Գերման Ավագյանի «Տեսողական պոեզիան»՝ «Նավավարում»
Երեկ «Նավավար» ձկնալի ըմպելարանում տեղի ունեցավ վավերագրող լուսանկարիչ Գերման Ավագյանի՝ «Տեսողական պոեզիա» («Визуальная поэзия») անվանումով լուսանկարչական ցուցահանդեսի բացումը, որը, ըստ հեղինակի՝ ոչ միայն իր, այլև առհասարակ երբևէ լուսանկարչության պատմության մեջ պատկերի և տեքստի նման համադրության առաջին փորձն է:
«Գաղափարը վաղուց կար, բայց ֆորմատը չէի գտնում, որտեղ տեքստ ու լուսանկարը հավասար կլինեին: Դեռ 1989- ից՝ «Գարուն» ամսագրում աշխատելու տարիներից, այս մասին մտածել եմ: Իդեան եկավ վերջերս, մի ֆոտո գտա իմ արխիվից, որտեղ Տիգրան Պասկևիչյանին էի լուսանկարել, իրեն խնդրեցի՝ հենց լուսանկարի վրա բանաստեղծություն գրեց, պասպարտու արեցի ու կախեցի պատից: Գնում-գալիս, նայում էի՝ մի ամիս, երկու ամիս, ու հասկացա, որ էս հենց էն ֆորմատն ա, որ ես փնտրում էի երկար ժամանակ»,- պատմեց լուսանկարիչը:
«Տեսողական պոեզիա»-ի բոլոր հերոսները Գերման Ավագյանի երկար տարիների ընկերներն են, որոնց լուսանկարիչը սեփական նկարների վրա բանաստեղծական մակագրություններ անելու լիակատար ազատություն է տվել՝ գրել՝ ինչ կուզենան, բացառությամբ՝ գրող Արմեն Շեկոյանի, որի «Երևան հյուրանոց» պոեմից վերցված հատվածն ընտրվել է Գերմանի անմիջական մասնակցությամբ:
Ցուցահանդեսում ներկա էին լուսանկարչի ընկերները, նաև՝ «Տեսողական պոեզիա»-ի «հերոսները»:
Ցուցահանդեսին ներկա պոետ Տիգրան Պասկևիչյանը 168.am-ի լրագրողի հետ զրույցում առաջարկում է.
– Մի լավ գաղափար ունեմ, տամ քեզ, օգտագործի՝ ցուցահանդեսի վերնագիրը ես փոխեցի էսօր, թող լինի՝ «Պանթեոն ցպահանջ»:
– Ինչո՞ւ:
– Պանթեոնում են, չէ՞, մեծ մարդիկ հավաքվում, նայիր, չորս կողմը պատերին մեծ մարդկանց նկարներ են, էն էլ՝ ցպահանջ,- կեսկատակ-կեսլուրջ մեկնաբանեց Տիգրան Պասկևիչյանը, բայց «ո՞ւմ բացատրես, որ դու անդունդ չես, Տիգրան, այլ ազատ անկում», ինչպես որ իր լուսանկարի վրա է մակագրված…
Թեև Արթուր Բախտամյանի լուսանկարը ցուցահանդեսում չկա, այնտեղ ներկա հեռուստահաղորդավարն այսպես մեկնաբանեց իր «բացակա ներկայությունը». «Ես ցուցահանդեսում առկա լուսանկարներում չկամ, որովհետև պոետ չեմ, կյանքում բանաստեղծություն չեմ գրել, բայց բոլոր պոետները, ովքեր, Գերմանի «տարօրինակ» մտահղացմամբ՝ հանդիպել են կտավի վրա, ամեն մեկը՝ տողով ու պատկերով միաժամանակ, այն էլ՝ «Նավավարում», ուրեմն մենք միասին երկար ճանապարհ ունենք անցնելու»:
Գերման Ավագյանի հեղինակած յուրօրինակ ցուցահանդեսը դեռ շարունակվում է, իսկ թե որքան ժամանակ այցելուները հնարավորություն կունենան այն տեսնելու, հայտնի չէ: