության և մտածում միայն իրենց մասին: Այդպես եղավ, երբ ոլորտը տրվեց «Արմավիային»:

Ես այն ժամանակ զգուշացրի, որ վտանգավոր հետևանքներ է ունենալու դա, որովհետև ոլորտով սկսեցին զբաղվել ոչ պրոֆեսիոնալ մարդիկ: Մենեջմենթը շատ վատն էր, ու սկսվեց «Արմավիայի» սնանկացման գործընթացը: Հետո ստեղծվեց նոր ավիաընկերություն՝ «Էյր Արմենիան», և այդ պահին որոշվեց, որ պետք է ազատականացնել երկինքը, այսինքն՝ հաշվի չառնելով սեփական փոխադրողի շահերը՝ ամբողջությամբ տալ օտարներին: «Էյր Արմենիան» անմիջապես սնանկացավ և չդիմացավ ռուսական ընկերությունների վարած քաղաքականությանը: Հիմա սեփական ավիաընկերություն չունենք, ու, եթե այստեղ էլ կիրառեն այն նույն պատժամիջոցները, որոնք կիրառում են Ռուսաստանի դեմ, մեր վիճակը նախանձելի չի լինի»:

Արմեն Գրիգորյանը նկատեց՝ խնդիրը շարունակում է մնալ քաղաքական.

«Ինչպես պարոն Պետրոսյանը նշեց՝ անցանք բաց երկնքի քաղաքականությանը, որպեսզի վիճակը բարելավենք, բայց հակառակը ստացվեց: Բարելավման քայլերից մեկը կարող էր լինել հարկերն իջեցնելը, բայց Հայաստանը շարունակում է ունենալ պետության կողմից սահմանված ամենաբարձր հարկեր ունեցող երկրներից մեկը: 2011թ. հետազոտություն էր անցկացվել, որի արդյունքներով՝ 25 օդանավակայաններից ամենաբարձր գներ ունեցողներից մեկը Հայաստանն էր: Երբեմն փաստարկ է հնչում՝ Հայաստանում թանկ է, որովհետև մասնավոր ընկերություն է ղեկավարում: Բայց, օրինակ, հարկերի տեսանկյունից՝ օդանավակայանի կողմից սահմանված հարկերն ուղևորների համար միջին են, մինչդեռ ուղևորների համար սահմանված հարկերը պետության կողմից՝ բավականին բարձր են: Դրա համար էլ տոմսերը մեզ մոտ թանկ են: Կառավարությունը ցանկություն չունի՝ հարկերն իջեցնելու, ոլորտը բարելավելու, ազատականացնելու»:

Հարցին, թե հայկական ավիաընկերությունների վերացումն «Աերոֆլոտի» համա՞ր էր արվում, Շահեն Պետրոսյանը պատասխանեց.

«Միգուցե դիտավորյալ է արվել, միգուցե ուղղակի «Աերոֆլոտն» օգտվեց բաց երկնքի քաղաքականությունից: Բայց միայն «Աերոֆլոտը» չէ. ռուսական և նույնիսկ ուկրաինական ընկերությունները սկսեցին օգտվել այդ քաղաքականությունից և դուրս մղեցին նաև եվրոպական ընկերություններին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս