Թուրքիան ձևացնում է, թե դա ցեղասպանություն չէ. Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը բրազիլական «Էստադաո» թերթին. Tert.am
Tert.am-ը գրում է. Թերևս հնարավոր կլիներ կանխել մարդկության դեմ իրականացված նման այլ հանցագործությունները, եթե հարյուր տարի առաջ Հայոց ցեղասպանությունը պատշաճ կերպով ճանաչվեր և դատապարտվեր. այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը բրազիլական «Էստադաո» թերթին տված հարցազրույցում։
-Սկզբում կցանկանայի ավելի ընդհանրական բնույթի հարց ուղղել, որն իմ կարծիքով այս պահին հիմնական հարցն է: Այն վերաբերում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այսպիսով, որքանո՞վ է կարևոր այս տարելիցը, այս ժամանակաշրջանը՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման ջանքերի առումով:
-Էդվարդ Նալբանդյան. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման հիմնական ուղերձն է՝ «Այլևս երբեք»: Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր է ոչ միայն Հայաստանի, հայ ժողովրդի, այլև՝ միջազգային հանրության համար՝ կանխարգելելու մարդկության դեմ նոր հանցագործությունները, նոր ցեղասպանությունները: Եվ այս է պատճառը, որ Հայոց ցեղասպանության, ինչպես նաև այլ ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը չափազանց կարևոր է: Թերևս հնարավոր կլիներ կանխել մարդկության դեմ իրականացված նման այլ հանցագործությունները, եթե հարյուր տարի առաջ Հայոց ցեղասպանությունը պատշաճ կերպով ճանաչվեր և դատապարտվեր:
-Արդյո՞ք կարծում էք՝ նրանից, ինչին մենք ականատես ենք մեր օրերում, հնարավոր էր խուսափել:
-Կարծում եմ՝ այո: Հայոց ցեղասպանությունից հետո աշխարհն ականատես եղավ Շոային, Ռուանդայում, Կամբոջայում, Դարֆուրում և այլ վայրերում իրականացված ցեղասպանությունների: Միջազգային հանրությունը պետք է միավորի ջանքերը` մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման նպատակով: Մարտի 27-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ընդունվեց Հայաստանի նախաձեռնած՝ Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձև, որը համահեղինակեցին 72 պետություն, այդ թվում նաև` Բրազիլը: Բանաձևն ընդունվեց կոնսենսուսով: Գրեթե յուրաքանչյուր երկու տարին մեկ մենք նախաձեռնում ենք նմանատիպ բանաձև` նպատակ ունենալով կատարելագործելու կանխարգելման տարբեր մեխանիզմները: Կարևոր է, որ բանաձևն ընդունվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման նախօրեին:
Այս ապրիլին Եվրոպական խորհրդարանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունեց հատուկ բանաձև` հստակ ուղերձով: Սա առաջին դեպքը չէ, երբ Եվրոպական խորհրդարանը ճանաչում է այն, սակայն նոր բանաձևը պարունակում է հստակ և պարզ ուղերձ Թուրքիային` առերեսվելու սեփական անցյալի հետ, ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և, այդպիսով, ճանապարհ հարթելու հայ և թուրք ժողովուրդների միջև իրական հաշտեցման համար:
Շատ կարևոր է, որ նորանոր երկրներ են ճանաչում Հայոց ցեղասպանությունը։ Կցանկանայի հատուկ մատնանշել Գերմանիայի և Ավստրիայի կողմից իրականացված քայլերը. առաջինը՝ նախագահի, իսկ մյուսը՝ խորհրդարանի մակարդակներով։ Նկատի ունեմ Գերմանիայի Նախագահի և Ավստրիայի խորհրդարանի հայտարարությունները, որոնք պարունակում են ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլ նաև հարյուր տարի առաջ տեղի ունեցածի համար պատասխանատվության իրենց մասնաբաժնի ճանաչում: Եվ մինչ Գերմանիան և Ավստրիան խոսում են պատասխանատվության իրենց բաժնի մասին, Թուրքիան՝ Օսմանյան կայսրության իրավահաջորդը, շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը։
– Այս համատեքստում նաև ունենք Բրազիլիայի Սենատի կողմից ընդունված բանաձև։
-Շատ կարևոր բանաձև է։ Սա առաջին քայլն է, և մենք հուսով ենք, որ այն կամբողջացվի այլ քայլերով՝ Բրազիլիայում պետական մակարդակով Հայոց ցեղասպանության ճանաչման նպատակով:
Այստեղ ես կցանկանայի ընդգծել այն կարևորությունն ու բարոյական նշանակությունը, որն ունեցավ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Նորին Սրբություն Հռոմի պապի կողմից արված հայտարարությունը Սուրբ Աթոռում կազմակերպված հատուկ պատարագի ընթացքում։ Պատարագից անմիջապես հետո լրագրողներն ինձ հարցրին, թե ինչպես կմեկնաբանեմ Թուրքիայի կառավարության արձագանքը։ Ես դեռ չգիտեի, թե ինչպիսին է եղել նրանց արձագանքը, քանի որ մասնակցում էի պատարագին։ Ուստի հարցրի նրանց, թե ինչպիսին է եղել արձագանքը, և նրանք ասացին, որ Թուրքիան սուր քննադատել է…
– Ինչպես միշտ:
– Ես ասացի, որ դա՝ այդ քննադատությունը, Թուրքիայի, այլ ոչ թե Նորին Սրբության խնդիրն է։ Նորին Սրբությունը ներկայացնում է աշխարհի 1,2 միլիարդ կաթոլիկներին և հանդիսանում է աշխարհի բնակչության այս շատ կարևոր հատվածի հոգևոր առաջնորդը։ Անկարան քննադատում է Եվրոպական խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանության կապակցությամբ նրա ընդունած բանաձևի պատճառով, հետ է կանչում իր դեսպաններին այն երկրներից, որոնք ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, ինչպես նրանք վարվեցին Բրազիլիայի Սենատի կողմից բանաձևի ընդունումից հետո:
-Այո, այս պահին Թուրքիայում քաղաքական փոփոխություններ են ընթանում։ Ձեր կարծիքով սա կարո՞ղ է որևէ ազդեցություն ունենալ Հայաստանի հետ հարաբերություններում:
-Գիտեք, մեր Նախագահի նախաձեռնությամբ Թուրքիայի հետ մենք սկսեցինք հարաբերությունների կարգավորման շատ կարևոր մի գործընթաց: Ունեցանք բանակցությունների մի քանի փուլեր և համաձայնության եկանք երկու փաստաթղթի շուրջ՝ երկու արձանագրության, որոնք ստորագրվեցին Ցյուրիխում՝ 2009թ. հոկտեմբերի 10-ին։
Սակայն թուրքական կողմը հրաժարվեց վավերացնել և կյանքի կոչել այդ երկու արձանագրությունները: Եվ միջազգային հանրության դիրքորոշումը եղել և մնում է շատ պարզ, որ գնդակը Թուրքիայի կիսադաշտում է։ Անհրաժեշտ է հարգել միջազգային հարաբերությունների հիմնական pacta sunt servanda սկզբունքը, այն է՝ անհրաժեշտ է հարգել ձեռք բերված համաձայնությունները և իրականացնել դրանք։ Թուրքական կողմը հետ քայլ կատարեց։ Ի՞նչ տեղի կունենա ապագայում։ Վստահ եմ, որ վաղ թե ուշ մենք պետք է միասին շրջենք այս էջը…
– Իհարկե:
-Բայց ոչ ժխտողականության քաղաքականությամբ։ Շատ հստակ է, որ Հայաստանը երբեք հարցականի տակ չի դնի Հայոց ցեղասպանության փաստը, դրա միջազգային ճանաչման կարևորությունը։ Տեսե՛ք, թե որքան երկրներ և միջազգային կազմակերպություններ են ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Իսկ Թուրքիան ձևացնում է, թե այն տեղի չի ունեցել, թե դա ցեղասպանություն չէ:
– Տարիներ շարունակ այդ նույն վարքագի՞ծն է:
– Ցավոք՝ այո:
– Պարոն նախարար, Դուք Դամասկոսում էիք։ Հարցս վերաբերում է Սիրիային, Սփյուռքին, սիրիահայ համայնքին: Կարո՞ղ եք մի փոքր նկարագրել Սիրիայում բնակվող հայերի դրությունը:
– Սիրիայում բնակվող հայերը սիրիական ժողովրդի մաս են կազմում, որն այսօր շատ ծանր դրության մեջ է գտնվում։ Եվ ես կարծում եմ՝ այս իրավիճակից ելք գտնելու համար անհրաժեշտ է, նախ և առաջ, դադարեցնել ռազմական գործողությունները։ Երկրորդ՝ հարկավոր է երկխոսություն սկսել Սիրիայի բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ՝ առանց բացառության։ Երրորդ՝ պետք է հարգել փոքրամասնությունների, ներառյալ՝ քրիստոնյա փոքրամասնությունների, ներառյալ՝ հայ փոքրամասնության իրավունքները։ Չորրորդ` պետք է համախմբել ուժերը՝ ահաբեկչության և ահաբեկչական խմբերի դեմ պայքարելու համար։ Ահաբեկչությունը Մերձավոր Արևելքում՝ ներառյալ այսպես կոչված Իսլամական պետություն, Ալ-Նուսրա և այլ խմբերով հանդերձ, իրական վտանգ են ներկայացնում ոչ միայն փոքրամասնությունների, քրիստոնյաների, այլ ընդհանրապես Մերձավոր Արևելքի ժողովուրդների համար և տարածաշրջանից դուրս: Միջազգային հանրությունը պետք է համախմբի ջանքերը՝ ահաբեկչության դեմ իրենց պայքարում։
– Այս պահին կառավարությունը գործ ունի մի իրավիճակի հետ, երբ մեծ թվով սիրիահայեր վերադառնում են Հայաստան։ Այդպե՞ս է։
– Այո, այսօր մենք Հայաստանում ունենք մոտ 14 հազար սիրիահայ։ Որոշ այլ երկրներում փախստականների թիվը շատ ավելին կարող է լինել, սակայն փոքր Հայաստանի համար սա շատ մեծ թիվ է։
Եվ, իհարկե, մենք փորձում ենք աջակցել նրանց, ովքեր գալիս են Հայաստան։ Սակայն դեռ ունենք մեծ թվով՝ տասնյակ հազարավոր հայեր, ովքեր ապրում են Սիրիայում, այդ թվում՝ Հալեպում։ Շատ բարդ է կոնկրետ թիվ ասել։ Այդ պատճառով էլ մեր գլխավոր հյուպատոսությունը երբեք չդադարեցրեց իր ծառայությունը Հալեպում և այսօր հանդիսանում է այնտեղ գործող միակ դիվանագիտական ներկայացուցչությունը: Իհարկե, մենք ունենք նաև մեր դեսպանությունը Դամասկոսում:
Այդ երկրում ընթացող իրադարձությունների մասին տեղեկատվությունը մեզ հասնում է ոչ միայն դեսպանությունից և գլխավոր հյուպատոսությունից, այլև՝ Սիրիայում բնակվող հայերից։
– Կապված Սփյուռքի հետ. այժմ էլ կցանկանայի խոսել Ռուսաստանից: Հայերի շատ կարևոր համայնք կա Ռուսաստանում՝ որպես մեծաթիվ համայնքներից մեկը: Ես կցանկանայի հարցնել արդյոք վերջին մի քանի ամիսները … ինչ սկսվել է ուկրաինական ճգնաժամը: Ի վերջո Միացյալ Նահանգները, ինչպես նաև Եվրոպական երկրները որոշ պատժամիջոցներ կիրառեցին Ռուսաստանի նկատմամբ, որոնք բացասաբար են ազդել նրա տնտեսության վրա: Կցանկանայի հարցնել՝ արդյոք Ռուսաստանի տնտեսական այս իրավիճակի հետևանքները որևէ կերպ բացասական ազդեցություն են թողել Հայաստանի, Հայաստանի տնտեսության վրա:
– Երբ մենք խոսում ենք հետևանքների մասին, պետք է նշենք, որ հետևանքներն ազդում են ոչ միայն Ռուսաստանի և վերջինիս հետ սերտ տնտեսական կապեր ունեցող երկրների վրա, այլ նաև նրանց, որոնք որոշել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել. բոլորի վրա է ազդեցությունը զգացվում։
Մենք կարծում ենք, որ բոլոր հարցերը պետք է կարգավորվեն երկխոսության, բանակցությունների և ոչ թե ուժի կիրառման, այդ թվում՝ տնտեսական հարկադրանքների միջոցով։
Ինչ վերաբերում է Սփյուռքին, Ռուսաստանում ունենք մեծ հայկական համայնք` մոտ 2,5 միլիոն մարդ։ Ինչպես նաև Ուկրաինայում բնակվող մոտ 500 հազար հայեր ունենք։
– Կապված Հայաստանի հարևան, ինչպե՞ս անվանեմ՝ բարեկամ երկրի հետ. երեկ Տաթևի ճանապարհին՝ հարավում, հանդիպեցինք իրանական համարանիշներով բազմաթիվ բեռնափոխադրող ավտոմեքենաներ։ Հայաստանն Իրանի հետ ունի զարգացած տնտեսական հարաբերություններ։ Ի՞նչ է, պարոն նախարար, Հայաստանն ակնկալում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի և միջնորդների միջև կնքվելիք համաձայնագրից։
– Հայաստանն առաջին երկրների շարքում էր, եթե ոչ առաջինը, որ ողջունեց Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի և վեց երկրների կողմից բանակցված շրջանակային համաձայնությունը, և մենք լիահույս ենք, որ հարցի լուծումը կարող է գտնվել մինչև այս ամսվա վերջ, ինչպես ակնկալվում էր, կամ մոտ ապագայում, և որը կտանի դեպի հիմնահարցի համապարփակ կարգավորում, որը կբխի ոչ միայն Իրանի և հարևան երկրների շահերից, այլև՝ ողջ տարածաշրջանի և անգամ դրանից դուրս։ Այսպիսով, մենք հուսով ենք, որ լուծումը կարող է գտնվել, և տարածաշրջանի երկրները կկարողանան ունենալ ավելի մեծ հնարավորություններ՝ տնտեսական և առևտրային հարաբերությունների զարգացման համար։
– Հայաստանում ես խոսել եմ որոշ մարդկանց հետ և հանդիպել մի շատ հետաքրքիր պատմաբանի՝ պրոֆեսորի: Նա խոսում էր ինձ հետ՝ բացատրելով Ցեղասպանության հետ կապված այն մարդկանց դերի մասին, ովքեր պայքարել են Ցեղասպանության ընթացքում, Օսմանյան զորքերի դեմ ինքնապաշտպանության դիմել որոշ վայրերում, օրինակ՝ Վանում, Մուսա լեռան վրա… Նա ինձ պատմում էր, որ երբ մենք հիշում ենք Ցեղասպանությունը և Ցեղասպանության զոհերին, մենք պետք է նաև հիշենք նրանց, ովքեր դերակատարություն են ունեցել ինքնապաշտպանության մեջ: Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս է կառավարությունը վերաբերվում այն հարցին, որ զոհերի հիշատակման անունը պետք է փոխել զոհերի և հերոսների հիշատակման: Արդյո՞ք այդ ուղղությամբ որևէ աշխատանք տարվում է:
– Մեր Հայ առաքելական եկեղեցին ապրիլի 23-ին՝ 100-րդ տարելիցի նախօրեին, որոշեց սրբադասել Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերին, և մենք Հայոց ցեղասպանության զոհերին ընկալում ենք որպես նահատակներ, որպես սրբեր: Բնականաբար, մեր ժողովուրդը հիշում է իր հերոսներին:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: